Սուրեն Աբրահամյանի «Վանից Դետրոյթ. Հայկական ցեղասպանությունից մազապուրծ» գրքի շնորհանդեսը
94-ամյա վանեցի, այժմ դետրոյթաբնակ ռամկավար Սուրեն Աբրահամյանի հուշագրական-տեղեկատվական այս հատորն արդեն 1993 եւ 1999 թթ. անգլերենով լույս է տեսել Միչիգանում (ԱՄՆ): Մեկ տարի առաջ, 2000 թ. հոկտեմբերին հեղինակն իր տիկնոջՙ դարձյալ վանեցի վերապրող Արմենուհու, զավակների ու թոռների հետ եկել էր Հայաստան: Այդ առթիվ ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը Երեւանի Թեքեյան կենտրոնում կազմակերպել էր հանդիպում գրող, հրապարակախոս, Հայ դատի նվիրյալ, Ռամկավար Ազատական կուսակցության վաստակաշատ ընկերոջ հետ: Այդ հանդիպմանը ներկա էին Մեծ եղեռնից փրկված շատ մարդկանց ժառանգներ, որոնց հոգում դեռ մխում են Հայոց ցեղասպանության հուշերը: Հակառակ առաջացած տարիքին, Սուրեն Աբրահամյանն այնտեղ խոսեց բանիմաց, սրամիտ եւ կենսախինդ վանեցու բոլոր արժանիքներով: Ներկայացվեց նրա անգլերենով հեղինակած այս գիրքը, որն իսկապես հանրագիտարանային մի պատում է: Երեկոյի մասնակիցները, սակայն, ափսոսանք հայտնեցին, որ գիրքը չեն կարող կարդալ մայրենիով: Ճիշտ է, աշխարհի խուլ ականջը եւս մեկ անգամ բացելու համար անշուշտ շահեկան է հայոց պատմության այս կարեւոր շրջանի մասին անչափ արժեքավոր փաստերն անգլերենով ներկայացնելը: Սակայն նույնքան կարեւոր է այն հայերենով կարդալը: Եվ այդ պահին է, որ ծագեց միտքըՙ ինչո՞ւ հայերեն չթարգմանել եւ հայրենի ընթերցողին մատչելի չդարձնել արժեքավոր տեղեկություններ պարունակող, Ցեղասպանությունից մազապուրծ հայ մարդու վերապրելու եւ բարգավաճելու հրաշալի վկայությունը կազմող այս գիրքը: Եվ իսկույն ձեռնակվեց հայերեն թարգմանությունը, որը հանձնարարվեց թարգմանչուհի Գոհար Մելիք-Բախշյանին: Այնուհետեւ գիրքը շարվեց, սրբագրվեց եւ էջադրվեց «Ազգ» օրաթերթի խմբագրատանը եւ հրատարակվեց «Տիգրան Մեծ» հրատարակչությունում:
Անգլերենով հրատարակված գրքի գրախոսականում ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Էն Արբոր քաղաքի Ուոշթընաու շրջանի միջնակարգ դպրոցի տաղանդների զարգացման խորհրդական Սանդրա Թրոզիենը գրում է. «Այս գիրքն անգնահատելի է ականատեսի համար, որտեղ նկարագրվում են նահանջները դեպի Կովկաս: Քաոսը, սովը, ծարավը, վախը, ծերերի ու երիտասարդների մահը նկարագրված են վարպետորեն: Այդ պայմաններում եղել են նաեւ էգոիզմի դրսեւորման շատ դեպքեր: Անհնար է մոռանալ նրա տատիկի եւ թոռնիկի մահը, երբ քեռին նրանց անօգնական թողնում է ճանապարհին: Անհնար է մոռանալ նաեւ հեղինակի մորը, որը 1918 թ. վերջին, գաղթի ժամանակ տղայի անշունչ մարմինն էշի վրա գցած, չէր լքում նրան: Փեսայի այն հարցին, թե ինչու չի լքում տղայի դիակը, նա պատասխանել է. «Ես կորցրել եմ ամեն ինչ: Նա իմ միակ հարազատն է: Էլ ո՞ւմ համար պետք է ապրեմ»: Ապա Սանդրա Թրոզիենն ավելացնում է. «Զարմանալ կարելի է, թե նրանք ինչպես էին կտրում-անցնում այդքան տարածություն: Դեռ ավելինՙ զարմանալ եւ ապշել կարելի է հեղինակի կողմից չարության բացակայության վրա: Չկա ատելություն, դառնություն: Այս գիրքը գրվել է ճշմարտությունը եւ հայ ժողովրդի պատմությունը պահպանելու անհրաժեշտությունից»:
Այս անգամ գրքի հայերեն տարբերակի ներկայացման ժամանակ ներկա էր հեղինակըՙ Սուրեն Աբրահամյանը, որը Հայաստան էր եկել այս անգամ առանց տիկնոջՙ Արմենուհու («Ան քիչ մը տկարություն ուներ»): Նրան ուղեկցում էին դուստրըՙ Էլիզաբեթը, թոռներըՙ Դեյվիդը եւ Էդդին: Ինչպես նշեց բացման խոսքում Հակոբ Ավետիքյանը, Սուրեն Աբրահամյանըՙ արմենական Աբրահամ Տեր-Ստեփանյանի զավակը, իր հայրենի Լեզք գյուղից (Վանի մոտ) մինչեւ ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքն անչափ դժվար մի ճանապարհ անցավ, գրեթե աներեւակայելի մի ճանապարհ ու ողջ մնաց: Հայի ճակատագիր:
Կարդում ես Սուրեն Աբրահամյանի գիրքն ու ամենայն մանրամասնությամբ պատկերացնում դժոխային այն ճանապարհը, որ անցել է այս հայ ընտանիքը: Սակայն սա սոսկ մի ընտանիքի պատմություն չէ: Ավելինՙ սա մի ամբողջ ժողովրդի հալածանքի եւ դեգերումների պատմությունն է:
«Ծովը հանդարտ էր, թվում էր, թե նավն անշարժ կանգնած է: Երրորդ կարգի տեղերից ձայն լսվեց, որ ցամաքը երեւում է: Մենք հասել էինք: Հասել էինք փրկության նավահանգիստըՙ հեռու սովից ու զրկանքներից եւ, ամենակարեւորը, հեռու մեր կյանքին սպառնացող վտանգից: Մենք հաստատ գիտենք, որ հաջորդ առավոտը, հաջորդ օրը մենք չէինք լինի դարի առաջին եղեռնի զոհերի թվում:
Չեմ հիշում, թե գիշերվա որ ժամն էր, միգուցե նույնիսկ վաղ առավոտ էր: Այդ մթության մեջ ընկած էր Պրովիդենսը, Ռոդ Այլենդը, մեր 68-օրյա տառապալից ոդիսականի վերջին նավահանգիստը, որը սկսվել էր 1921 թ. փետրվարի 12-ին Տիգրիս գետի վրայի Նահր Էլ Օմարից միչեւ Բասրա: Հունիսի 21-ն էր, եւ մեզանից 12 օր էր պահանջվել, որպեսզի Բաղդադ հասնեինք մեր անձնագրերը ստանալու եւ գիշերային թիանավով Բասրա վերադառնալու ու 20 օր էլ Բասրայից մինչեւ Բոմբեյՙ Հնդկաստան, 25 օր Բոմբեյից Մարսել եւ վերջապես 11 օր Մարսելից մինչեւ Պրովիդենս հասնելու համար.»:
- Իր մոր հետ Սուրեն Աբրահամյանը Եղեռնից եւ Արեւելահայաստան փախչելուց հետո չորս անգամ ետ է դառնում ծննդավայր, նշեց բանախոսը: Իր դժվարագույն կյանքի ընթացքում նա կարողացել է սովորել, միաժամանակ աշխատել, տուն պահել, ընտանիք պահել, ամուր ընտանիք: Սա մի ամբողջ ժողովրդի, գոնե հայերիս արեւմտյան հատվածի կյանքի ոդիսականն է, որը Սուրեն Աբրահամյանի գրքում դարձել է հրաշալի պատում: Անշուշտ, շնորհակալություն պետք է հայտնել հեղինակին գրքի երկրորդ մասի համար, որը նկարագրում է հեղինակի անցած ճանապարհն Ամերիկայում: Սա հիրավի կարեւոր է նրանով, որ մեր այսօրվա երիտասարդությունը շատ բան ունի սովորելու: Աշխարհում ոչ մեկին հենց այնպես ոչինչ չի տրվում: Աշխատանքով, միայն աշխատանքով ապրելու, գոյատեւելու կամքն է փրկել ոչ միայն վանեցի այս ընտանիքին, այլեւ վերապրած հազարավոր հայ ընտանիքների: Այս իմաստով է կարեւորվում Սուրեն Աբրահամյանի գիրքը:
Գրքի հայերեն թարգմանության հեղինակ Գոհար Մելիք-Բախշյանն իրեն երջանիկ է համարում գրքի թարգմանության պատվին արժանանալու համար: «Որպես Արեւմտահայաստանից գաղթած ընտանիքի ժառանգի, ինձ անչափ հարազատ էր այս աշխատությունը,- ասաց տիկին Գոհարը: Ապա դիմելով գրքի հեղինակին, շարունակեց,- ձեր ցավերը դարձավ իմ ցավը, ձեր ուրախությունը ոգեւորեց ինձ: Ես դարձա ձեր ընտանիքի անդամը»:
ՌԱԿ փոխատենապետ, գրականագետ Երվանդ Ազատյանն անչափ բարձր գնահատեց ոչ միայն Սուրեն Աբրահամյանի այս աշխատությունը, այլեւ իրՙ հեղինակի ազգային հասարակական գործունեությունն ընդհանրապես:
- Սուրեն Աբրահամյանն առաջնային եւ երկրորդական պարտականություններ չունի: Նա նույն խնամքով մոմ է վաճառում Դետրոյթի հայկական Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, դրամ է հավաքում կարոտյալ հայերի համար կամ ծառայում որպես եկեղեցու հոգաբարձու: Ինչ էլ արել է ու անում էՙ միշտ մեծ հոգատարությամբ ու պատասխանատվությամբ: Այդպես է նաեւ այս դեպքում:
Խոսեց նաեւ գրքի հեղինակը, որն իր շնորհակալությունը հայտնեց գրքի հրատարակման համար:
- Ես իմ այս գիրքը գրած եմՙ անսալով զավակներիս եւ թոռներիս թախանձանքներին: Իրենց համար կյանքս կտոր-կտոր կպատմեի: Բայց դա իրենց չէր բավեր: Ու գրեցի գիրքը, որպեսզի աշխարհն իմանար հայերուն ճշմարիտ պատմությունը: Ուրախ եմ գիրքս իմ մայրենի լեզվով հրատարակված տեսնելուս համար եւ շնորհակալություն կհայտնեմ այսպես ըլլալու համար: Հիմա դուք ինծի երկար կյանք մաղթեցիք: Պիտի գոնե 100 տարեկանս ապրիմ:
Երեկոյի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկավ Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ժողգործիքային համույթը Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ:
Իսկապես, ճշմարտապատում մի գիրք է ստեղծվելՙ Սուրեն Աբրահամյանի «Վանից Դետրոյթ. Հայկական ցեղասպանությունից մազապուրծ» գիրքը: Այն անչափ կհետաքրքրի ոչ միայն ընթերցողներին, գրականագետներին, այլեւ Հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող գիտնական այրերին:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ, Լուսանկարներըՙ Ս. Տրոյանի