«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2001-11-30 | #221, 2001-12-01 | #222, 2001-12-04


ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ «ՆԱԻՐԻՏԸ»

Հայաստանում է «Ինտերկոնտակտ» ընկերության ղեկավարությունը

Դեռեւս երկու ամիս առաջ Հայաստանի կառավարությունը որոշեց «Նաիրիտի» արտադրական հատվածն ընդգրկող «Նաիրիտ-1»-ի համար լրացուցիչ բաժնետոմսեր թողարկել, այսինքն ձեռնամուխ լինել ընկերության մասնավորեցմանը: Հայտնի է նաեւ «Նաիրիտ-1»-ի 51 տոկոսի հավակնորդըՙ ուկրաինական «Ինտերկոնտակտ» ընկերությունը, որն այդ մասնաբաժինը պետք է ձեռք բերերՙ ներդնելով 6,6 մլրդ դրամ: Ընդհանուր ներդրումների չափըՙ ձեռնարկությունը 25-30 հազ. տոննա հզորությամբ աշխատեցնելու համար, պետք է լինի մոտ 22 մլն դոլար: Որ ուկրաինական կողմի մտադրությունները լուրջ են, մեկ անգամ եւս փաստվեց երեկ «Ինտերկոնտակտի» պատվավոր նախագահ Ալեքսանդր Եդինի (որը միաժամանակ Գերագույն ռադայի պատգամավոր է) եւ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպման ժամանակ:

Ինչպես տեղեկացանք արդյունաբերության եւ առեւտրի նախարարության լրատվական ծառայությունից, երեկ Հայաստան ժամանած «Ինտերկոնտակտի» ներկայացուցիչների կազմում ընդգրկված են նաեւ փորձագետներ, որոնք պետք է ուսումնասիրեն «Նաիրիտի» հետ կապված բոլոր խնդիրներըՙ սկսած ներդրումային դաշտից մինչեւ ձեռնարկության գործունեության հնարավորությունները: Ուկրաինացիները նշեցին, որ իրենց նպատակները լուրջ են, քանզի այս ընկերությունը «Նաիրիտի» արտադրանքը սպառողներից է եւ ունի ֆինանսական մեծ հնարավորություններ: Ներկայումս Ուկրաինայում կաուչուկի մեծ պահանջարկ կա, որն առաջիկա 2-3 տարում աճելու է:

«Ինտերկոնտակտը» ընդամենը 10 տարվա պատմություն ունի, սակայն այդ ընթացքում երկաթուղային փոխադրումներով զբաղվող փոքրիկ ընկերությունից վերաճել է խոշորագույն կոնցեռնի եւ ընդգրկում է արտադրական, բանկային, կապի կազմակերպություններ, գործընկերական կապեր ունի ռուսական խոշորագույն ՌԱՕ ԵԷՍ, «Իտեռա» եւ այլ ընկերությունների հետ: Այս ընկերության հետ համագործակցությանը լրջորեն է վերաբերվում նաեւ հայկական կողմը, եւ պատահական չէ, որ այսօր «Ինտերկոնտակտի» պատվիրակությանը հանդիպում է սպասում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդուհանդերձ, հարկ ենք համարում նշել, որ վերջնական պայմանագիր ուկրաինացիների այս այցելության ժամանակ թերեւս չի ստորագրվի: Մինչդեռ այս ոլորտի պատասխանատուների հայտարարությունների համաձայն, արդեն պետք է ստորագրված լիներ նոյեմբերին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4