Պետական պարգեւի հանձնում Երվանդ Ազատյանին
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Ռամկավար Ազատական կուսակցության 80-ամյա եւ ՀՌԱԿ 10-ամյա հոբելյանների առիթով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած կուսակցության ղեկավարներին եւ ներկայացուցիչներին:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս տարվա սեպտեմբերի 20-ի հրամանագրով, ՀՀ Անկախության հռչակման 10-րդ տարեդարձի առթիվ գրականագետ, հրապարակախոս, ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ, կուսակցության մամլո դիվանի ատենապետ Երվանդ Ազատյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Երեկ հանրապետության նախագահը Երվանդ Ազատյանին հանձնել է հայրենիքի բարձր պարգեւը: Շնորհակալությամբ ընդունելով մեդալը, Երվանդ Ազատյանն ասել է, որ այդ պարգեւը ոչ միայն իր գործունեության գնահատանքն է, այլեւ համայն ռամկավար ազատական այն սերնդի, որը նվիրումով ծառայեց հայրենիքին: «Այսօր Ռամկավար Ազատական կուսակցության 80-ամյա եւ ՀՌԱԿ 10-ամյա հոբելյանների առիթով համախմբված ենք այստեղՙ այդ տոնախմբությունը դարձնելու զորակցություն մեր պետականությանն ու երկրի նախագահին», շեշտել է նա: Երվանդ Ազատյանի խոսքով, ռամկավարները միշտ էլ ազատությունը զուգորդել են պատասխանատվության հետ, եւ այսօր էլ, երբ Հայաստանը կերտում է իր ապագան, պատրաստ են շարունակել իրենց զորակցությունըՙ հանուն մեր երկրի ու ժողովրդի բարօրության:
ՌԱԿ ատենապետ Հակոբ Գասարճյանը հանրապետության նախագահին հանձնել է կուսակցության 80-ամյակին նվիրված հուշամեդալ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին, Ռոբերտ Քոչարյանը գնահատելի է համարել, որ Ռամկավար Ազատական կուսակցությունը կարողացավ իր մեջ ուժ գտնել, հաղթահարել վերջին տարիների դժվարությունները եւ հանդես գալ միասնական: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ կուսակցությունը Հայաստան վերադարձավՙ համագործակցության կոչով ու տրամադրությամբ: Նախագահը նշել է, որ ՀՌԱԿ ղեկավարության հետ բավականին ակտիվ շփումներ ունի:
Հանրապետության ղեկավարը համառոտակի անդրադարձել է երկրում տեղի ունեցող գործընթացներին: Խոսելով տնտեսական վիճակի մասին, նա ասել է, որ բոլոր խնդիրներով հանդերձ, տարին փակելու ենք բավական հաջող: Ընդգծելով, որ տնտեսական ցուցանիշների առումով նկատելի է լուրջ տեղաշարժ, Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ ասել է, որ առկա բազան այնքան ցածր է եղել, որ նույնիսկ ինը-տասը տոկոս տնտեսական աճը բոլորի համար զգալի չէ: Նրա խոսքով, եթե առաջիկա երեք տարվա ընթացքում հաջողվի առաջընթացը պահել, ապա բնակչության ավելի լայն խավը դա կզգա իր առօրյա կյանքում:
Հանրապետության նախագահը մեծ նշանակություն է տվել երկրում մարդահամարի անցկացմանը, ինչպես վիճակագրական տվյալները ճշգրտելու առումով, այնպես էլՙ որպես կարեւոր քաղաքական քայլ, որի արդյունքների ամփոփումը հնարավորություն կտա վերջ դնել այդ թեմայով շահարկումներին:
Ռոբերտ Քոչարյանը ներքաղաքական դաշտում վիճակը կայուն է գնահատելՙ նշելով, որ ապակայունացնող ռեսուրսներ չի տեսնում:
Երկրի ղեկավարը պարզաբանումներ է տվել նաեւ կուսակցության ներկայացուցիչներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի վերաբերյալ, որոնք հիմնականում վերաբերել են ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքին, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեությանը, Ազատության պաշտպանության ակտի 907 բանաձեին եւ այլն:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ