ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 3-ին Բուխարեստում սկսված ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման նախաշեմին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմումներ է հղել ԵԱՀԿ գործող նախագահ Միրչա Ջոանային, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Նիկոլայ Գրիբկովին (ՌԴ), Ֆիլիպ դը Սյուրմենին (Ֆրանսիա) եւ Ռուդոլֆ Պերինային (ԱՄՆ): ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության համաձայն, դիմումները հղված են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վարկաբեկման չդադարող կամպանիայի կապակցությամբ, որը մտացածին մեղադրանքներ է ներկայացնում ահաբեկիչների պատրաստման, թմրանյութերի փոխադրման, միջուկային մնացուկների թաղման նպատակով ղարաբաղյան տարածքների օգտագործման վերաբերյալ:
Մ. Ջոանային հասցեագրված նամակում, մասնավորապես, ընդգծվում է, որ վերջին ժամանակներս ադրբեջանական կողմը, ըստ էության, հրաժարվելով Փարիզում եւ Քի Վեսթում ուղիղ բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններից, այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք հակադրվում են ԵԱՀԿՙ վեճերի խաղաղ կարգավորման եւ նրանց լուծման համար ուժային վտանգի կամ ուժի չօգտագործման սկզբունքներին:
ԼՂՀ ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանի նախագահի եւ այդ երկրի այլ ղեկավարներիՙ հակամարտությունը ռազմական մեթոդներով լուծելու պատրաստակամության մասին հայտարարությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունը խոչընդոտներ են ստեղծում հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Նշվել է, որ նման քաղաքականությունը միայն խորացնում է կողմերի միջեւ փոխադարձ անվստահությունը եւ հեռացնում տարածաշրջանում կայունության եւ ամուր խաղաղության հաստատման հեռանկարը:
Ուղերձում ասվում է, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կտրականապես անհամաձայնություն են արտահայտել Ադրբեջանի բոլոր մեղադրանքների կապակցությամբ, ղարաբաղյան կողմը դիմում է ԵԱՀԿ գործող նախագահինՙ ԵԱՀԿ հովանու ներքո փաստերի հաստատման համար առաքելության կազմավորման եւ այն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու խնդրանքովՙ տեղում ծանոթանալու բոլոր բնագավառներում տիրող իրավիճակին, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ԵԱՀԿ համար:
«Հուսով եմ, որ չնայած ադրբեջանական կողմի հակազդեցությանը, որը սովորաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելությունների ուղարկմանը, ինչն էլ ադրբեջանական իշխանություններին թույլ է տալիս անպատիժ կերպով ապատեղեկացնել միջազգային հանրությանը տարածաշրջանում տիրող իրադրության մասին, մեր առաջարկությունը դրական արձագանք կգտնի եւ կիրականացվի կարճ ժամկետում»,-նշվում է ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված ԼՂՀ նախագահի դիմումում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված ԼՂՀ նախագահի դիմումի մեջ խնդրանք է արտահայտվում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել առաքելության կազմակերպման գործում: