«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2001-11-30 | #221, 2001-12-01 | #222, 2001-12-04


ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԴԵՄ

Ինտերնետային ցանցով տարածված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ առաջին անգամ, վերջին տարիների ընթացքում, Եվրամիության բոլոր հաստատությունները միասնական դիրքորոշում են դրսեւորել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման նկատմամբ, նշելով, որ դրա վերացումը, դիվանագիտական եւ առեւտրական հարաբերությունների հաստատումն իրենք համարում են նախապայմանՙ ոչ միայն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության, այլեւ կովկասյան հակամարտությունների լուծման համար:

Այդ առթիվ հրապարակված հայտարարություններից ամենանշանավորը Եվրամիության արտգործնախարարների խորհրդի ընդունածն է, որով Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ավարտին նշվում էր, որ «տարածաշրջանային կայունացման եւ բարգավաճման կարելի է հասնել վերացնելով առեւտրի եւ փոխանակման խոչընդոտները եւ բացելով սահմանները» մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Այս հայտարարությունը գալիս է լրացնելու Եվրամիության խորհրդի մի ներկայացուցչի նախապես խորհրդարանին ուղղված հայտարարությունը, որտեղ նույնպես խոսվում էր «համագործակցության» մասին:

Եվրահանձնաժողովն իր հերթին հրատարակած տարեկան զեկույցում նշում է, որ սահմանի փակումը հակասում է Եվրամիության օրենսդրությանը, ուստի եւ խոչընդոտում է անդամակցությանը: Միեւնույն դիրքորոշումը հաստատվում է նաեւ դեպի անդամակցություն Թուրքիայի անցած ճանապարհի վերաբերյալ Եվրախորհրդի որոշման մեջ: Բայց խորհրդարանական գործընկերության եւ համագործակցության հանձնաժողովի նոյեմբերի 20-ին ընդունած հայտարարությունը ցարդ ամենահստակն ու ամենավճռորոշն է:

Դրանում նշվում է. «Ողջունելով Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները նորմալացնելու բոլոր ջանքերը, մասնավորապես ընդգծելով կառավարական մակարդակով շուտափույթ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը, կոչ ենք անում Անկարայինՙ որպես ԵՄ-ի թեկնածու անդամի պարտավորություն, բացել սահմանները Հայաստանի հետ»:

Հայաստանի շրջափակման հարցը առաջացել է վերջին շրջանում Եվրամիության եւ Թուրքիայի բանակցությունների ընթացքում: Եվրամիությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները խիստ վճռորոշ է համարում տարածաշրջանի կայունության տեսանկյունից եւ փորձում է Թուրքիային հասկացնել, որ վերանայի Հայաստանի դեմ կիրառած իր ագրեսիվ քաղաքականությունը: Նա Թուրքիային անընդհատ մղում է նորանոր բարենորոգումների, հավատալով, որ իրենից բացի ուրիշ ոչ մի ուժ աշխարհում չի կարող վերափոխել Թուրքիայի քաղաքականությունը:

Ճիշտ է, հարցը դեռ երկար ժամանակ կարող է քննարկվել, սակայն տարբեր հաստատությունների միասնական դիրքորոշումով ԵՄ-ը հավանաբար կարող է հասնել դրական արդյունքի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4