«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2001-11-29 | #220, 2001-11-30 | #221, 2001-12-01


ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՌԱԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՌԱԿ 80-ամյակի եւ ՀՌԱԿ 10-ամյակի հոբելյանների առիթով հայրենիք ժամանած ռամկավարները շարունակում են այցելել հանրապետության մարզեր (Շիրակ, Արարատ, իսկ երեկ Լոռիՙ հանդիպելու մարզպետ Հենրիկ Քոչինյանին, ներկա գտնվելու կուսակցության նոր գրասենյակի բացմանը): Լոռու մարզում Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունն արդեն ներկայացված է. Վանաձոր քաղաքում կուսակցությունն ունի իր բջիջը, վերջերս Ալավերդի քաղաքում եւս բացվեց ՀՌԱԿ ակումբ: Իսկ երեկ տեղի ունեցավ կուսակցության Վանաձորի գրասենյակի հանդիսավոր բացումը, որի համար Լոռու մարզ էին մեկնել ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Երվանդ Ազատյանը, Հանրապետական վարչության անդամները, սփյուռքահայ ռամկավարներ: Վանաձոր քաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակը բացվել է Ֆիլադելֆիայում բնակվող ռամկավարներ Անահիտ եւ Բաբկեն Մկրյանների աջակցության շնորհիվ: Վերջերս Հայաստան այցելած Մկրյանները, տեսնելով ՀՌԱԿ-ի հեռանկարային լինելը, հանձն էին առել գնել Վանաձորում տարածքՙ կուսակցության ներկայացուցչությունն այստեղ հաստատելու համար:

- Անահիտ եւ Բաբկեն Մկրյանները չկարողացան ներկա գտնվել իրենց անունը կրող գրասենյակի բացմանը, սակայն երջանիկ զուգադիպությամբ այսօր երկակի տոն է Մկրյանների ընտանիքի համարՙ հեռավոր ԱՄՆ-ում նրանք իրենց թոռնիկին են կնքում,- իր ելույթում ասաց Երվանդ Ազատյանը:

Ռուբեն Միրզախանյանը վանաձորցի ռամկավարներին շնորհավորեց գրասենյակի բացման կապակցությամբ եւ նշեց, որ այս մարզում կուսակցության համակիրների թիվն օրեցօր մեծանում է: Շուտով կուսակցության ակումբ կբացվի նաեւ Սպիտակում:

Մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետ հանդիպման ժամանակ արծարծվեցին տարաբնույթ հարցերՙ խոսվեց մարզի ներկայիս վիճակի, հնարավոր ներդրումային ծրագրերի, դրանց իրականացման խոչընդոտների, Հայաստանի ներքաղաքական դրության եւ այլ հարցերի մասին:

Ներկայացնելով հանրապետության խոշորագույն մարզերից մեկը, Հենրիկ Քոչինյանը նշեց, որ բազմաթիվ խնդիրներ են առկա (մարզը դեռեւս կրում է երկրաշարժի ծանր հետեւանքները), սակայն վերջին ժամանակների շարժը թույլ է տալիս վստահորեն ասել, որ երբեմնի արդյունաբերական, հզոր մարզը կամաց-կամաց ոտքի է կանգնումՙ վերագործարկվել են Ալավերդու պղնձաձուլական գործարանը, Վանաձորի քիմիական համալիրը, շուտով կվերականգնվի Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկան:

- Լացի տոպրակը դատարկվել է, օգնությունների ժամանակըՙ անցել: Մեր մարզի ժողովուրդը ներդնողի հետ գործընկերոջ իրավունքով աշխատել է ուզում,- եզրակացրեց Հենրիկ Քոչինյանը: Լոռու մարզպետը խոսեց նաեւ կատարված շինարարական աշխատանքների մասին: Օգտագործելով պատեհ առիթը, մարզպետը շնորհակալություն հայտնեց ռամկավարներինՙ կուսակցության Հունաստանի շրջանակից 7 դպրոցի շինարարության համար փոխանցված 300 հազար դոլարի համար: Մարզի ղեկավարի խոսքերովՙ այժմ աշխատանքներ են տարվում դպրոցների ջեռուցման խնդիրը լուծելու համար: Նպատակ կա 2004 թ. ուսումնական տարին սկսել առանց վառարանային դպրոցների: Հենրիկ Քոչինյանը նշեց նաեւ, որ մարզի հազարավոր ընտանիքներ դեռեւս ժամանակավոր կացարաններում են ապրում, իսկ գործազրկությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր, որի լուծման միակ ճանապարհը ներդնողներ գտնելն է:

ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի համոզմամբ, ներդրումային դաշտի մեծացման հարցը միակողմանի չպետք է լուծվի, եւ մեր պետությունն իր հերթին լուրջ երաշխիքներ պետք է տա ներդնողին:

Սփյուռքահայ ռամկավարները նշում էին, որ կուսակցության հոբելյանական տոնակատարություններն առիթ էին հայրենիքում առկա խնդիրներին մոտիկից ծանոթանալու: Դրսում իրենք հնարավորություն չունեն ինֆորմացիա ստանալու Հայաստանի տնտեսության, ներդրում կատարելու հնարավոր տարբերակների վերաբերյալ: Առաջարկ եղավ այդ տեղեկատվությունը տրամադրել տարբեր երկրներում գործող դեսպանատների, հյուպատոսարանների միջոցով, ինչպես արվում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը, որտեղ ցանկացողը Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ տեղեկատվություն ստանում է կատալոգների միջոցով:

Ի հիշատակ այս հանդիպման Հենրիկ Քոչինյանը ՀՌԱԿ ատենապետին եւ ՌԱԿ փոխատենապետին նվիրեց մեծ լոռեցուՙ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ընտրանին:

Օրվա ավարտին տեղի ունեցավ եւս մի իրադարձությունՙ ՀՌԱԿ կենտրոնական գրասենյակի դահլիճը կկրի ամերիկահայ ռամկավար Շարթոթ Դեմիրճյանի անունը. այնտեղ փակցվեց նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4