ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դատելով խորհրդարանում ներկայացված ուժերիՙ սահմանադրության առկա նախագծերի հանդեպ նախնական վերաբերմունքից, կարելի է եզրակացնել, որ եթե այս պահին դրանք հանրաքվեի դնելու հարցով քվեարկվեն, նախագահական տարբերակը հաղթանակ է տանելու: Առանձին քաղաքական ուժեր դա բացատրում են անցումային շրջանում նախագահական կառավարման համակարգի նպատակահարմարությամբ: Սակայն սահմանադրությունն այն փաստաթուղթն է, որի վերջնական ընդունել-չընդունելու հարցը վճռում է միայն ժողովուրդը: Բնականաբար նա է որոշողըՙ իրեն նախագահակա՞ն, թե՞ պառլամենտական կառավարման համակարգ է անհրաժեշտ: Այդ տեսակետից քաղաքական շրջանակներին միայն մնում է հասարակությանը փաստերով փորձել համոզել այս կամ այն տարբերակի նախընտրելիությունը: Սակայն մինչ այդ խորհրդարանին է պատկանում լուծելու ճակատագրական այն հարցի վճռումը, թե արդյոք ինքը նախագահական տարբերակին զուգահեռ հանրաքվեի դնելո՞ւ է այլընտրանքային տարբերակ, թե՞ ոչ: Ըստ էության այդ հարցի հստակեցումը կարող է վճռել նաեւ հանրաքվեի ելքը: Եթե ժողովրդի դատին ներկայացվի նախագծերից միայն մեկը, ապա գործադրվելու է 1995-ի մեխանիզմըՙ ժողովրդի վզին փաթաթել որեւէ «մեկի հագով կարված» սահմանադրություն, իսկ եթե երկու նախագիծ միաժամանակ է հանրաքվեի դրվելու, ապա ժողովուրդը ընտրելու հնարավորություն կունենա, իսկ իշխանություններըՙ հանրաքվեի ելքի վրա ազդելու ավելի քիչ հնարավորություն:
Սակայն այս պարագայում առաջանում է մեկ խնդիր: Եթե հանրաքվեի են դրվում երկու եւ ավելի նախագծեր, ապա շատ հնարավոր էՙ դրանցից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքի եւ բարեփոխումների գործընթացը պարզապես տապալվի: Գործող սահմանադրության հոդված 113-ը հստակ սահմանում է. «Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների 1/3-ը»: Եվ քանի որ, ըստ նախկին հաշվարկների, ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների 1/3-ը կազմում է մոտավորապես 730 հազար ընտրող (վերջին մարդահամարի տվյալները դեռեւս հայտնի չեն), ապա առնվազն այդքան քաղաքացիներ պետք է կողմ քվեարկեն նախագծերից որեւէ մեկին: Արդյոք երկու նախագծերից որեւէ մեկին կտրվի՞ այդքան ձայն, դժվար է ասել:
Այս տեսակետից խիստ կարեւորվում է սահմանադրության փոփոխությանն առնչվող քննարկումների հրապարակայնությունը, հասարակության անուղղակի մասնակցությունը դրանց, եւ որ ավելի կարեւոր էՙ բոլոր նախագծերը մեկ հարթության վրա դիտարկելը: Դրա առաջին քայլը խորհրդարանն արդեն կատարել է, եւ ներկայացված երեք նախագծերն էլ երեք ամսվա ընթացքում քննարկելու խնդիր է դրել ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի վրա, որն ուզի թե չուզի, անկախ ամեն ինչից, պարտավոր է բոլոր նախագծերն էլ հրապարակային քննարկել եւ դրանց վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել:
Այս առումով առնվազն անտեղի է նույն հանձնաժողովի անդամ, նախագծերից մեկի համահեղինակ Շավարշ Քոչարյանի այն մտայնությունը, թե հանձնաժողովը փորձում է պառլամենտական նախագծերն առանձին, նախագահի ներկայացրածն առանձին քննարկել, որպեսզի վերջինից հասարակությունը հնարավորինս քիչ տեղեկացվի: Այսինքն, ըստ Քոչարյանի, փորձ է արվում կրկնել 95-ի տարբերակը եւ ժողովրդին պարտադրել բոլորի համար անծանոթ նախագահական նախագիծը, որը, պատգամավորի եզրակացությամբ, մի քանի լուրջ թերություն ունի: Դրանք կապված են նախագահին 18 նոր լիազորություններ տրամադրելու, ինքնակառավարման համակարգի ավագանուն կառավարության կողմից ուզած պահին լուծարելու, գործադիրից դատական իշխանության կապվածության մեծացման եւ այլնի հետ: Սակայն հանձնաժողովը դեռեւս նոր է ստեղծվել, եւ Շավարշ Քոչարյանը, որպես դրա անդամ, կարող է իր փաստարկները ներկայացնել եւ նախագահական տարբերակը բարելավելու առաջարկներով հանդես գալ, առավել եւս, որ նման պատրաստակամություն հայտնում է: Մյուս կողմից, հենց խորհրդարանի որոշելիք խնդիրն է մեկ կամ երկու նախագիծ հանրաքվեի դնելու հարցը, այնպես որ դա զուտ քաղաքական կամքի դրսեւորում կարող է լինել:
Ըստ Շավարշ Քոչարյանի, իրենք բանակցություններ են վարում Կոմկուսի հետ մեկ ընդհանուր նախագիծ ներկայացնելու նպատակով: Դրա հիմնական դրդապատճառը թերեւս նախագահական նախագծին ընդդիմադիր մեկ ավելի ուժեղ եւ միասնական ճամբար ստեղծելն է, ինչն առողջ բանավեճ ծավալելու համար լուրջ գործնական քայլ կարող է լինել: Եթե խորհրդարանը իր մեծ օրակարգ մտած այդ երկու նախագծերի քննարկման արդյունքում, այնուամենայնիվ, որոշի որպես այլընտրանք ներկայացնել նաեւ խորհրդարանական տարբերակը, ապա իսկապես քաղաքական հարց կարող է լուծվել նաեւ Շ. Քոչարյանի մտավախությունը փարատելու ուղղությամբ: Միաժամանակ խորհրդարանն իր վրայից կարող է հանել նախագահի ներկայացրած տարբերակը ժողովրդին պարտադրելու գործընթացը խթանելու պատասխանատվությունը եւ այն փոխանցել հենց նախագահին, որը ստիպված կլինի որոշելՙ խորհրդարանական տարբերակին դնե՞լ վետո, թե՞ ոչ: Չմոռանանք, որ վետո դնելուց հետո խորհրդարանը հնարավոր է չկարողանա երկու երրորդ ձայներով հաղթահարել այն: