Ինքնահռչակ Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան նոյեմբերի 29-ին Սուխումում ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակությանըՙ գլխավորությամբ հետխորհրդային տարածքում հակամարտության կարգավորման հարցերով նորանշանակ դեսպան, ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինայի:
Պրն Պերինան նոյեմբերի 28-ին Թբիլիսիում վրաց-աբխազական հակամարտության կարգավորման հեռանկարները քննարկել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ: Այս հանդիպման մասին վրացական լրատվական գործակալությունները լռում են:
Աբխազական «Ապսնիպրես» գործակալությունը նշում է, որ Ռ. Պերինան արտգործնախարար Ս. Շամբայի հետ հանդիպման ընթացքում ասել է, թե «Աբխազիա է ժամանել քննարկելու Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ առկա խնդիրը, ինչպես նաեւՙ այդ խնդրի արտացոլումը միջազգային համատեքստում: ԱՄՆ կառավարությունն անհրաժեշտ է համարում «սառը պատերազմից» հետո ի հայտ եկած, ձգձգված հակամարտությունների շուտափույթ կարգավորումը»:
Պերինան ասել է, թե այսօր պահն է, որ Աբխազիան եւ Վրաստանը կարգավորեն հարաբերությունները: «Աբխազիայի ժողովուրդը կստանա անվտանգության բոլոր երաշխիքները, տնտեսության վերականգնման համար կստանա ֆինանսական աջակցությունՙ պայմանով, որ Աբխազիան որպես ինքնիշխան կազմավորում մնա Վրաստանի կազմում», նշել է ամերիկացի դիվանագետը:
Արտգործնախարար Շամբան նշել է, որ աբխազ ժողովուրդը ըմբռնումով եւ շնորհակալությամբ է վերաբերվում, որ այնպիսի մեծ տերություն, ինչպիսին ԱՄՆ-ն է, շահագրգռված է վրաց-աբխազական հակամարտության կարգավորմամբ: «1999 թ. հանրաքվեով Աբխազիայի ժողովուրդն իր կամքն է արտահայտելՙ ապրել անկախ պետության կազմում», շեշտել է Շամբան:
Թ. Հ.