ԲԱՔՈՒ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 30-ին կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը խոսքը վերաբերել է ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության երկխոսության շարունակմանը: Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը: Նախարարը հայտնել է, որ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը դիմել են Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը հետագայում եւս ակտիվ դեր խաղա այդ խնդրի կարգավորման որոնումներում ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ Մինսկի խմբի շրջանակներում: Ըստ ANS գործակալության, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը դժգոհություն է հայտնել, որ Մոսկվայում ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում չի ընդունվել, իր ձեւակերպմամբ, «Լեռնային Ղարաբաղում ագրեսիվ անջատողականությունը եւ ահաբեկչությունը դատապարտող փաստաթուղթ»: «Մինչ օրս Ադրբեջանի նախաձեռնությամբ հարցը բարձրացվել է ԱՊՀ բոլոր գագաթաժողովներում: Բայց ամեն անգամ հայկական պատվիրակության ջանքերով այս ձեւակերպումները հանվել են: ԱՊՀ ոչ մի ղեկավար չի պաշտպանել Ադրբեջանի արդար պահանջները»,- հայտարարել է Ալիեւը: Ադրբեջանցի ղեկավարը նշել է նաեւ, որ «Կովկասյան քառյակի»ՙ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումն արդյունավետ է անցել, սակայն Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում որեւէ փոփոխություն ԼՂ հարցում կողմերի դիրքորոշման մեջ առաջ չի եկել: