«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2001-11-30 | #221, 2001-12-01 | #222, 2001-12-04


ԴԱՐՁՅԱԼ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ն. Հունանյանը շարունակում է հարցաքննել եղբորը

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության երեկվա նիստը կարճատեւ էր, պատճառն էլեկտրաէներգիայի բացակայությունն էր: Այդ պայմաններում հետագա աշխատանքն անիմաստ համարելովՙ դատավոր Ս. Ուզունյանը նիստը հետաձգեց մինչեւ չորեքշաբթի: Նիստին ամբաստանյալ Նաիրի Հունանյանը վերստին եղբորը հարցադրումներ ուղղողի դերում էր: Նրա ուշադրությունը կենտրոնացած էր հիմնականում նախաքննական փուլին, որի ընթացքում, ինչպես բազմիցս նշել է ամբաստանյալ Կարեն Հունանյանը, իրենց հանդեպ պարբերաբար կիրառվել են ճնշումներ:

Եղբոր հարցերին ի պատասխանՙ Կարեն Հունանյանը տեղեկացրեց, որ գործի նախաքննական փուլի ընթացքում ինքն ու Նաիրին հանդիպել են ընդամենը 3 անգամ. առաջին հանդիպմանը ներկա են եղել միայն քննիչները, երկրորդին ու երրորդինՙ զինվորական դատախազն ու գլխավոր դատախազը: Ճնշումների ենթարկված լինելու հանգամանքը նկատի ունենալովՙ Նաիրի Հունանյանը եղբորը հարց ուղղեց, թե կարողանո՞ւմ էր նա քայլել այդ օրը, երբ իրենք հանդիպեցին: Կ. Հունանյանը պատասխանեց, թե մի կերպ կարողացել է քայլել: Հարցաքննող ամբաստանյալը նրա փոխարեն պարզաբանեց, թե Կարենի ոտքերը ճնշումներից ուռած էին: Տուժող կողմի փաստաբաններն այս հայտարարությանն ի պատասխան անմիջապես արձագանքեցին, թե հարցաքննող ամբաստանյալն ուղղորդում է եղբորըՙ պատասխանը հուշելով: Այնուհետեւ Ն. Հունանյանը հնչեցրեց հաջորդ հարցը. «Քննիչները քեզ երբեւէ ասե՞լ են, թե ինձ տարել են ու սպանել.»: Կ. Հունանյանը խոստովանեց, թե այդպիսի խոսակցություններ քննիչներ Եղոյանի ու Այվազյանի կողմից իր ներկայությամբ իրոք եղել են: Ապա վերստին սկսեց պատմել իր հանդեպ գործադրված ճնշումների մասին: Մասնավորապես նշեց, որ անցյալ տարվա հունվարի 6-ին անծանոթ մի բժիշկ իրեն ներարկել է, ինչին հաջորդել է իր հարցաքննությունը, որը վարել են զինդատախազն ու ամբաստանյալին անհայտ մի անձ:

Այդուհանդերձ, թեպետ Կ. Հունանյանը խոսում էր ճնշումների մասինՙ փաստեր վկայակոչելով, պարզ էր, որ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը «կառավարում» է եղբոր ասելիքի բովանդակությունն ու ծավալման շրջանակները, քանզի հենց որ վերջինս սկսում էր, տրված հարցի սահմաններն ընդարձակելով, այլ տեղեկություններ էլ հաղորդել, ավագ եղբայրն անմիջապես ընդհատում էր նրան ու պահանջում չշեղվել իր հարցից: Իսկ իր միջամտությունն ամբաստանյալը պատճառաբանում էր այն հանգամանքով, թե իբր չի ցանկանում տուժող կողմի փաստաբանների դժգոհությունն առաջացնել.

Ա. ԲԱԲԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4