ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամ երեխաների օր: Այդ օրվան էր նվիրված հանրապետության հատուկ (հենասայլակավոր, թույլ լսող, խուլ ու համար, կույր) եւ սովորական հանրակրթական դպրոցների աշակերտների համատեղ համերգը, որը տեղի ունեցավ Երեւանի Պուշկինի անվան դպրոցում այսօր, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ:
Բացելով հանդիսությունը, փոխնախարար Աիդա Թոփուզյանը նշեց, որ ներկայումս աշխարհի բնակչության շուրջ 10 տոկոսը հաշմանդամ է, իսկ յուրաքանչյուր 4-րդ մարդն այս կամ այն կերպ առնչվում է հաշմանդամության խնդրին: Հայաստանում հաշվառված է շուրջ 108 հազար հաշմանդամ, որից 8500-ըՙ մինչեւ 16 տարեկան երեխաներ: Նրա խոսքերով, այսօր փոխվել է վերաբերմունքը ֆիզիկական արատ ունեցող երեխաների նկատմամբ: Հանրապետությունում ներկայումս գործում են 32 հատուկ դպրոցներ: Մայրաքաղաքի 6 մանկապարտեզներում առողջ երեխաների հետ հաճախում են նաեւ ֆիզիկական արատով երեխաներ, որտեղ նրանց վերաբերվում են ինչպես լիարժեք մարդկանց: Նույն սկզբունքով գործում են մի քանի դպրոցներ եւս: «Հասարակությունը պիտի պատրաստ լինի ընդունել այդ երեխաներին այնպիսին, ինչպիսին նրանք կանՙ առանց որոշակի խտրականությունների», ընդգծեց Ա. Թոփուզյանը:
Ապա հրապարակվեց հանրապետության առաջին տիկնոջՙ Բելլա Քոչարյանի ուղերձը օրվա կապակցությամբ, որտեղ մասնավորապես շեշտվում էր, որ հաշմանդամները մեր հանրության լիարժեք անդամներն են: Պատմությանը հայտնի է, թե հանրության այդ շերտը որքան անվանի մտավորականներ, գիտնականներ, արվեստագետներ է տվել մարդկությանը: