«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2001-11-27 | #218, 2001-11-28 | #219, 2001-11-29


ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՙ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՄԻ ԽԵԼՔԻ

Սակայն Նաիրի Հունանյանը շտապում է, Կարեն Հունանյանըՙ դանդաղում

Ամբաստանյալ Կարեն Հունանյանը, որի ցուցմունքներին այդքան անհամբերությամբ սպասում էին դատավարության մասնակիցներն ու առհասարակ հետաքրքրվողները, երեկ իրոք սկսեց խոսել, սակայն այդ անհոդաբաշխ խոսքն ու աղքատիկ մտքերի անիմաստ կրկնությունները ցուցմունք ո՚չ մի կերպ չես անվանի: Ըստ էության, ամբաստանյալը ողջ նիստի ընթացքում ասես ծաղրում էր դատավարության մասնակիցներինՙ «Հոկտեմբերի 27»-ի գործին առնչվող կարեւոր ոչինչ չհաղորդելով: Փոխարենը նա մի քանի ժամ շարունակ «արդուկում» էր ներկաների ուղեղներըՙ 1988-ից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր մեծ ու փոքր իրադարձությունները թվարկելով, դրանք վերլուծելով, ապա արդեն վերլուծածը նորից ու նորից մեկնաբանելով: Առաջին հայացքից թվում է, թե սա ի՞նչ խնդիր է, մի՞թե դժվար է այդ մեն-միակ ամբաստանյալին դատավարության բնականոն ընթացքին ենթարկելը, վերջիվերջոՙ նրա քմահաճույքով չշարժվելը: Սակայն արի ու տես, որ խնդիրն այնքան էլ հեշտ լուծելի չէ, որքան թվում է: Հենց որ ամբաստանյալին դիտողություն էին անում շաղակրատելու համար, կամ նրան անհաճո հարցեր ուղղում, փորձում տեղավորել ամբաստանյալի կարգավիճակով ենթադրված սահմաններում, նա անմիջապես ընդունում էր մահացու վիրավորվածի կեցվածք ու փաստորեն սպառնում (այլ բառով չենք կարող բնորոշել), թե առհասարակ կդադարեցնի ցուցմունք տալը: Իսկ նրա կողմից այդօրինակ քայլի դիմելը կնշանակեր հետաձգել առանց այդ էլ ինչ-որ չափով «պաղած» դատավարությունը: Այնպես որ, ներկաները ստիպված էին համբերությամբ զինվել, ատամները սեղմել եւ համակերպվել նրա բարբաջանքը լսելու տխուր հեռանկարին.

Սակայն վերադառնանք նիստի առավոտյան անցուդարձին: Առավոտը «նշանավորվեց» ամբաստանյալ Նաիրի Հունանյանի մի հայտարարությամբ, որով դժգոհում էր ԱԱՆ մեկուսարանի աշխատակիցներից. վերջիններս, ըստ ամբաստանյալի, հակաիրավական քայլի են դիմումՙ անօրինական կերպով տեղեկանում են իր եւ դատապաշտպան Բենիամին Մինասյանի զրույցների բովանդակությանը: Ըստ այդմ էլ նա պահանջեց, որ իր պաշտպանի հետ առաջիկա տեսակցության ընթացքում զրույցի գաղտնիության պայմանը չխախտվի:

Այնուհետեւ Կ. Դեմիրճյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը միջնորդությամբ հանդես եկավՙ պահանջելով, որ Կարեն Հունանյանի հարցաքննության ժամանակ նրա եղբայրը դատարանի դահլիճում ներկա չլինի, քանզի Կարենը կարող է կաշկանդվել նրա ներկայությունից, ճիշտ ցուցմունք չտալ եւ այլն: Հայտնի է, որ նա գտնվել ու գտնվում է եղբոր ազդեցության տակ: Ապա նույն բովանդակությամբ միջնորդություն հնչեցրեց Սարգսյանների շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Ջանոյանըՙ հավելելով նաեւ, որ ամբաստանյալներն առհասարակ հարցաքննվեն յուրաքանչյուրն առանձին-առանձին, քանզի միմյանց ներկայությամբ նրանք չեն կարող ազատվել ազգակցական ու ընկերական կապերի պարտավորեցնող բեռից: Այստեղ «ճիշտ» ժամանակին միջամտեց Նաիրի Հունանյանըՙ համառոտ մի «դասընթաց» անցկացնելով դատավարության հետագա ընթացքի կազմակերպման վերաբերյալՙ հատուկ դատավարության մասնակիցների մասնագիտական որակը «բարձրացնելու» նպատակով: «Առանց այդ էլ 2 ամիս վատնել եք իմ ցուցմունքները հրապարակելու համար: Դատավարությունն արհեստականորեն կձգձգվի, եթե ամեն մեկիս ցուցմունքները մյուսների համար հրապարակեք: Ինչ վերաբերում է իմՙ մյուսների վրա ազդեցություն ունենալու հանգամանքին, ապա ես ոչ միայն ամբաստանյալներին եմ կառավարում, այլեւ այստեղ նստած բոլորիդ.», հայտարարեց նա լկտի կերպով: Հունանյանի պաշտպանը համակարծիք էր դատավարությունը ձգձգելու նրա տեսակետին: Հայտնի չէՙ այս վիճահարույց խնդիրն ինչպես կլուծվեր, եթե մեղադրող կողմն այդ պահին չարտահայտեր իր կարծիքը: Փոքր-ինչ անակնկալ էր նրանց տեսակետը, համաձայն որիՙ մյուս ամբաստանյալներն այդուհանդերձ պիտի ներկա գտնվեն միմյանց հարցաքննությանը: Դատավարությունն իբր արհեստականորեն ձգելուՙ Հունանյանի «մտավախության» կապակցությամբ փաստաբան Ա. Սարգսյանը տեղին մի հարց ուղղեց դատարանին. «Հետաքրքիր է իմանալ, այդ ո՞ւր է այսքան շտապում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը.»:

Այդուհանդերձ, դատարանը մերժեց տուժող կողմի փաստաբանների միջնորդությունը բավարարել, դահլիճում նստածների շարքերում որոշ ընդվզում առաջացավ: Եվ այս պահից մենք պիտի վերստին վերադառնանք դատական նիստի այն դրվագին, որից սկսել էինք մեր թերեւս փոքր-ինչ նյարդային շարադրանքը: Իբր ցուցմունք տալու այդ պահից սկսածՙ ամբաստանյալ Կ. Հունանյանը խոսեց աշխարհի բոլոր թեմաներից, բացի բուն նյութից: Նրա ստեղծած նյարդային մթնոլորտում տուժող կողմի փաստաբանները, ամբաստանյալների դատապաշտպաններն ու մեղադրող կողմի ներկայացուցիչները, երեւի իրավիճակի անելանելիությունից, սկսեցին «լիցքաթափվել»ՙ վիճաբանելով, նույնիսկ վիրավորելով իրար: Մինչդեռ ամբաստանյալը փիլիսոփայում էր ու փիլիսոփայում.

ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4