Հայ ընթերցողն այսուհետ հնարավորություն կունենա կարդալու լիբանանահայ գրող-արձակագիր Արամ Սեփեթճյանի ստեղծագործությունների ժողովածուն: Սա սփյուռքահայ հեղինակի հինգերորդ հրատարակությունն է, սակայն հատկանշական է նրանով, որ ի տարբերություն մյուսներիՙ լույս է տեսել հայրենիքում: «Հող եւ մորմոք» վերնագիրը կրող ժողովածուն հրատարակել է Հայաստանի գրողների միությունը: Ռամկավար Ազատական կուսակցության անդամ Արամ Սեփեթճյանի նոր գրքի ծնունդը համընկել է ՌԱԿ 80-ամյակի եւ ՀՌԱԿ 10-ամյակի հոբելյանների տոնական հանդիսությունների հետ, եւ նոյեմբերի 25-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Հող եւ մորմոք» ժողովածուի շնորհանդեսն ու գինեձոնը: Հեղինակի այս եւ նախորդ գրքերից իրենց ստացած տպավորությունները կիսեցին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, սփյուռքահայ գրականության մասնագետ դոկտ. Սուրեն Դանիելյանը, գրող եւ քննադատ Ալեքսանդր Թոփչյանը, ամերիկահայ գրաքննադատ Երվանդ Ազատյանը: Վերջում իր երախտագիտության խոսքն ուղղեց հեղինակը:
«Սփյուռքում ծնված յուրաքանչյուր հայալեզու գրքի հրատարակությունը հայրենիքում իրադարձություն է եւ հայրենիք-սփյուռք մշակութային հարաբերություններում եղած պատնեշը կոտրելու համար լուրջ հարված», գրքի հրատարակման առիթով նշում էին ներկաները: Հեղինակին շնորհավորելու եկած հայաստանցի եւ սփյուռքահայ հյուրերի համար ելույթ ունեցան հայ փոքրիկ երաժիշտներըՙ «Նոր անուններ» ծրագիրն իր շուրջն է համախմբել հանրապետության երաժշտական կրթօջախների լավագույն սաներին, որոնք ելույթ են ունեցել աշխարհի տարբեր բեմերում եւ տուն են վերադարձելՙ իրենց հետ բերելով առաջին մրցանակներ: Փոքրիկ երաժիշտներից ոմանք էլ անձամբ ծանոթ էին սփյուռքահայ ռամկավարներից շատերի հետՙ հանդիպել էին համերգային շրջագայության ժամանակ, հյուրընկալվել էին նրանց: Վստահաբար կարելի է ասել, որ այս հրաշամանուկների անունները մենք դեռեւս շատ առիթներ կունենանք լսելուՙ Լիլիթ Գրիգորյան, Գուրգեն Գալստյան, Մհեր Մնացականյան, Հայրապետ Առաքելյան.
«Իհարկե, ցավալի է, որ բազմաթիվ տաղանդաշատ երիտասարդներ հեռանում են Հայաստանիցՙ այլ երկրներում կայանալու համար: Սակայն մխիթարող է այն, որ հայաստանյան «աղբյուրը» շատ առատ է, եւ բոլոր տաղանդները չեն, որ արտագաղթում են: Այսօրվա հրաշամանուկների համերգը ասածիս ապացույցն է, նշեց ՌԱԿ փոխատենապետ Երվանդ Ազատյանը:
Մ. Հ.