«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2001-11-30 | #221, 2001-12-01 | #222, 2001-12-04


ՔՈԼԻՆ ՓԱՈՒԵԼԸ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԵՐԿՈՒՍՏԵՔ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ՀԱՐՑԵՐ Է ՔՆՆԱՐԿՈՒՄ

Դրա հիմքում դրված են թուրք-ամերիկյան քաղաքական հաշվարկները

Այսօր Անկարա է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը: Ենթադրվում է, որ այնտեղ նա, բացի Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմից, կհանդիպի նաեւ վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հետ: Փաուելի հանդիպումներում կքննարկվեն Աֆղանստանում ծավալվող պատերազմին եւ այդ երկրի քաղաքական ճակատագրին, Իրաքի դեմ ռազմական գործողությունների իրականացմանն ու դրանց թուրքական զորքերի մասնակցությանը, Կիպրոսի հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ Եվրամիության արագ արձագանքման զորամիավորումներին առնչվող խնդիրներ:

Այս խնդիրների առանցքային նշանակությունը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի համար ակնհայտ է: Թերեւս դա պայմանավորված է քաղաքական զարգացումների անբարենպաստ ընթացքով: Դա առանձնակի սրություն է հաղորդում խնդիրներին: Քանի որ դրանք մեծապես շահագրգռում են նաեւ եվրոպական երկրներին, ուստի դրանց սրումը սուր տարաձայնություններ է առաջացնում ԵՄ-ի հետ ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԱՄՆ-ի հարաբերություններում: Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ապա դրանց ընթացքի վրա անհերքելի ներգործություն են ունենում ԱՄՆ-ի ծրագրերին ծառայելու Թուրքիայի պարտավորությունները:

Ակամա հարց է ծագումՙ իսկ Թուրքիայի ազգային շահե՞րը: Դրանք էլ պարտավորությունների բերումով ածանցվում են ԱՄՆ-ի շահերին: Այս պայմաններում թուրքական իշխանություններն անվերապահորեն աջակցում են Վաշինգտոնին, ինչպես Աֆղանստանի պարագայում, կամ կանխարգելիչ նախահարձակ միջոցների են դիմում, ինչպես Կիպրոսի հիմնահարցում կամ, գիտակցելով ամերիկյան ծրագրերից բխող վտանգը, ինչպիսին բխում է Իրաքի դեմ հակաահաբեկչական գործողություններից, ամերիկացիներին իրենց համերաշխությունն են հայտնում, կամ էլ վերջիններիս պահանջներին տեղի են տալիս, բայց ամեն կերպ դա քողարկում են:

Քողարկման առումով թերեւս հատկանշականը դեկտեմբերի 2-ի արտակարգ խորհրդակցությունն էր, որն Էջեւիթը, մասնակցությամբ զինվորական իշխանությունների ներկայացուցիչների, հրավիրվեց Անկարայում բազմակողմանիորեն քննարկելու ազգային անվտանգության խնդիրներ: Խորհրդակցության ավարտին հրապարակվեց պաշտոնական հաղորդագրություն, որտեղ մասնավորապես նշվում է, որ Եվրոպայի անվտանգության եւ պաշտպանության նախագծի շրջանակներում ԵՄ-ի արագ արձագանքման զորամիավորումների կազմավորման հարցը դեռ օրակարգ էր մտել 1999-ին ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթաժողովում: Օրակարգ մտած այս հարցը, սկսած նույն թվականի մայիսից, շարունակ քննարկվել է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչ Անգլիայի հետ:

Հաղորդագրությամբ Թուրքիան, որը մինչ այդ համառորեն հակադրվում էր ԵՄ-ի արագ արձագանքման զորամիավորումների կազմավորմանը, հանկարծ իր աջակցությունը հայտնեց: Ավելինՙ Էջեւիթը հայտարարեց, որ Թուրքիայի պահանջներն այդ առումով մեծապես բավարարվել են: Որո՞նք են դրանք: Այս հարցին դեկտեմբերի 3-ի համարներում պատասխանեցին թուրքական թերթերը: Այսպիսով պարզ դարձավ, որ մինչ խորհրդակցության հրավիրումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը նամակով հավաստել է Էջեւիթին, որ Կիպրոսի կամ Էգեյան կղզիների առնչությամբ որեւէ հակամարտության դեպքում ԵՄ-ը չի աջակցելու Աթենքին, իսկ Վաշինգտոնը երաշխիքներով բացառել է ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրների, այսինքնՙ Թուրքիայի եւ Հունաստանի առճակատմանը ԵՄ-ի միջամտությունը:

Թուրքիան, աջակցելով ԵՄ-ի տվյալ զորամիավորումների կազմավորմանը Քոլին Փաուելի այցի նախօրյակին, նախապես կանխում է այդ աջակցության Վաշինգտոնի ճնշումներով պայմանավորումը միջազգային ասպարեզում, միաժամանակ հարթում է Եվրոպայի անվտանգության եւ պաշտպանության նախագծի հարցում ԵՄ-ի հետ իր գլխավոր հակասությունն ու ողջ ուշադրությունը կիպրական հիմնախնդրի վրա կենտրոնացնելու հնարավորություն ստանում: Թերեւս դրանով մասամբ թուլացնում է եվրոպական երկրների աջակցությունը կիպրացի հույներին եւ ստիպում վերջիններիս, որպեսզի նրանք մեղմեն իրենց դիրքորոշումը թուրքական կողմի նկատմամբ:

Հարցը, սակայն Թուրքիան չէ, այլ ԵՄ-ի արագ արձագանքման զորամիավորումների նկատմամբ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը: Ակնհայտ բացասական այս դիրքորոշումը, որն անառարկելիորեն պայմանավորում էր Թուրքիայի մոտեցումը, հանկարծ ինչո՞ւ դրականի վերածվեց: Ըստ ամենայնի, ԱՄՆ-ը աֆղանական պատերազմի ներկա փուլում, երբ նա պատրաստվում է «հակաահաբեկչական» գործողություններ ծավալել նաեւ Իրաքում, նպատակահարմար չի գտնում սրել ԵՄ-ի հետ առանց այդ էլ սրված հարաբերությունները: Ինչպես հայտնի է, Ֆրանսիան եւ Գերմանիան, որոնք ԵՄ-ի առանցքային երկրներն են, ակնհայտորեն հակադրվում են Իրաքի ռմբակոծման ամերիկյան նկրտումներին: Նրանց է միանում նաեւ Անգլիան: Թերեւս այդ առումով պատահական չէր CIA-ի նախկին պետ Վուլսիի հայտարարությունը, թե Իրաքում ռազմական գործողություններ ծավալելու համար մեզ Թուրքիայի աջակցությունը բավարար է: Ամենեւին չէին կարող պատահական լինել ամերիկյան զորքերի զորավարժությունները Քուվեյթում կամ Քոլին Փաուելի այցելության շրջանակներում վերջին պահին Անգլիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի եւս ընդգրկումը:

Եթե Թուրքիան, աջակցելով ԵՄ-ի արագ արձագանքման զորամիավորումներին, փորձում է Կիպրոսի հույներին զրկել աջակցությունից, ապա ԱՄՆ-ը ապահովելով զորամիավորումների հարցում թուրքերի աջակցությունը, փոխարենը ԵՄ-ից Իրաքի դեմ աջակցություն է ակնկալում: Ուրեմն ԵՄ-ի արագ արձագանքման զորամիավորումներն անուղղակիորեն առնչվում են Իրաքի ռմբակոծման ծրագրերին: Հատկանշական է, որ ԵՄ-ի կազմում Կիպրոսի Հանրապետության ընդգրկումն էլ առնչվում է Արեւելյան Միջերկրականում դիրքեր ամրապնդելու քաղաքական հաշվարկներին: Այս դեպքում ԵՄ-ի սահմանները ոչ միայն ընդարձակվում են Միջերկրական ծովի արեւելքում, այլեւ եվրոպական երկրները Կիպրոսի վրայով թե Սուեզի ջրանցքը վերահսկելու եւ թե Մերձավոր Արեւելք ներթափանցելու լայն հնարավորություններ են ձեռք բերում:

Որպեսզի դա տեղի չունենա, եվրոպական երկրների դեմ ԱՄՆ-ը պետք է թուրքական գործոնն օգտագործի, ինչպես դա ռուսական ազդեցության դեմ օգտագործում է Աֆղանստանը: Դրա համար, սակայն, պետք է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք Աֆղանստանում եւ Իրաքում իր առջեւ է դրել Միացյալ Նահանգները: Ուրեմն, ԵՄ-ի արագ արձագանքման զորամիավորումներին Թուրքիայի աջակցությունը ժամանակավոր մարտավարական քայլ է, որն ակամա մարտավարական է դարձնում Կիպրոսի Հանրապետությանը եվրոպական երկրների աջակցությունը: Ահա թե ինչու այն պահին, երբ Քոլին Փաուելը Անկարայում բանակցություններ է վարում Թուրքիայի ղեկավարների հետ, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ինքնակոչ նախագահ Ռաուֆ Դենքթաշը ՄԱԿ-ի հովանավորությամբ հանդիպում է Կիպրոսի Հանրապետության նախագահ Գլավքոս Քլերիդեսի հետ:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4