«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2001-11-29 | #220, 2001-11-30 | #221, 2001-12-01


ՎՐԱՍՏԱՆԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՆԿԱՐԱՆ ԼՌՈՒՄ Է

Թուրք գեներալը հորդորում է. «Կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները»

Ինչպես «Ազգ»-ը տեղեկացրել էր, նոյեմբերի 28-ի երեկոյան ՌԴ ռազմաօդային ուժերի 6 ինքնաթիռներ եւ 4 ուղղաթիռներ, խախտելով Վրաստանի սահմանը, 50 կմ խորացել են երկրի տարածքով եւ Պանկիսի կիրճում ռմբակոծել 4 գյուղերի շրջակայքը: Դրան հետեւել է նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հայտարարությունը. «Վրաստանը չի կարող խփել բոլոր ինքնաթիռները, բայց 1-2-ը անպայման ցած կբերի»: Ակամա հարց է ծագումՙ իսկ ուղղաթիռնե՞րը: Դրանց էլ, ըստ երեւույթին, թուրքական զինված ուժերը պետք է ցած բերեն, որովհետեւ Վրաստանի խնդիրները, ինչպես այդ մասին հավաստել է վարչապետ Բյուլենթ Էջեւիթը, Թուրքիայի խնդիրներն են նաեւ, իսկ Շեւարդնաձեն ռուսական ինքնաթիռների կողքին նաեւ ուղղաթիռներ ցած բերելու խնդիր ունի:

Թվում էր, թե ուղղաթիռներ ցած բերելու խնդիրը Թուրքիայի ղեկավարությանը կստիպի անհապաղ արձագանքել նոյեմբերի 28-ի ռմբակոծության վերոհիշյալ միջադեպին, Անկարան պաշտոնապես կդատապարտի Ռուսաստանին, իսկ թուրքական պետհեռուստատեսությունն ու մամուլն իրենց պարտքը կհամարեն անդրադառնալ միջադեպի արձագանքներին: Մանավանդ որ ԱՄՆ պետդեպարտամենտն արդեն արձագանքել էր: Սակայն թուրքական պետհեռուստատեսության նոյեմբերի 30-ի առավոտյան հաղորդումներում ու մամուլի տեսության ծրագրում ռմբակոծության այդ միջադեպը շրջանցվեց: Սա նշանակում է, որ թուրքական իշխանությունները վրացական գյուղերի ռմբակոծության հարցում դեռ չեն կողմնորոշվել, որպեսզի կողմնորոշեն լրատվամիջոցներինՙ տրամադրելով նրանց համապատասխան ինֆորմացիա:

Հակառակ թուրքական պետհեռուստատեսությանը, նրա նույն օրվա հաղորդմանը Ստամբուլից մասնակցող բանակի պաշտոնաթող գեներալ Նեջաթի Օզգենը էկրանից փորձեց հարեւան երկրների նկատմամբ քաղաքականության հարցում եթե ոչ թուրք հասարակությանը, գոնե Թուրքիայի կառավարությանը կողմնորոշել: Նա, մեկնաբանելով Իրաքի տարածքում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողություններ ծավալելու հավանականությունը, մասնավորապես ասաց. «Աշխարհում կա՞ մի երկիր, որը խնդիրներ ունենա իր բոլոր հարեւանների հետ: Մինչդեռ Թուրքիան ունի: Այսպիսի իրավիճակում ո՞րն է երեսով դեպի Եվրամիություն շրջվելու իմաստը, կամ ի՞նչ է տալու ԵՄ-ին անդամակցելը, երբ խախուտ է քո թիկունքը: Սա լուրջ բարդություններ առաջ կբերի: Օրինակ, Հայաստանի պարագայում, հարաբերությունները նրա հետ անհապաղ պետք է կարեւորել: Հակառակ դեպքում Հայկական հարցի ուրվականը կսկսի վերստին շրջել»:

Պաշտոնաթող գեներալ Օզգենը պատասխանեց նաեւ հաղորդավարի այն հարցին, թե Իրաքի դեմ ամերիկյան հակաահաբեկչական գործողություններն ի՞նչ հետեւանքներ կունենան Թուրքիայի համար: Նա բառացի ասաց. «Այս գործողությունները կհանգեցնեն Իրաքի մասնատմանը, իսկ դա մեզ համար շատ վտանգավոր է: Կներեք արտահայտությանս համար, բայց կծնվի մի քրդական պետություն»: Օգտվելով առիթից նշենք, որ Օզգենը երկար տարիներ ծառայել է Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում եւ զբաղեցրել թուրքական ժանդարմերիայի գլխավոր հրամանատարի պաշտոնը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4