«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2001-11-27 | #218, 2001-11-28 | #219, 2001-11-29


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՀԻՄՆ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՆՊԱՍՏԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

Նոյեմբերի 22-ին «Թուրք գիտնականը չի խոստովանում, որ Անատոլիան թուրքերի հայրենիքը չէ, պարզապես այդ խոստովանությունը վերագրվում է նրան» խորագրով «Ազգն» անդրադարձավ «Նոյյան տապանի» ս. թ. նոյեմբերի 16-ի հաղորդագրությանը: Անդրադարձում ընթեցողի ուշադրությունը հրավիրվում էր Չիկագոյի գիտաժողովի վրա, որտեղ իբր Հալիլ Բերքթայը հայտարարել է, թե Թուրքիան զավթել է հայ ժողովրդի պատմական հայրենիքը, եւ այդ հայտարարության ինքնակամ վերագրմանը թուրքական «Այդընլըք» հանդեսին:

Այս հանդեսը հոկտեմբերի 28-ի համարում Բերքթայի հայտարարության մասին չի հայտնել, պարզապես հրատարակել է Արդա Օդաբաշիի հոդվածը: Ուրեմն, եթե խոսքը վերաբերում է թուրք գիտնականի հայտարարությանը, ապա այդ մասին հայտնելը պետք է հոդվածագրին վերագրվի, այլ ոչ թե «Այդընլըք» հանդեսին: Մինչդեռ Օդաբաշին իր հոդվածով Չիկագոյի գիտաժողովում այդպիսի հայտարարություն անելու համար կշտամբում է Բերքթային, եւ կշտամբելիս տեղեկացնում է, որ 2000 թ. մարտի 17-19-ը կազմակերպված այդ գիտաժողովը եղել է դռնփակ, այդ իսկ պատճառով մամուլը չի կարողացել անդրադառնալ մասնակիցների ելույթներին:

Ակամա հարց է ծագումՙ եթե գիտաժողովը դռնփակ է, եւ մամուլը չի անդրադարձել ելույթներին, ապա Օդաբաշին որտեղի՞ց գիտի Բերքթայի վերոհիշյալ հայտարարության մասին. ԱՄՆ-ում գործող «Կոմիտասի» ինստիտուտի ինտերնետային «Հայկական ֆորում» էջի խմբագիր Վինսանթ Լիմայի խոսքերից, թե Բերքթայը Չիկագոյի գիտաժողովում այդպես է ասել: Բերքթային կշտամբելը մի բան է, կշտամբող հոդվածի հրատարակումըՙ մեկ ուրիշ, իսկ կշտամբանքը իբրեւ խոստովանություն ներկայացնելըՙ բոլորովին այլ բան: «Նոյյան տապանը» նոյեմբերի 16-ի հաղորդագրությամբ թե հոդվածագիր Օդաբաշիի կշտամբանքը ներկայացնում է որպես թուրք գիտնականի խոստովանություն եւ թե այդ խոստովանության մասին ԱՄՆ-ում գործող ինստիտուտի ինտերնետային էջի խմբագրի վկայությունը վերագրում է Թուրքիայում հրատարակվող հանդեսին:

Եթե այս մոտեցումը տարօրինակ չէ, ապա քաղաքական լավատեսության անհիմն քարոզ է: Ցավոք, քարոզչության համար հիմք է ընդունվում թուրք գիտնականի դռնփակ գիտաժողովում արտասանած խոսքերի չստուգված վկայությունը, եւ դա ծավալվում է հօգուտ այն պետության մամուլի, որի արտգործնախարարությունը 2000 թ. նոյեմբերի 13-ին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առնչությամբ «Սեփական պատմության հետ հաշտվելու եւ հարեւանների նկատմամբ թշնամական քաղաքականությունից հրաժարվելու» կոչ էր անում Հայաստանին, իսկ խորհրդարանըՙ Մեջլիսը, 2001 թ. փետրվարի 12-ին ընդունում էր Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտող օրինագիծ եւ ի լուր աշխարհի հայտարարում. «Թուրքիան մերժում է պատմականորեն չապացուցված Հայոց ցեղասպանության մասին պնդումները եւ դրանք որակում թշնամական քայլ»: Այս ամենով հանդերձ, կարծում ենք, ավելորդ չի լինի «Այդընլըք» հանդեսի խնդրո առարկա հոդվածը «Ակօսի» արտատպությամբ թարգմանաբար ներկայացնել ձեր ուշադրությանը:

Հ. Չ.

«Այդընլըք» հանդեսը հոկտեմբերի 28-ի համարում հրապարակեց Արդա Օդաբաշիի հոդվածը, որտեղ նախ գրելով, թե «Սաբանջի» համալսարանի դասախոսներից Հալիլ Բերքթայը անկախության պատերազմը գնահատել է որպես Թուրքահայաստանի նվաճում, բազմաթիվ կշտամբանքներ է հասցեագրել գիտնականին (այս հակիրճ նախաբանից հետո «Ակօսը» շարադրում է հոդվածը):

Բերքթայն իր տեսակետներն արտահայտել էր 2000 թ. մարտի 17-19-ին Չիկագոյում այսպես կոչված Հայոց ցեղասպանության թեմայով կազմակերպված գիտաժողովում: Մամուլում գիտաժողովի, ինչպես նաեւ զեկուցումների մասին տեղեկություններ չեն հրապարակվել: Բայց եւ այնպես, Կոմիտասի ինստիտուտի ինտերնետային «Հայկական ֆորում» էջի խմբագիր Վինսանթ Լիման Չիկագոյի գիտաժողովի մասին ուշագրավ տեղեկություններ է հայտնում: Ըստ գիտաժողովի մասնակից Լիմայի, գիտաժողովը Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, պատմաբան Ռոնալդ Սյունիի հետ կազմակերպել է Միչիգանի համալսարանի դասախոս Ֆաթմա Գյոքչեքից, պրոֆ. Պարտագճյանից, Ստեֆանի Պլացից եւ Քեն Չըրչից կազմված մի կոմիտե: Լիման նշում է, որ գիտաժողովը դռնփակ էր, ուստի չի կարող մանրամասնել, թե ով ինչ է ասել: Ոմանք գիտաժողովին մասնակցել են նաեւ Թուրքիայից: Սրանց գլխավորում է ցեղասպանության գիտաժողովների վաստակաշատ մասնակից Թաներ Աքչամը: Ըստ Լիմայի, որը գիտաժողովը համարում է հոյակապ, լռության պատի վրա առաջին լուրջ ճեղքվածքն առաջացել է Թաներ Աքչամի եւ Ֆիքրեթ Ադանըրի հայկական հարցին առնչվող աշխատություններով: Թեեւ, Լիմայի կարծիքով, որքան էլ հեռու լինի լռության պատի փլուզումը, այնուամենայնիվ, Չիկագոյի գիտաժողովը մի մեծ ճեղքվածք է բացել այդ պատում: Լիման գիտաժողովի նշանակությունը շեշտելու մղումով ասում է, որ դրա համար պետք է շնորհակալ լինել: Ինչ վերաբերում է գիտաժողովում Բեքթայի զեկուցմանը, ապա նա մատուցել է Առաջին համաշխարհային պատերազմի շրջանի առնչությամբ թուրք պատմագրության մեջ ամրացած տեսակետներին հակառակ տեսակետներ: Բերքթայը գտնում է, որ ներկայումս Թուրքահայաստանի առնչությամբ գոյություն ունեն պատրանքներ, թեեւ Անատոլիան սովորաբար թուրքերին հայրենիք է թվում, սակայն 1915-ին նրանք այդ հետամնաց տարածքին անծանոթ էին: Առաջին համաշխարհային պատերազմից հետո թուրքերն այս տարածքը վերստին գրավեցին: Ըստ Բերքթայի, 1918-ից հետո, այսինքնՙ անկախության պատերազմի ընթացքում, թուրքերը, Բերքթայի բնութագրմամբ, զավթել են հայերի հայրենիք Անատոլիանՙ Թուրքահայաստանը: Բերքթայը, ժխտելով Անատոլիայի թուրքական պատկանելությունը, պնդում է, որ ազգային անկախության պայքարը եղել է նվաճողական պատերազմ: Ելնելով Բերքթայի վերանվաճում արտահայտությունից, դժվար չէ կռահել, որ նա Մանազկերտի ճակատամարտը համարում է Անատոլիայի առաջին նվաճում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4