ՌԱԿ եւ ՀՌԱԿ ղեկավարներին հյուրընկալեց Արարատի մարզպետը
Ռամկավար Ազատական կուսակցության զույգ հոբելյանները հայրենիքում գտնվող սփյուռքահայերի համար առիթ են հանրապետության մարզերում լինելու, իրավիճակին ծանոթանալու համար: Օրերս հյուրերն այցելեցին Շիրակի մարզ, երեկ եղան Արարատի մարզում: ՌԱԿ եւ ՀՌԱԿ ղեկավարությանը, հայաստանցի եւ սփյուռքահայ ռամկավարներին հյուրընկալեց Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը:
- Ես որեւէ կուսակցության չեմ անդամակցում, նշեց մարզպետը, սակայն մեծ համակրանք եւ խորին հարգանք եմ տածում Ռամկավար Ազատական կուսակցության հանդեպ: Ողջունելի է այն կուսակցության գործունեությունը, որն առաջնային է համարում պետության, ազգի եւ հետո միայն կուսակցության շահը եւ իր առջեւ հիմնական նպատակ ունի նորանկախ Հայաստանի զարգացմանը նպաստել: Երկրում ստեղծված դժվարին կացությունը հաղթահարելու համար աշխատել է պետք եւ ոչ թե փողոցներում գոռալ: Շատ մարդիկ են գալիս Արարատի մարզ պառակտման, իրենց անձնական շահերն առաջ տանելու համար, սակայն մեր մարզի ժողովուրդը միտինգների ժամանակ չունի:
Ալիկ Սարգսյանը հյուրերին պատմեց մարզի տնտեսական դրության մասին: Նրա խոսքերովՙ այս դաշտավայրի բարեբեր հողը բնակիչներին հնարավորություն է տալիս հույսը հողի վրա դնել, իսկ մարզի տնտեսությունը զարգանում է հիմնվելով գյուղմթերքների վրա: Արարատի մարզը լուրջ տնտեսական կապեր ունի Ռուսաստանի Աստրախանի մարզի հետ: Մարզպետը նշեց, որ այստեղ Ռամկավար Ազատական կուսակցությունը ժողովրդականություն է վայելում, եւ օրեցօր աճում է կուսակցության համակիրների թիվը:
ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Գասարճյանի կարծիքով, Հայաստանի զարգացման միտումներն ակնհայտ են, սակայն հաջողության հասնելու համար առաջնայինը ներքին քաղաքական խռովությունների հաղթահարումն է եւ ներդրումների համար պայմանների բարելավումը: ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը համաձայնեց, որ մեր երկրին ներդնողներ են պետք եւ ոչ թե բարեգործներ, նշելով, որ այս հարցը բազմաթիվ այլ խնդիրների հետ քննարկվել է նաեւ ռամկավարների եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առավոտյան տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ