Երեկ Մոսկվայումՙ ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի միջնորդությամբ սպասվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Պաշտոնական Երեւանը այս հանդիպումից լուրջ ակնկալիքներ չուներ. նախօրեին «Ազգին» տված հարցազրույցում բարձրաստիճան մի պաշտոնյա ասաց, որ Քոչարյան-Ալիեւ երկկողմ հանդիպումների ռեսուրսը սպառվել է:
Պաշտոնական Ստեփանակերտը եւս Քոչարյան-Ալիեւ նոր հանդիպումից լուրջ ակնկալիքներ չունի: ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանն «Ազգի» թղթակցի հետ հեռախոսազրույցում նշեց, որ «այսօր նախագահ Հեյդար Ալիեւն ընդունակ չէ որեւէ որոշում կայացնել եւ իրագործել»: Ըստ տիկին Մելքումյանի, «Ադրբեջանում արդեն իսկ սկսվել է նախագահական ընտրարշավը, որի ընթացքում ցանկացած ադրբեջանցի գործիչ չի կարող որոշում կայացնել»: Բացի այդ, «ներկա վիճակում ԼՂՀ իշխանությունները չեն տեսնում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման Ադրբեջանի պատրաստակամությունը»: «Հակահայկական քարոզչությունից զատ, պաշտոնական Բաքուն հակամարտության կարգավորման դիվանագիտական աշխատանքներ չի տանում», ասաց ԼՂՀ արտգործնախարարը:
Հնարավո՞ր է արդյոք Ադրբեջան-ԼՂՀ սահմանում միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխումը: Հայկական մամուլում տպագրվում են հոդվածներ, որոնց տրամաբանությունը հանգում է նրան, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը փակուղի տանելով ղարաբաղյան հարցը, անուշադրության մատնելով ադրբեջանական կողմի արդեն ամիսներ շարունակվող ռազմական ճանապարհով հարցը լուծելու հայտարարությունները, փորձում է տարածաշրջան բերել միջազգային խաղաղարար ուժեր: Մի քանի օր առաջ մամլո ասուլիսում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշեց, որ «այժմ օրակարգում նման հարց չի դրվում»: ԼՂՀ արտգործնախարարը մեզ հետ զրույցում ասաց, որ չի տեսնում միջազգային խաղաղարար ուժերի տեղակայման անհրաժեշտությունը: Տիկին Մելքումյանի կարծիքով, ԼՂ հակամարտությունը յուրահատուկ է այն առումով, որ 7 տարի առաջ ստորագրված հրադադարից հետո կողմերի միջեւ ռազմական ընդհարումներ չեն եղել, ասել է թեՙ չկա խաղաղարար ուժերի անհրաժեշտությունը: «Չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է ԼՂՀ-ի դեմ սկսել ռազմական գործողություններ», ավելացրեց Նաիրա Մելքումյանը:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ