Քառակողմ եւ եռակողմ հանդիպումներ Մոսկվայում
ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությամբՙ նոյեմբերի 30-ի երեկոյան Մոսկվայում տեղի է ունեցել քառակողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի միջեւ:
Հանդիպմանը, որին ներկա էին նաեւ «կովկասյան քառյակի» երկրների արտգործնախարարները, քննարկվել են տարածաշրջանի համար կարեւորագույն եւ հրատապ հարցեր:
Քառակողմ հանդիպումից անմիջապես հետո կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Իսկ առավոտյան Ռ. Քոչարյանը հանդիպել էր Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի հետ:
Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ եւ ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը միասնական կարծիք հայտնեցին, որ ԱՊՀ տարածքում ազգամիջյան հակամարտությունների կարգավորման խնդիրներում Համագործակցության ներուժը սպառված չէ:
Ի պատասխան այն հարցի, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստան-Արեւմուտք մերձեցումը, ՀՀ նախագահը չբացառեց նման ազդեցության հնարավորավորությունը, ինչը, Ռ. Քոչարյանի խոսքերով, կարող է արտահայտվել միջնորդական ջանքերի ակտիվացմամբ: Նա նաեւ նշեց, որ մոտ ապագայում սպասվում է նման ակտիվացում:
ՀՀ նախագահը միաժամանակ ընդգծեց, որ հակամարտությունների կարգավորման ունիվերսալ բանաձեւ գոյություն չունի: «Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր բնույթը, պատմությունը, առանձնահատկությունները, յուրաքանչյուրը լուծման ուրույն պրոֆեսիոնալ մոտեցման կարիք ունի», նշեց Ռ. Քոչարյանը:
Ի դեպ, հակամարտության խաղաղ կարգավորմանն իր նվիրվածությունը հավաստեց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը: