«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2001-11-27 | #218, 2001-11-28 | #219, 2001-11-29


ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏԵՑ ՎԵՐՋՆԱԳԻԾԸ

«Զվարթնոցն» առաջին անգամ մրցանակակիր

Եվ այսպես, ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանականՙ 10-րդ առաջնությունը հատեց վերջնագիծը: Ավարտական տուրն անվանեց առաջնության արծաթե եւ բրոնզե մրցանակակիրներին: Առաջնության պարգեւներին հավակնում էին երեք թիմերՙ «Զվարթնոցը», «Սպարտակը» եւ «Շիրակը», որոնց մասնակցությամբ հանդիպումներն էլ որոշակի հետաքրքրություն էին ներկայացնում:

Եթե «Շիրակի» եւ «Սպարտակի» հաղթանակները կասկած չէին հարուցում, քանի որ նրանց մրցակիցներն առաջնությունում անհաջող հանդես եկող «Դինամոն» ու «Կոտայքն» էին, ապա «Զվարթնոցի» խնդիրը թերեւս ավելի բարդ էր, քանի որ մրցելու էր չեմպիոնի հետ: Ոսկեհատում կայացած հանդիպումն աչքի ընկավ գոլերի առատությամբ: «Փյունիկը», չգիտես ինչու, խաղադաշտ էր դուրս եկել երիտասարդական կազմով: Դա էլ շատ բանով կանխորոշեց մրցակցության ելքը: Խաղասկիզբը հաջող էր «Զվարթնոցի» համար, որն առաջին 25 րոպեներին երկու անգամ գրավեց Կարեն Բաբայանի պաշտպանած դարպասը: Ճիշտ է, ընդմիջումից քիչ առաջ թիմի ավագի պարտականությունները կատարող Արթուր Քոչարյանը կրճատեց հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսում խաղադաշտ մտած Քարամյան եղբայրները զգալիորեն ուժեղացրին թիմի հարձակողական գործողությունները: Առաջնության լավագույն ռմբարկուն ի վերջո խփեց իր գոլը, եւ 21 գնդակով ավարտեց մրցաշրջանըՙ անհասանելի դառնալով հակառակորդների համար:

«Զվարթնոցը» հաղթեց 5-3 հաշվով եւ իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ առաջնության մրցանակակիր, որի առթիվ շնորհավորում ենք կոլեկտիվին: Թե «Շիրակը» եւ թե «Սպարտակը» խոշոր հաշվով հաղթանակներ տոնեցին: «Շիրակում» հաճելի անակնկալ մատուցեց երիտասարդ Անդրանիկ Բարիկյանըՙ դառնալով «հեթ-տրիկի» հեղինակ: «Սպարտակում» կրկին արդյունավետ խաղով աչքի ընկան Արամ եւ Հայկ Հակոբյանները, որոնք դարձան խփված բոլոր 4 գոլերի հեղինակները: Այս անգամ ավելի դիպուկ գտնվեց Արամըՙ դառնալով «հեթ-տրիկի» հեղինակ: Այս երկու ֆուտբոլիստների միջեւ պայքար էր ընթանում «Սպարտակի» լավագույն ռմբարկուի կոչման համար: Հայկը մեկ գնդակով գերազանցեց Արամին:

Վանաձորում «Լոռին» հյուրընկալել էր «Արարատին»: Խաղի արդյունքը կարեւոր էր միայն «Արարատի» համար: Հաղթանակի դեպքում արարատցիները կշրջանցեին «Միկային» եւ տեղ կզբաղեցնեին լավագույն հնգյակում: Ինչպես նշեց հանդիպման տեսուչ Սեդրակ Առաքելյանը, խաղն անցավ կոռեկտ պայքարում, արարատցիների խաղային եւ տերիտորիալ առավելությամբ: Ի պատիվ դաշտի տերերի, նրանք պայքարեցին մինչեւ վերջ եւ ներդրեցին իրենց ողջ կարողությունները: «Լոռին» 2 անգամ 11 մ հարվածի իրավունք ստացավ, սակայն երկու դեպքում էլ հիանալի խաղաց «Արարատի» դարպասապահ Գեորգի Խաչատրյանըՙ ետ մղելով հարվածները:

Հարկ է նշել նաեւ մարզադաշտի տնօրինության կազմակերպչական աշխատանքը. խաղադաշտը նախապատրաստել էին հանդիպմանը, ներքին գործերի աշխատակիցները հստակ կատարում էին իրենց պարտականությունները: Մի խոսքով, հանդիպումն անցավ նորմալ պայմաններում:

Խաղերի արձանագրություններից

«Փյունիկ»-«Զվարթնոց»ՙ 3-5 (1-3)

0-1ՙ Լեւոն Մկրտչյան (14), 0-2ՙ Սարգիս Նազարյան (25), 1-2ՙ Արթուր Քոչարյան (43), 1-3ՙ Մհեր Ավանեսյան (44), 1-4ՙ Սարգիս Նազարյան (51), 2-4ՙ Արման Քարամյան (59), 3-4ՙ Արտակ Հովհաննիսյան (75), 3-5ՙ Մհեր Ավանեսյան (90):

«Դինամո»-«Շիրակ»ՙ1-4 (1-2)

1-0ՙ Գալուստ Պետրոսյան (14), 1-1, 1-2, 1-3ՙ Անդրանիկ Բարիկյան (18, 44, 66), 1-4ՙ Արարատ Հարությունյան (72):

«Կոտայք»-«Սպարտակ»ՙ 0-4 (0-2)

0-1ՙ Արամ Հակոբյան (10ՙ 11 մ), 0-2ՙ Հայկ Հակոբյան (12), 0-3, 0-4ՙ Արամ Հակոբյան (56. 68):

«Լոռի»-«Արարատ»ՙ 0-3 (0-3)

0-1ՙ Դավիթ Ասրյան (9), 0-2ՙ Արամ Սարգսյան (11), 0-3ՙ Անուշավան Փահլեւանյան (41)

32-րդ րոպեին Գագիկ Հարությունյանը եւ 59-րդ րոպեին Վիլեն Հարությունյանը (երկուսն էլՙ «Լոռի») չիրացրին 11 մ-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4