«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2001-11-29 | #220, 2001-11-30 | #221, 2001-12-01


«ԵՂԲՈՐՍ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ»

Հայտարարեց ամբաստանյալ Կարեն Հունանյանը

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության հերթական փուլում Կարեն Հունանյանին պիտի հարցեր ուղղեին մյուս ամբաստանյալները: Սակայն քանի որ, Նաիրի Հունանյանից բացի, ամբաստանյալները հրաժարվեցին հարցեր ուղղելու իրենց իրավունքից, հարցաքննությունը սկսեց վարել Կարեն Հունանյանի եղբայրը: Հարցերն առնչվում էին ո՚չ միայն հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձություններին, այլեւ Հունանյանների ընտանեկան կյանքին ու հարաբերություններին, Եվպատորիայում անցկացրած ժամանակահատվածին, ծանոթների ու ընկերների շրջանակին, ուսումնառության տարիներին եւ այլն:

Բնականաբար, հարցադրումները, որ ձեւակերպում էր Ն. Հունանյանը, նպատակ ունեին ամենանպաստավոր լույսի ներքո ներկայացնել իրենց եւ առհասարակ հանցախմբի անդամներին: Հարցաքննությունն, ընդհանուր առմամբ, հարթ ընթացք ունեցավ. պատկերավոր ասածՙ եղբայրները «ջան» ասում, «ջան» էին լսում: Այնպես որ, անտեղի չէր փաստաբաններից մեկի «լուրջ» հետաքրքրությունը. «Էս զրույցը ե՞րբ պիտի ավարտվի.»: Տուժող կողմի փաստաբանները մի քանի անգամ առարկեցին ամբաստանյալի հարցադրումների դեմ, նրանց միացան նաեւ մեղադրողները. Հունանյանը, նրանց խոսքերով, հուշող հարցեր էր տալիս եւ դրանով իսկ կողմնորոշում եղբորը: Դժգոհություններին ի պատասխանՙ Ն. Հունանյանն իրեն բնորոշ ոճով հայտարարեց, թե հարցերն ինչպես ցանկանա, այդպես էլ կձեւակերպի: Նա շարունակեց հարցադրումները, սակայն որոշ «սայթաքումներից» եղբայրներն այդուհանդերձ չկարողացան խուսափել. մի քանի դեպքեր եղան, երբ Կարեն Հունանյանը չկարողացավ կամ չհասցրեց ճիշտ ընկալել եղբորՙ ըստ ամենայնի նախապես մտածված հարցադրումների ենթատեքսը, այդպիսով էլ որոշ հարցերում խճճվեց: Ապա հայտարարեց, թե ինքը հաստատում է եղբոր ցուցմունքները, սակայնՙ ընդհանուր առմամբ:

Կարեն Հունանյանի երեկվա հիշարժան պատասխաններից նշենք մի քանիսը: Նա հայտարարեց, թե Եվպատորիայում ապրելու ընթացքում ինքը զենքի երբեւէ չի առնչվել, շփում չի ունեցել նաեւ տեղի հանցագործ խմբավորումների հետ: Մշտական աշխատանք երբեւէ չի ունեցել ու չի էլ ձգտել ունենալ: Կ. Հունանյանը հաստատեց եղբորՙ զենքը ձեռք բերելու վերաբերյալ ցուցմունքները: «Հոկտեմբերի 27-ին նախորդած ժամանակահատվածում քեզ եւ խմբի մյուս անդամներին երբեւէ առիթ տվե՞լ եմ մտածելու, կասկածելու, թե ինչ-որ անծանոթ մարդիկ էլ են ընդգրկված այս ամենում», հարցրեց Նաիրի Հունանյանը: Եղբայրը ժխտեց: «Ապստամբություն իրականացնելու գաղափարի հեղինակը ե՞ս էի, թե՞ կողմնակի ինչ-որ մեկը», հետեւեց հաջորդ հարցը: «Ես էլ էի հեղինակ. Բայց անծանոթ որեւէ մեկը չի եղել», չմոռացավ իր դերը կարեւորել կրտսեր եղբայրը: «Մինչ ԱԺ դահլիճ մուտք գործելըՙ նախապես ճշտե՞լ էինք, թե ո՚վ է առաջինը ներխուժելու, ինչպե՚ս է գործելու, իմ գծագրի հետ կապված ցուցումներ, հրահանգներ տվե՞լ էի.», հնչեց հարցը: «Ցուցում, որպես այդպիսին, չի եղել, միայն ընդհանուր խոսակցություններ, իսկ մերՙ ԱԺ մուտք գործելը մեծապես կախված էր անցագրերի առկայությունից: Դրանք կարող էինք եւ չհաջողեցնել ձեռք բերել, այդ պատճառով էլ ճշտված չէր, թե ով է առաջինը մտնելու դահլիճ եւ այլն», պատասխանեց ամբաստանյալը: «Ինչպե՞ս իմացանք, որ Վազգեն Սարգսյանն այդ ժամանակ դահլիճում է», հարցրեց Ն. Հունանյանը: «Ռադիոյով լսեցինք: Տեղեկատվության այլ աղբյուր չենք ունեցել», հետեւեց պատասխանը: Ամբաստանյալը հաստատեց Ն. Հունանյանի նաեւ այն պնդումը, թե դեպի դահլիճ տանող միջանցքն անցնելիս իրենք ոչ ոքի չեն հանդիպելՙ ո՚չ պատգամավորի, ո՚չ էլ թիկնապահի: Ինչեւէ, այսօրինակ ցուցմունքների ճշմարտացիության աստիճանը կպարզվի հետագաՙ արդեն ոչ եղբոր կողմից տարվող հարցաքննության ընթացքում:

ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4