«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2001-11-28 | #219, 2001-11-29 | #220, 2001-11-30


ՌՈՒՍԱԿԱՆ ՕԴՈՒԺԸ «ՍԽԱԼՄԱՄԲ» 50 ԿՄ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔ, ՌՄԲԱՀԱՐԵԼ ՉՈՐՍ ԳՅՈՒՂ

Պաշտոնական Թբիլիսին որակել է «բացահայտ ագրեսիայի փորձ»

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հարեւան Վրաստանը ծանր, անկանխատեսելի ժամանակներ է ապրում: Խորհրդարանի նախկին նախագահ Զուրաբ Ժվանիայի օրերս արված հայտարարություն-ահազանգը, որ «Վրաստանն անդունդից մեկ քայլ է հեռու», չափազանցված չէ: Վերջին տասը տարիների ընթացքում այսօրվա բզկտված Վրաստանն ապրում է սոցիալական, տնտեսական, քաղաքական խորը ճգնաժամ: Ռուս-վրացական հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթակետին: Չորեքշաբթի երեկոյան ռուսական օդուժի ՍՈՒ-25 տեսակի վեց ինքնաթիռներ եւ ՄԻ-24 տեսակի չորս ուղղաթիռներ ռուսական սահմանի չեչենա-վրացական հատվածից «սխալմամբ» 50 կմ խորացել են Վրաստանի տարածք, ռմբահարել վրացական չորս գյուղերիՙ Արխոտիի, Վերին Օմալոյի, Ախիստայի, Անգայի շրջակայքը: Տուժածներ չկան, գյուղացիները խուճապահար լքել են բնակավայրերը: Ռուսական կողմը, բնականաբար, առայժմ հերքում է տասը ուղղաթիռների եւ ինքնաթիռների ներխուժումը Վրաստանի տարածք, սակայն այդ հերքումներն այն աստիճանի հակասական են եւ տարօրինակ, որ չհավատալ պաշտոնական Թբիլիսիի փաստարկներին ուղղակի չի կարելի:

Նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն երեկ հայտարարեց, որ «Վրաստանը չի կարող խփել բոլոր ինքնաթիռները, բայց մեկ-երկուսը անպայման ցած կբերի»: Միջադեպը տեղի ունեցավ ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովի նախօրեին, նախատեսված Պուտին-Շեւարդնաձե հանդիպմանն ընդառաջ: Ուրեմն, Ռուսաստանի եւ Վրաստանի առաջնորդների «բանակցություններն» արդեն սկսվել են: Շեւարդնաձեի մամլո խոսնակ Կախա Իմնաձեն երեկ հայտարարեց, որ ԱՊՀ գագաթաժողովում Վրաստանի նախագահը «անպայման կդնի երկրի տարածքը ռմբահարելու հարցը»: «Ցավոք, երեկվա միջադեպը հաստատում է, որ Ռուսաստանը շարունակում է Վրաստանի նկատմամբ իր ագրեսիվ գործողությունները:

Երկրի օդային տարածք ներխուժած ուղղաթիռները հաստատ ռուսական են, քանզի հնարավոր չէ, որ դրանք լինեին... Աֆղանստանից: Թվում է, ռուսական կողմը նման գործողություններով փորձում է ստիպել Վրաստանինՙ փոխել Թբիլիսիի որդեգրած արտաքին քաղաքական ուղղությունը», ասել է Իմնաձեն:

Պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքական ուղղվածությունը արեւմտյան է, ավելի կոնկրետՙ թուրք-ամերիկյան: Ի դեպ, երեկ Թուրքիայի նախագահ Սեզերը Շեւարդնաձեին հղած նամակում հայտնել է, որ վերջերս կայացած իրենց հանդիպումը հնարավորություն կտա էլ ավելի խորացնել Թուրքիայի եւ Վրաստանի համագործակցությունը: Այսօր Վրաստանի տնտեսական առաջին գործընկերը Թուրքիան է, պաշտոնական Թբիլիսիի արեւմտամետ քաղաքականությունն անցնում է հենց Բոսֆոր-Դարդանելով, Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ կնքվել է ռազմավարական համագործակցության խորացման հուշագիր, ապաՙ ռազմական բնագավառում թուրք-վրացական համագործակցության պայմանագիր, ըստ էության Մառնեուլի ռազմական օդակայանը գտնվում է Թուրքիայի տրամադրության տակ, իսկ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թենգիզ Կիտովանին անհանգստություն հայտնելով Վրաստանի նկատմամբ Թուրքիայի ռազմական հետաքրքրության աճի կապակցությամբ, անընդհատ նշում է, որ ռուսական զորքերի դուրսբերումից հետո Գուդաուտի կայանը կփոխանցվի թուրքական բանակին:

Ռուսական աղբյուրները պնդում են, թե Վրաստանի արտգործնախարար Ի. Մենաղարիշվիլին Անկարա կատարած վերջին այցի ընթացքում իր թուրք գործընկերներին հարց է ուղղելՙ Թուրքիան կաջակցի՞ Վրաստանին, եթե Թբիլիսին զինված հակամարտության մեջ հայտնվի Մոսկվայի դեմ:

Սեզերը նամակում գրում է Շեւարդնաձեինՙ հարմար ժամանակ այցելել Անկարա: Վրաստանի նախագահը երեկՙ օրվա երկրորդ կեսին մեկնեց Մոսկվա, ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, նա այնտեղ Ռուսաստանի հասցեին կոշտ հայտարարություններ կանի:

Առայժմ պաշտոնական Անկարան չի արձագանքել նոյեմբերի 28-ի միջադեպին: Փոխարենը բավականաչափ կոշտ հայտարարություն է արել Վաշինգտոնը: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռ. Բաուչերը լուրջ անհանգստություն է հայտնել «Վրաստանի օդային տարածք ներխուժած ինքնաթիռների առիթով», որոնք «թռել են ռուսական տարածքից»: Ըստ Բաուչերի, Վաշինգտոնը ստացել է հաստատում, որ «Ռուսաստանի տարածքից օդ բարձրացած ինքնաթիռները Վրաստանի օդային տարածքից ռմբահարել են Պանկիսի կիրճ կոչվող տարածքը»: Բաուչերը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ հանդիպումներում քննարկելու է այդ հարցը:

Մոսկվայի հասցեին քննադատություններ է ուղղել Վրաստանում Չեչնիայի գլխավոր ներկայացուցիչ Հիզիր Ալդամովը եւ ողջունել ԱՄՆ-ի հայտարարությունը:

Վրաստանի քաղաքական էլիտան, ըստ էության, երկու մասի է բաժանվել: Պաշտոնական Թբիլիսիի ներկայացուցիչները, բնականաբար, դատապարտել են արտգործնախարար Ի. Մենաղարիշվիլու խոսքերովՙ «բացահայտ ագրեսիայի փորձը»: Պրն Մենաղարիշվիլին միջազգային հանրությանն օգնության խնդրանքով կոչ է ուղղել, ընդսմին նշելով, որ «այս բարբարոսական գործողությունը պետք է ստանա համապատասխան գնահատական», «Ռուսաստանը հոգեբանական ճնշում է բանեցնում Վրաստանի նկատմամբ»: Վրաստանի ռուսամետ ուժերը հերթական անգամ քննադատել են պաշտոնական Թբիլիսիի քաղաքականությունը: Այսպես, սոցիալիստական կուսակցության առաջնորդ Վախթանգ Ռչեուլիշվիլին խորհրդարանում ասել է. «Մենք համոզված ենք, որ այսօր Վրաստանում ստեղծված քաղաքական, սոցիալական եւ տնտեսական խորը ճգնաժամի գլխավոր պատճառներից է Ռուսաստանի հետ չհայտարարված «սառը պատերազմը»: Քանի դեռ Վրաստանը եւ Ռուսաստանը չեն դադարեցրել առճակատումը, մենք չենք կարող վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, ոտքի կանգնեցնել տնտեսությունը»:

Աջարիայի առաջնորդ Ա. Աբաշիձեի կողմնակիցներից Սանդրո Բրեգաձեն անսպասելի չի համարել ռմբահարումները: «Դա կարելի էր կանխատեսել այն բանից հետո, երբ Շեւարդնաձեն Ռ. Գելաեւին որակեց որպես մեծ մտածողի», ասել է Բրեգաձեն:

Ի դեպ, Վրաստանի նախկին ՆԳ նախարար, այժմ երկրի ազգային անվտանգության խորհրդի անդամ Շոթա Կվիրայան հաստատել է չեչեն ահաբեկիչների եւ պաշտոնական Թբիլիսիի համագործակցությունը, սակայն արդարացրել է Շեւարդնաձեին: «Վրաստանի ուժային եւ հատուկ ծառայությունները թյուրիմացության մեջ են գցել երկրի նախագահին, կանգնեցնելով նրան չեչեն ահաբեկիչների երկիր ներխուժման փաստի առաջ: Չեչեն ահաբեկիչների մուտքը Վրաստան հնարավոր եղավ, որովհետեւ ուժային նախարարությունների որոշ աշխատակիցներ դրանից նյութական ակնկալիքներ ունեին, ինչը նրանց համար ավելի վեր էր, քան պետական շահը», ասել է Կվիրայան:

Խոսքը, նախագահ Շեւարդնաձեի խոսքերովՙ «Վրաստանի հանդեպ բարյացակամ տրամադրված», «բարձրագույն կրթությամբ» չեչեն մարդասպան Ռ. Գելաեւի ձախողված «արշավանքի» մասին է Պանկիսի կիրճից Կոդորի կիրճ: Նոյեմբերի 28-ին ռուսական օդուժը ռմբահարել է նաեւ Կոդորը, որը Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող, վարչականորեն Աբխազիայի տարածքն է:

Այսօր նախագահ Շեւարդնաձեն հիանալի հնարավորություն ունի Պուտինին բացատրելու Ռուսլան Գելաեւի բնավորության գծերը, Վրաստանի հանդեպ վերջինիս տրամադրվածությունը: Շեւարդնաձեի համար երեւի թե պարզ է, որ Վրաստանի գլխացավանքն Աբխազիայի հարց չէ, կամ էլՙ Հարավային Օսիայի: Տրամաբանությունը հուշում է, որ Վրաստանի գլխացավանքն այսօր, առավել քան երբեք, Ռուսաստանն է, իսկ Շեւարդնաձեի առողջությունը Պուտինի ձեռքերում է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4