«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2001-11-27 | #218, 2001-11-28 | #219, 2001-11-29


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԱՊՀ-Ն ԱՊԱՑՈՒՑԵԼ Է ԻՐ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովի նախօրեին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցերին

-Պարոն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում ԱՊՀ 10-ամյա գործունեության արդյունքը:

- Ետ նայելով Անկախ պետությունների համագործակցության անցած ճանապարհին, կարելի է ասել, որ այս փուլում դրված խնդիրները հիմնականում լուծված են: ԱՊՀ շնորհիվ հաջողվել է մասամբ պահպանել տասնամյակների ընթացքում կուտակած ինտեգրացիոն ներուժը, որն ունեին նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, եւ որի անտեսումն անհեռատես կլիներ: Հաջողվել է ոչ միայն մեղմացնել ապաինտեգրացիոն գործընթացների անվերահսկելի զարգացումը ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, այլեւ նշանակալիորեն պահպանել փոխշահավետ համագործակցության արժեքավոր ավանդույթները: Հաշվի առնելով խնդիրների նմանությունը, որ լուծել եւ լուծում է մեր երկրներից յուրաքանչյուրը, ԱՊՀ-ն հատուկ նշանակություն ունի նաեւ կուտակած փորձի փոխանակման, շատ խնդիրների համատեղ լուծումների որոնման առումով: Անցած տարիների ընթացքում ձեւավորվել են քաղաքական եւ տնտեսական փոխգործակցության բազմաթիվ մեխանիզմներ:

Եթե ուշադիր դիտենք Համագործակցության շրջանակում ստեղծված իրավափաստաթղթային բազան, ակնհայտ է, որ տասը տարիների ընթացքում ձեւավորվել է բարենպաստ ինտեգրացիոն դաշտ: Նշանակալի քայլեր են արվել անվտանգության եւ կայունության ամրապնդման ուղղությամբ, ձեռնարկվել են միջազգային ահաբեկչության եւ կրոնական ֆանատիզմի դեմ պայքարի համատեղ ակտիվ գործողություններ:

Համագործակցության գործունեության կարեւորագույն ուղղությունը, իմ կարծիքով, նրա տնտեսական բաղադրամասն է, եւ չափազանց կարեւոր է ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման անհրաժեշտության գիտակցումը:

Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ առկա բոլոր դժվարություններով հանդերձ, ԱՊՀ-ն ապացուցել է իր կենսունակությունը:

- ԱՊՀ գործունեության մեջ ի՞նչ խնդիրներ եւ ռեզերվներ կարող եք նշել:

- Իհարկե, ամեն ինչ այնպես հարթ չի ընթանում, ինչպես կուզեինք: Շատ որոշումներ ուղղակի չեն աշխատում: Կարծում եմ, սա Համագործակցության հիմնական խնդիրն է: Միաժամանակ, սա միանգամայն բնական է միջպետական կազմակերպության կայացման գործընթացում: Երկրներ կան, որոնք գերադասում են արագ ինտեգրացումը, մյուսները աստիճանական առաջընթացի կողմնակիցներ են: Մեկ անգամ եւս ցանկանում եմ ընդգծել, որ այս խնդիրներն օբյեկտիվ են, եւ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ են ժամանակ, համբերություն եւ հետեւողական աշխատանք:

Գլխավորը Համագործակցության անդամ երկրների քաղաքական կամքի առկայությունն է ինտեգրացման եւ այդ խնդիրների լուծումների որոնման հարցում: Կարեւոր է, որ առաջին պլան մղվեն Համագործակցության անդամ երկրների տնտեսական հետաքրքրության ընդհանրության հետ կապված հարցերը: Անհրաժեշտ է առավելագույն պրագմատիզմ, որի դեպքում հաշվի կառնվեն հենց միավորող գործոնները եւ կընդունվեն տնտեսապես նպատակահարմար որոշումներ: Այդպիսի որոշումները ողջ Համագործակցության ապագայի տեսանկյունից կդառնան համակարգ ձեւավորող: Դա է ուսուցանում միջազգային շատ ընկերակցությունների փորձը, եւ դրանում եմ ես տեսնում ԱՊՀ գործունեության հիմնական ռեզերվը:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4