«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2001-11-29 | #220, 2001-11-30 | #221, 2001-12-01


ՏՐԱՄՎԱՅԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ԵՐԵՒԱՆԻՆ

Այն, ինչի մասին վերջին ամիսներին խոսվում էր եւ գրվում, իրականություն դարձավ: Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը երեկ որոշում է ստորագրել դեկտեմբերի 1-ից հ. 1 եւ հ. 2 տրամվայների երթուղիների սպասարկումը դադարեցնելու մասին: Այդ որոշումը հիմնավորվում է տրամվայների անարդյունավետ աշխատանքով, ինչի հետեւանքով աճում են «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸՙ էներգակիրներին ունեցած պարտքերը, ինչպես նաեւ Խանջյան փողոցի տրամվայի գծերի ապամոնտաժմամբ:

Խնդրին «Ազգն» անդրադարձել էր, ներկայացնելով ինչպես տրամվայի հավաքակայանի աշխատակիցների, այնպես էլ քաղաքապետարանիՙ ի դեմս տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանի, տեսակետները: Մասնավորապես վերջինս մեզ տեղեկացրել էր, որ խոսքն ընդամենը տրամվայների հետագա շահագործման նպատակահարմարության հարցը կառավարության նիստում քննարկելու մասին էՙ հունվարի 1-ից դադարեցնելու առաջարկով: Փաստորեն, Երեւանի քաղաքապետարանը հավատարիմ չեղավ իր իսկ ընդունած որոշմանը: Վերոնշյալ երթուղիների գործունեությունը դադարեցվեց 1 ամիս շուտ եւ այն էլ առանց կառավարության որոշման:

Թերեւս հասկանալի են որոշման դրդապատճառները: Տրամվայների շահագործման դադարեցումը հավելյալ ուղեւորներ կբերի երթուղային տաքսիներին կամ էլ անհրաժեշտություն կառաջացնի նոր երթուղիների բացման համար: Իսկ թե ովքեր են երթուղայինների այսպես կոչված «գծերի տերերը», հայտնի է բոլորին: Իշխանության ամենաբարձր օղակներում գտնվող պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, որոնք շատ լավ գիտեն սեփական շահերը առաջ մղելու, «լեզու գտնելու» ձեւերը կառավարությունում կամ քաղաքապետարանում: Այս անգամ նրանք գերազանցեցին իրենց, հասնելով նրան, որ քաղաքապետը ընդունի այն որոշումը, որը պետք է ընդուներ կամ մերժեր կառավարությունը: Նրանց, ինչպես եւ քաղաքապետին, հավանաբար այնքան էլ չեն հետաքրքրում, թե ինչպիսին կլինի տրամվայի հավաքակայանի 300 աշխատակիցների ճակատագիրը, տրամվայով երթեւեկող անապահով խավի վիճակը, որովհետեւ ջիփերի ու մերսեդեսների սիրահարներին երբեւէ անհրաժեշտ չի եղել օգտվել տրանսպորտի այդ տեսակից կամ աշխատանքով օրվա հացը վաստակել: Ինչ վերաբերում է էներգետիկներին ունեցած պարտքին կամ ընդհանրապես պետության կողմից ոլորտի ֆինանսավորման համար միջոցների բացակայությանը, ապա կարծում ենք, որ ցանկության դեպքում պետությունը կգտներ այդ աղբյուրները եւ կստանձներ էլեկտրատրանսպորտի գոնե էլեկտրաէներգիայի ծախսերը:

Չմոռանանք, որ տրամվայը էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտն է եւ իր գործելու անհրաժեշտությունն ապացուցեց նաեւ բենզինի ճգնաժամի տարիներին: Անգամ ամերիկյան բազմաթիվ քաղաքներում տրամվայները պահպանվում են, չխոսելով արդեն ԱՊՀ խոշոր քաղաքների մասին: Եվ ի վերջո, եթե պետությունն այդքան անզոր է եւ անկարող, թող հնարավորություն ընձեռի մասնավորին շահագործելու այս փոխադրամիջոցըՙ սեփականաշնորհելու կամ կառավարման հանձնելու տարբերակով: Սակայն, ավաղ, Երեւանի քաղաքապետը որոշեց գլխացավանքը վերացնել գլուխը կտրելով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4