Նրանք շարունակում են շահարկել «Քաղծառայության մասին» օրենքը
ՀԺԿ պատգամավորները, որոնք հանրապետականներին առճակատման գնացին հատկապես «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի շուրջ հայտնած տարակարծությունների պատճառով, վերստին առիթ գտան աղմուկ բարձրացնելու նույն նախագծի շուրջ, որը, չնայած դրան, խորհրդարանն արդեն ընդունել էր առաջին ընթերցմամբ: Վկայակոչելով նախագծի շուրջ Վենետիկի հանձնաժողովի առաջին եզրակացությունը, ժողովրդականները համարում են, որ օրենքի նախագիծը որեւէ բարեփոխման չի ենթարկվել, այդ հանձնաժողովը դրական վերաբերմունք չի հայտնել, ուստի պետք է հակասահմանադրական ճանաչել:
Փորձելով փաստարկել իրենց դիրքորոշումը, նրանք ներկայացնում են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն օրենքի նախագծիՙ նախագահի ներկայացրած սահմանադրական բարեփոխումներին համապատասխանելու կապակցությամբ: Խնդիրն այն է, որ նման օրենք, ըստ ՀԺԿ-ականների, չի կարելի ընդունել, քանի որ. «Մենք չենք փոխել մեր կարծիքը եւ շարունակում ենք պնդել, որ նախագծի որոշ կետեր հակասում են գործող սահմանադրությանը: Իսկ մեր նշած դիտողությունները չեն ընդունվել: Կառավարությունը վկայակոչում է Վենետիկի հանձնաժողովի ինչ-որ նոր եզրակացություն, որը չկա եւ ուժի մեջ է մնում միայն այն եզրակացությունը, որը ձեռքի տակ ունեինք դեռ առաջին ընթերցման ժամանակ եւ որտեղ նշված էր, որ նախագիծը հակասում է սահմանադրությանը: Իսկ նոր եզրակացությունը վերաբերում է ոչ թե գործող սահմանադրությանը, այլ նախագահի ներկայացրած սահմանադրական նախագծին: Իսկ այն հանրաքվեով ընդունված չէ եւ ուժ ունենալ չի կարող», գտնում է ՀԺԿ-ական Վարդան Մկրտչյանը:
Սակայն ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որի վրա է ՀԺԿ-ն դնում խոստացած նոր եզրակացության իբր բացակայության պատասխանատվությունը, ՀԺԿ-ականների հրապարակած փաստարկները ոչ ավել, ոչ պակաս, կեղծիք որակեց: «Ես ինքս Վենետիկի հանձնաժողովին դիմել եմ նամակով դեռ օգոստոսին եւ ներկայացրել եմ առաջին ընթերցմամբ անցած նախագծին կից, խնդրելով եզրակացություն տալ դրաՙ գործող սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ: Դրանից հետո, սեպտեմբերի վերջին խորհրդարան ուղարկեցին Վենետիկի հանձնաժողովի անդամ Տուորիի եզրակացությունը, եւ եւս երկու եզրակացություն, որոնք ավելի ուշ ուղարկվեցին: Վերջին երկուսի հետ կապված որեւէ խնդիր չկա, իսկ առաջինի հետ կապված Տուորին նայել էր նաեւ սահմանադրության նախագահական տարբերակը, քանի որ այն ուներ իր ձեռքի տակ եւ դրա վրա աշխատել էր մեկուկես տարի: Սեմինարներից մեկի ժամանակ ես դիմեցի հանձնաժողովի քարտուղարի տեղակալ Ջակալուկոլոսին, որ ներկայացվել է նաեւ Տուորիի եզրակացությունը: Նա պատասխանել է, որ գործող սահմանադրության հետ համեմատելով այդ մարդը դիտողություններ չի ներկայացրել եւ լավություն անելու համար համեմատել է նաեւ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների հետ: Այդ մասին բոլորը գիտեն»:
Ինչպես պարզվում է, սակայն, ՀԺԿ-ն այդ մասին չգիտեր, կամ որ ավելի տեղին է, չիմանալու է տվել: Եթե նրանք փաստարկներ բերեին կոնկրետ գործող սահմանադրությանը հակասող հոդվածների վերաբերյալ, հասկանալի կլիներ, առավել եւս, որ հայրենի խորհրդարանականներից եւ ոչ մեկը գրավոր առաջարկՙ նախագիծը բարելավելու նպատակով չէր ներկայացրել: ՀԺԿ-ն փաստորեն հերթական շահարկումների կծիկն է փորձում բացելՙ իրականությունը ներկայացնելով ցանկալի ձեւով: Եթե այս քաղաքական ուժի ներկայացուցիչներն այդքան ցանկություն ունենային նախագիծը բարելավելու, ապա ոչ միայն խորհրդարանի նախագահությունից կփորձեր ճշտել նոր եզրակացություն ստացվել-չստացվելու խնդիրը, այլեւ կոնկրետ Վենետիկի հանձնաժողովից հստակ դիրքորոշում կպահանջեր: Դրանցից եւ ոչ մեկը ՀԺԿ-ն չի արել, փոխարեննՙ ակտիվորեն օգտագործվում են քաղաքական մանիպուլյացիաների հնարքները: Այդ հանգամանքն էլ հիմք է տալիս Տիգրան Թորոսյանին ասելու. «Օգտվում են այն հանգամանքից, որ պետաիրավական հանձնաժողովի նախագահն այստեղ չէ, որը պետք է վկայեր եզրակացությունները վաղուց ԱԺ-ում լինելու մասին: Իսկ հիմա շահարկումների, կեղծիքների են դիմում: Անկեղծ ասած, մտածում եմ, թե ամեն մի ողջամիտ մարդու համար պարզ էՙ ինչ է կատարվել»:
«Քաղաքացիական ծառայության մասին» բազմաչարչար այս նախագիծը, ըստ էության, արդեն երրորդ անգամ է խորհրդարանական քննարկումների առարկա դառնում եւ որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Արդարադատության փոխնախարար Արեւիկ Պետրոսյանը կատարված փոփոխությունները հետեւյալ կերպ ներկայացրեց. «Դրանք ելնում են Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրախորհրդի փորձագետների եզրակացությունից: Ըստ փոփոխությունների նախատեսվում են ատեստավորմանՙ մինչեւ համապատասխան որոշում կայացնելը, տվյալների բողոքարկումը, ինչպես նաեւ նախատեսվում է պաշտոնից ազատելու հիմքՙ մեկ տարվա ընթացքում միայն խիստ նկատողություն կամ աշխատավարձի իջեցում: Այսինքն բացառվում են նկատողությունների հետ կապված խնդիրները: Նախատեսված է քաղծառայողին իրավունք վերապահել նախապատրաստվելու համար դիմում ներկայացնելու, ինչը նախկինում չկար»:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ