«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2001-11-30 | #221, 2001-12-01 | #222, 2001-12-04


ՊՈՒՏԻՆ-ՇԵՒԱՐԴՆԱՁԵ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ Է ԲԱՑԵԼՈՒ ՄՈՍԿՎԱ-ԹԲԻԼԻՍԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի

Վրաստանի նախագահ Էդ. Շեւարդնաձեն ավանդական մամուլի ասուլիսում հիմնականում կանգ առավ ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովի շրջանակներում իր եւ Ռուսաստանի նախագահ Վլ. Պուտինի հանդիպմանը: Թբիլիսիի քաղաքական շրջանակները Պուտին-Շեւարդնաձե մոսկովյան բանակցությունները համարում են պատմական, կարծիք հայտնելով, թե նոյեմբերի 30-ից ռուս-վրացական հարաբերություններում սկսվում է նոր փուլ: Քաղաքական վերլուծաբանները Վրաստանի ներքաղաքական իրավիճակի քննարկումները, կանխատեսումները թողել են մի կողմՙ անիմաստ է խոսել ներքաղաքական կայունության մասին, եթե վրաց-ռուսական հարաբերությունները կարգավորված չեն:

Ռուսաստանի նախագահն իր վրաց գործընկերոջը հավաստիացրել է, որ Վրաստանի առաջին իսկ պահանջի դեպքում վրաց-աբխազական հակամարտության գոտուց դուրս կբերի խաղաղարարներին: Շեւարդնաձեի կարծիքով, վաղ է Աբխազիայից դուրս բերել ռուս խաղարարներին, քանի որ պարզ չէ, թե ով է նրանց փոխարինելու: Սա կարելի է համարել հեղափոխական հայտարարություն, քանզի նախագահ Շեւարդնաձեն մինչեւ վերջերս ինքն էր Մոսկվայից պահանջումՙ անհապաղ զորքերը դուրս բերել Աբխազիայից: Ի դեպ, Պուտինը, ըստ Շեւարդնաձեի, որոշել է վրաց-աբխազական հակամարտության կարգավորման հարցով նշանակել անձնական ներկայացուցիչ, որը «լինելու է նոր մարդ» եւ «ընդունելի վրացական եւ աբխազական կողմերի համար»: «Նախագահ Պուտինը մի քանի անգամ կրկնեց, որ Ռուսաստանը չունի եւ չի ունենալու հետաքրքրություններ Աբխազիայում, եթե երկրամասը չի լինելու Վրաստանի կազմում», ասաց Էդ. Շեւարդնաձեն:

Վաղըՙ դեկտեմբերի 5-ին, լրանում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ այցագրային կարգ հաստատելու մեկ տարին: Էդ. Շեւարդնաձեն նշեց, որ «միշտ փորձել է ռուսական կողմին համոզել այցագրային կարգ մտցնելու աննպատակահարմարությունը, ինչը ե՚ւ ռուսական, ե՚ւ վրացական կողմերին դնում է անհարմար վիճակի մեջ»:

Վրաստանի նախագահը հերքեց ԱՊՀ գագաթաժողովի ավարտին մամուլի ասուլիսում Վլ. Պուտինի արած այն պնդումները, թե Պանկիսի կիրճում հիմնվել է թմրանյութերի արտադրություն:

Սպասվում է, որ մոտ ապագայում Վրաստանը եւ Ռուսաստանը կստորագրեն ռուս-վրացական պայմանագիր: Նախորդՙ 1991 թ. պայմանագիրը ոչ միայն չիրագործվեց, այլեւ մինչ օրս չի վավերացվել ՌԴ Պետդումայում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4