Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նախաձեռնել է Գյումրիում գործող լրագրողների զարգացման եւ աջակցության մի ծրագիր, որն իրականացնում է «Համաշխարհային ուսուցում» ամերիկյան հասարակական կազմակերպության մասնակի աջակցությամբ: Անցյալ շաբաթվանից սկսված համակարգչի եռամսյա դասընթացներում ընդգրկված լրագրողները կսովորեն տեքստերի հավաքում, տպում, համակարգչում անձնական օգտագործման տեղեկատվական բազայի ստեղծում, էլեկտրոնային փոստի, ինտերնետի օգտագործում: Ձեռնարկը ներառում է նաեւ ժուռնալիստական ու քաղաքացիական որոշ նեղ-մասնագիտական դասընթացներՙ ԶԼՄ դուալիստական բնույթը, կոնֆլիկտների ժուռնալիստիկա, ՀՀ ԶԼՄ օրենսդրություն, քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարություն եւ այլն: Ծրագրի շարունակությունը կլինի խոստացվող տեխնիկական աջակցությունը: Օրինակ, եթե մասնագիտական կամ աշխատանքային առումով հարկավոր է համակարգչով որեւէ տեքստ հավաքել, տպել կամ էլեկտրոնային փոստով ուղարկել, լրագրողը դա կարող է անել ակումբում անվճար:
Մանավանդ այս վերջինով, ինչպես եւ համակարգչային անվճար դասընթացներով, «Ասպարեզ» ակումբը մարզի լրագրողների համար էական մի բաց է լրացնում: Խոսքը վերաբերում է մասնավորապես հանրապետական լրատվամիջոցների տեղական թղթակիցներին, որոնց աշխատանքը մշտապես կապված է հեռահաղորդակցման հետ, եւ որոնց զարգացման ու աջակցության խնդիրը սովորաբար դուրս է մնում նաեւ լրագրողների համար այդպիսի ծրագրեր իրականացնող տարբեր կազմակերպությունների ուշադրությունից:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ