ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐ: Դեկտեմբերի 1-ին, վաղ առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Սյունյաց թեմՙ օծելու Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց նորակառույց եկեղեցին:
Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր դեռեւս 1996 թվականինՙ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ: Եկեղեցու կառուցման հովանավորությունն ստանձնել էր Սյունյաց մարզպետարանըՙ բարեպաշտ ժողովրդի աջակցությամբ:
Հայոց հայրապետի ձեռամբ նախ օծվեցին Սբ. սեղանը եւ Սբ. խորանը, ապա Սյունյաց թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանն օծեց մկրտության Սբ. ավազանը: Օծման արարողությանն իրենց մասնակցությունն էին բերել նաեւ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Դերենիկ վրդ. Դավթյանը եւ թեմի քահանայական դասը: Սրբազան արարողությանը ներկա էին Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, նախկին մարզպետ Սուրեն Աբրահամյանը, Կապանի, Գորիսի ու Սիսիանի քաղաքապետները, պատգամավորներ, պաշտոնատար անձինք, բազմաթիվ հավատացյալներ:
Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու օծման հանդիսությունն ավարտվեց մատաղի օրհնությամբ եւ ժողովրդական տոնախմբությամբ: