Վերջին շրջանում Թուրքիայի քաղաքական շրջանակները իրենց ողջ ուշադրությունը բեւեռել են Եվրամիության վրա: Թերեւս դա պայմանավորված էր ԵՄ-Թուրքիա փոխհարաբերությունների միանգամայն անբարենպաստ ընթացքով: Ինչպես հայտնի է, եվրոպական երկրները ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրների ցուցակում Թուրքիային վերականգնելու համար պահանջել էին, որ նա բարելավի Կիպրոսի հարցում իր դիրքորոշումը: Թուրքական իշխանությունների սպառնալիքներով հագեցած հակազդեցությունը բախվել էր եվրոպական երկրների հակազդեցությանը: Փոխհակազդեցության պայմաններում ոչ միայն սրվել էին ԵՄ-Թուրքիա փոխհարաբերությունները, այլեւ սրումը հանգեցրել էր դրանց կիպրական հիմնահարցով պայմանավորմանը:
Այս ամենի առումով պատահական չէին թուրքական կառավարության ներկայացուցիչների եւ քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք «Թուրքիան չի պատրաստվում ոչ ԵՄ-ից հրաժարվել, ոչ էլ զոհաբերել Կիպրոսը» ձեւակերպմամբ, ամփոփեց արտգործնախարար Իսմայիլ Ջեմը: Սա ուշագրավ ձեւակերպում է, թեեւ չի մանրամասնում, բայց եւ այնպես ամբողջական պատկերացում է տալիս կիպրական հիմնահարցի առնչությամբ թուրքական իշխանություններին ներկայացվող պահանջների էության մասին: Այլապես Թուրքիայի հետ ԵՄ-ի հարաբերությունները կիպրական հիմնահարցով չէին պայմանավորվի, ոչ էլ Ջեմը Կիպրոսի զոհաբերման մասին արտահայտվելու կարիք կզգար:
Այնուամենայնիվ հարց է ծագումՙ ինչպիսի՞ն է վերոհիշյալ պահանջների բովանդակությունը: Հարցին պատասխանելու համար ըստ երեւույթին պետական որոշումները պետք է համադրել թուրքական պետհեռուստատեսության հաղորդումների, մամուլի տեղեկությունների եւ քաղաքական դիտորդների մեկնաբանությունների հետ: Ի վերջո Կիպրոսը Թուրքիայի համար առաջնահերթ ազգային խնդիր է, դրա վերաբերյալ ինֆորմացիան երկրում վերահսկում են համապատասխան ծառայությունները: Այս պայմաններում լրատվամիջոցները ստիպված բավարարվում են այն տեղեկություններով, որոնք իշխանություններն են տրամադրում, կամ էլ հենվում են պետական գործիչների հայտարարությունների եւ պաշտոնական հաղորդագրությունների վրա:
Այս հաղորդագրություններն, ինչ խոսք, հնչում են թուրքական պետհեռուստատեսության էկրանին, իշխանությունների տրամադրած տեղեկություններըՙ նմանապես: Հաղորդագրությունների եւ տեղեկությունների առումով կարեւոր էին հեռուստատեսության նոյեմբերի 27-ի հաղորդումները: Նույն օրվա առավոտյան նշվեց այն ազդանշանի մասին, որը տրվում էր եվրոպական երկրներից հետեւյալ բովանդակությամբ. «Թուրքիան այնքան խելք ունի, որ հանուն Ռաուֆ Դենքթաշի ԵՄ-ից չի հրաժարվի»: Ազդանշանին հետեւեց Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Թունջայ Օզիլհանի հայտարարությունը. «Կիպրոսը կարող է ռազմավարական նշանակություն ունենալ Թուրքիայի համար, բայց չի կարելի անտեսել նաեւ ԵՄ-ի նշանակությունը 65 մլն բնակչության կենսամակարդակի բարձրացման համար: Մենք ԵՄ-ից հրաժարվել չենք կարող»:
Օզիլհանի այս հայտարարությունը բուռն հակազդեցություն առաջ բերեց Թուրքիայի քաղաքական շրջանակներում: Դրան առաջինն արձագանքեց «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ, փոխվարչապետ Դեւլեթ Բահչելինՙ մեղադրելով Օզիլհանին երկերեսանիության մեջ: Մեղադրելու հարցում նրան միացավ ընդդիմադիր «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Թանսու Չիլլերը: Մինչ Օզիլհանը մեղադրանքների թիրախ էր դառնում, Անկարայում գումարվեց Ազգային անվտանգության խորհրդի ամենամսյա հերթական նիստը: Դրա ավարտին հրապարակվեց պաշտոնական հայտարարությունը, ըստ որի խորհուրդը, աջակցելով Դենքթաշ-Քլերիդես հանդիպումներին, փաստորեն իր աջակցությունը հայտնեց «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» նախագահին, տվեց կիպրական հարցի լուծմանն իր համաձայնությունը, լուծումը պայմանավորեց ինչպես թուրքական, այնպես էլ հունական կողմի համար ընդունելի տարբերակով, եւ անընդունելի համարեց այն իրավիճակը, որի առկայությամբ կիպրացի թուրքերը կհայտնվեն հույների գերիշխանության տակ գտնվող ազգային փոքրամասնության կարգավիճակում, իսկ Թուրքիան եւ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» կենթարկվեն սպառնալիքի:
Թուրքական մամուլը նոյեմբերի 28-ի համարներում Ազգային անվտանգության խորհրդի նիստը բնութագրեց իբրեւ պատմական աջակցություն Դենքթաշին: «Սթարն» այս աջակցությանն անդրադարձավ «Հույներն ու ԵՄ-ը նախազգուշացվեցին. կամ կփոխեք ձեր դիրքորոշումը, կամ էլ մենք կմիացնենք Հյուսիսային Կիպրոսը» խորագրով: Կիպրոսի առումով ուշագրավը «Գյոզջուի» խորագիրն էր. «Պահե՞լ, թե՞ ծախել»: Ինչ վերաբերում է Թուրքիայի ներկայացրած պահանջներին, դրանց առումով էլ ուշագրավ է թերեւս «Ջումհուրիեթինը». «ԵՄ-ը պնդում է 15 օրվա մեջ լուծել Կիպրոսի հարցը»: Այդ ընթացքում պետհեռուստատեսությունը տեղեկացրեց. «ԵՄ-ը Թուրքիային մեղադրում է օկուպացիայի մեջ, ինչի արդյունքում թուրքական զինված ուժերը Կիպրոսում դառնում են օկուպացիոն զորքեր»:
Որո՞նք են Թուրքիային ներկայացվող մյուս պահանջները: Ըստ երեւույթին Դենքթաշին ցուցաբերվող աջակցության անհապաղ դադարեցումը: Այս դեպքում Թուրքիան ակամա դադարում է աջակցել նաեւ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը»: Թերեւս պատահական չէր թե Դենքթաշին, թե նրա գլխավորած ինքնակոչ հանրապետությանն աջակցելու ազգային անվտանգության խորհրդի որոշումը: Ուրեմն Թուրքիան Կիպրոսի հարցում դիմակայում է ԵՄ-ի պահանջներին: Ինչի՞ հիման վրա: Դրա պատասխանը միանշանակ էՙ կիպրական հարցում ԱՄՆ-ից ստացած անվերապահ աջակցության:
Թուրքիան տնտեսական խորը ճգնաժամ է ապրում: Բոլորովին անմխիթար վիճակում է նաեւ Կիպրոսի թուրքական հատվածը: Թեեւ թուրքերը, ապավինելով ԱՄՆ-ի աջակցությանը, շարունակում են դիմակայել ԵՄ-ին, ավելինՙ նույնիսկ համարձակվում են եվրոպական երկրներին սպառնալ, բայց նրա սպառնալիքները, ինչպես այդ մասին պետհեռուստատեսությամբ նշեց պրոֆ. Հասան Քյոնին, ընդամենը բլեֆի ներգործություն են ունենում:
Հարկ է, սակայն, նշել, որ Կիպրոսի քաղաքական ճակատագրի առումով կարեւորը Թուրքիայի բլեֆը չէ, այլՙ եվրոպական երկրներինը: Այլապես ինչո՞վ բացատրել այդ երկրների գործելակերպը, որոնք Թուրքիայից պահանջում են 15 օրվա մեջ լուծել Կիպրոսի հարցը, բայց ԵՄ-ին վերջինի անդամակցության առնչությամբ հայտարարում են, որ նա ավելի շուտ, քան առաջիկա 10 տարում չի կարող ընդգրկվել անդամակցության երկրների ցուցակում, իսկ անդամակցության բանակցությունները հազիվ թե սկսվեն 14 տարի հետո: Սա նշանակում է առնվազն 10 տարով փակել ԵՄ-ի դռները Թուրքիայի առջեւ: Այս պայմաններում Թուրքիան էլ առաջիկա 10 տարվա մեջ Կիպրոսի առնչությամբ ԵՄ-ի որեւէ նախապայման կատարելու պատճառ չունենալով, չի համակերպվի պահանջների հետ:
Այլ կերպՙ եվրոպական երկրները Կիպրոսի առնչությամբ նախապայմաններ առաջադրելիս Թուրքիային որեւէ պատճառ չեն թողնում, որ նա ստիպված կատարի դրանք: Այդ երկրների բլեֆը հենց դրանով է արտահայտվում: Ինչ վերաբերում է բլեֆի պատճառներին, ապա դրանց մեջ միանգամայն առանձնանում են կիպրական հիմնահարցի շահարկման նկրտումները: Ուրեմն, եվրոպական երկրների քաղաքականության մեջ շահարկումները մնում են անփոփոխ: Պարզապես փոփոխության է ենթարկվում շահարկվող հիմնահարցերի հերթականությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ