«Մարմանդ» ձմռանն ընդառաջ
Այս տարվա «թեժ աշունը» մահացավ նոյեմբերի կեսից տեղացած առաջին ձյան հետ: Արմատական ընդդիմությունը մի տեսակ «ձմեռային քնի» մեջ է մտելՙ միաժամանակ փորձելով պարզել, թե ինչու իրենց խոստացած թեժությունն այսպիսի անփառունակ վախճան ունեցավ:
Արմատական նախկին եռյակին (Գեղամյանի հայտարարություններից հետո դարձել է երկյակ) այդպես էլ չհաջողվեց ստեղծել հակաքոչարյանական այն հզոր ալիքը, որը հնարավոր կդարձներ իմփիչմենթի գործընթացը հասցնել ավարտին: Այդ կոչերով հանդես եկողների ֆորմատը չփոխվեցՙ հստակ արձանագրելով, որ ընդդիմադիր դաշտի մյուս ուժերը կամ իրատեսական չեն համարում եռյակի ներկայացրած վայ-փաստերով իշխանափոխություն իրականացնելը, կամ պարզապես չեն վստահում այդ միավորմանըՙ նախկինների հետ վերջիններիս ունեցած տարօրինակ հարաբերություններից ելնելով: Ավելինՙ եռյակը կորցրեց իր հզոր «գաղափարախոսներին», որոնցից մեկն ըստ էության արմատական միավորման կնքահայրերից էրՙ Աշոտ Մանուչարյանը, երկրորդըՙ Քոչարյանին հարվածող ամենահզոր «թնդանոթը»ՙ Արտաշես Գեղամյանը: Հատկանշական է, որ երկար լռությունից հետո Մանուչարյանն ինքն արմատական եռյակի գործունեությունը պրիմիտիվ որակեցՙ նրանց պայքարը համարելով իշխանական: Եթե հաշվի առնենք «Հանրապետության» եւ ՀԺԿ-ի հանդեպ այս անհատի նախկին «սիրատոչոր» վերաբերմունքը եւ տարվող աշխատանքներից ու նպատակներից նրա առավել տեղեկացված լինելու հանգամանքը, ապա Մանուչարյանի այս վերջին «հայտնագործությունը» լուրջ, արդեն մեզ հայտնի հիմնավորվածությունն ունի:
Սակայն որքան էլ Մանուչարյանն իրեն հատուկ հետեւողականությամբ ապակայունացման սերմեր ցանելուց հետո հերթական անգամ նահանջեց, Գեղամյանի գործոնը բոլորովին այլ էր: Մի կողմիցՙ նախկիններին այդքան քարկոծող Գեղամյանը չէր կարող չնկատել ՀՀՇ-ի եւ իր «գաղափարակիցների» անթաքույց փոխադարձ համակրանքը, մյուս կողմիցՙ պարզապես հնարավորություն չունեցավ արմատական ընդդիմության լիդերության «գավազանն» իր ձեռքը վերցնել եւ շարժումը փրկել ՀՀՇ-ական ճիրաններից: Ըստ էության Գեղամյանը հատկապես այս տեսակետից, իսկ Մանուչարյանն իր մարտավարությունից եւ փորձից ելնելով հասկացան, որ արմատականներն այսպես շարունակելու դեպքում ոչնչի հասնել չեն կարող:
Արմատականների ամբիցիաների պարտությունը շատ ավելի կապված էր հենց ընտրած տակտիկայի սխալ կառուցման հետ: Ուշադրություն դարձնենք, որ իմփիչմենթին հասնելու համար արմատականները փորձեցին օգտագործել 88-ի համազգային շարժման ատրիբուտները, հանրահավաքներ եւ այն էլ Մատենադարանին հարող տարածքում: Սակայն արմատականները մոռացել էին, որ ցանկացած պարագայում իշխանատենչությունը եւ անգամ ամենավատ նախագահի տապալումը չէր կարող մեր ժամանակներում 88-ի չափանիշներով անկախացման եւ միացման գաղափարներ ունենալ, առավել եւս նման գաղափարներ նրանք ընդհանրապես չէին էլ հիշում: Խաղալով մարդկանց նվիրվական հիշողությունների հետ, նրանք ոչ միայն հեղինակազրկեցին հանրահավաքային պայքարի էությունը, այլեւ ստվեր ձգեցին շարժման նշանակության վրաՙ իրենց անձնավորված ու իշխանատենչական պայքարը փորձելով ներկայացնել համազգային գույներով:
Սակայն երանգներն այսքան մռայլ չէին կարող լինել, եթե արմատականներն առաջ քաշեին պայքարի ամենադասական ատրիբուտները. ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս գալու իրատեսական ծրագիր եւ առաջնորդ, որի անմիջական վերահսկողության ու ջանքերի շնորհիվ հնարավոր կլիներ իրագործել այդ ծրագիրը: Ամեն անգամ խոսելով դրա գոյության մասինՙ ոչ մի անգամ որեւէ ծրագրային դրույթ, սկզբունք չներկայացվեց, որեւէ մեկը, անգամ իրեն տնտեսության զարգացման գիտակ համարող Գեղամյանը, չպարզաբանեց, թե կոնկրետ ինչքան կարող է բարձրացնել կենսաթոշակները, աշխատատեղեր ստեղծել, կոռուպցիան եւ ստվերայնությունը հնարավորինս կրճատել եւ այլն: Դա շատ վտանգավոր երեւույթ է, որը ոչ միայն կարող է վերջնականապես աղավաղել քաղաքական դաշտում ընդդիմության նշանակությունը, այլեւ իշխանություններին կարող է առիթ տալ գործելու այն տրամաբանությամբ, որ իրենց ոչ ոք խանգարել չի կարող, իրենցից բացի ոչ ոք ընդունակ չէ ծրագրեր առաջարկել եւ իրագործել: Փաստորեն հենց արմատականների շնորհիվ հասարակության մեջ ընդդիմության ձեւական, ծախված լինելու ստերեոտիպ է ձեւավորվել:
Եթե սրան էլ գումարենք այն հանգամանքը, որ իշխանափոխության կոչեր են հնչեցնում այս իշխանության նախկին ներկայացուցիչները, որոնք հենց իրենց նախկին գործունեությամբ են վկայում իշխանության գալուց հետո իրենց գործելաոճի մասին (թերեւս բացի Արամ Սարգսյանից, որը շատ ավելի երկրում կայունության պահպանման ֆիգուր էր եւ առաջինը ուշադրություն դարձրեց երկրում արդյունաբերության զարգացմանը) պատկերը ամբողջովին պարզ է դառնում: Պատահական չէ, որ հասարակության մեջ հարց է ծագում, ինչո՞ւ, ասենք, քաղաքապետ եղած ժամանակ Բազեյանը, նախկին պետեկամուտների նախարար Սմբատ Այվազյանը եւ այլք այդքան ակտիվ չէին:
Սակայն ամենաէական պատճառը բուն իմփիչմենթի գործընթացի մեջ է: Արմատականները զուգահեռաբար ստորագրահավաքներ սկսեցին ե՚ւ ժողովրդի շրջանակներում, ե՚ւ պառլամենտումՙ շատ լավ հասկանալով, որ երկու դեպքում էլ (հատկապես վերջին) իրենք որեւէ հաջողություն ակնկալել չեն կարող: Մասնավորապես մի կողմից հայտարարում էին, որ այս խորհրդարանում հնարավոր չէ իմփիչմենթի գործընթաց սկսել, մյուս դեպքում հայտարարում են արդեն 40 ստորագրությունների մասին: Եթե չէին վստահում խորհրդարանի օժանդակությանը, ապա ինչպե՞ս հաջողվեց այդքան ստորագրություններ հավաքել: Կամ ինչո՞ւ դրանց հեղինակներին չեն ներկայացնում այն պարագայում, երբ խոսում էին հենց այդքան ստորագրությունից հետո անուններ հրապարակելու մասին:
Ցանկալին իրականի տեղ ներկայացնելու միտումը պարզ երեւում է նաեւ ժողովրդական ստորագրահավաքի նախաձեռնության դեպքում: Դրա հեղինակները մեկ հայտարարում են հավաքված արդեն 400 հազար քաղաքացու ստորագրությունների մասին, մեկ էլ հանկարծ հրապարակում է սպրդում, թե հավաքվել է ընդամենը. 90-100 հազար ստորագրություն: Հասկանալի է, արմատականները չունեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պես ստորագրությունները վերահսկող մարմին եւ կարող են իրենց նման հակասություններ թույլ տալ:
Ինչեւէ, ակնհայտ է, որ արմատականներն ընդդիմություն կոչվող քաղաքական հզոր միավորի նշանակությունն ու վարկանիշը գցելուց բացի, ոչինչ ավելին չարեցին: Ուստի գոնե հանգստացնող եւ հուսադրող է նրանց տրամադրվածությունըՙ «վաստակած ձմեռային հանգստի» գնալու կապակցությամբ:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ