«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2001-11-30 | #221, 2001-12-01 | #222, 2001-12-04


«ՀԺԿ-ՈՒՄ ՄԵԶ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ». ԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱՆ

«Առողջ պահպանողական» ԺԴԿ-ն սատարում է ՀՀԿ-ին միայն կայունությունը պահպանելու համար

ՀԺԿ տրոհումից հետո ձեւավորված նոր Ժողովրդական դեմոկրատական կուսակցության դերը քաղաքական դաշտում այս պահին թերեւս մեկ կարեւորագույն նշանակություն ունի. պահպանել կարկատած կայունությունը: Հասկանալու համար ԺԴԿ-ի այս գործառույթը, բավական է անդրադարձ կատարել «Միասնություն» դաշինքի ֆոնի վրա մնացած նույնանուն խմբակցության ներքին կառուցվածքին: Երեք քաղաքական միավորից կազմված «Միասնությունը» ներկայումս գոյություն ունենալ չէր կարող, եթե ԺԴԿ պատգամավորները մյուսների նման դուրս գային խմբակցությունից: ՀՀԿ-ն որպես քաղաքական մեծամասնություն այլեւս կկորցներ իր առաջատարի դիրքերըՙ խորհրդարանում քաղաքական որոշումներ կայացնելու գործառույթն ինքնաբերաբար հանձնելով հիմնականում խորհրդարանական խմբերին: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ կառավարությունն օրենսդիր մարմնում կորցնում է իր հենարանը, եւ խմբերի ու փոքրամասնություն կազմող քաղաքական ուժերի ցանկություններից կախված ցանկացած պարագայում կարող է անվստահության քվե ստանալ: Միաժամանակ քաղաքական դաշտում նոր վերադասավորություններ կսկսվեին, որոնք անկայունության մեծ պոտենցիալ են պարունակում:

ՀՀԿ-ն կարողացել է ԺԴԿ-ին համոզել մինչեւ խորհրդարանի լիազորությունների ավարտը պահպանել խմբակցության հարաբերական կայունությունը, եւ ԺԴԿ-ն գնացել է փոխհամաձայնության: Սակայն պետք էր սպասել, որ դրա փոխարեն ՀՀԿ-ն կառավարության շրջանակներում իրենց պաշտպաններին որոշակի լծակներ կտրամադրեր, որը ԺԴԿ-ին մեխանիկորեն կստիպեր կառավարության գործունեության համար պատասխանատվություն ստանձնելու: Իհարկե, ԺԴԿ-ն հիմա էլ հայտարարում է, որ ընդունում է պատասխանատվությունը (չնայած ՀԺԿ կազմում ԺԴԿ-ի հիմնադիրներն անգամ չէին էլ ակնարկում այդ մասին), սակայն երկու վերապահմամբ. նախ նրանք հայտարարում են, որ դեռեւս գործում են «Միասնություն» դաշինքի ծրագրերով եւ որ ամենակարեւորն էՙ առայժմ «Միասնություն» խմբակցության շրջանակներում: Այսինքնՙ այդ շրջանակներից դուրս նման պատասխանատվություն ԺԴԿ-ն դժվար թե ստանձնի:

Սակայն հետաքրքրական է, որ ԺԴԿ-ի թեկուզ ժամանակավոր հավատարմությունը հանրապետականները չգնահատեցին. ոչ միայն կառավարությունում տեղեր չհատկացրին, այլեւ երկու ԺԴԿ-ական չինովնիկի պարզապես կրճատեցին: Ընդ որում, երկուսից մեկը կրթության եւ գիտության փոխնախարար Ռոբերտ Զարգարյանն էր, որը կրճատվել էր համակարգում կառուցվածքային փոփոխություններով նախարարի 4 տեղակալներին երկուսով փոխարինելու պատճառաբանությամբ: Մյուսը Արմավիրի փոստային ծառայության տնօրենն էր, որին, ըստ ՀԺԿ անդամների, պարզապես փոխարինել են համակարգի հետ ընդհանրապես կապ չունեցող մեկով: Եվ չնայած ԺԴԿ-ն հույսեր է փայփայում, որ գոնե Զարգարյանին այլ աշխատանքի կտեղափոխեն, այնուամենայնիվ, այսօր էլ պնդում է, որ երկրում տարվում է սխալ կադրային քաղաքականություն: Կուսակցության նախագահ Գագիկ Ասլանյանը դրա դեմ պայքարը, սակայն, հրապարակայնացնել չի ուզում: Ըստ երեւույթին գտնում է, որ նեղ շրջանակներում եւ կուլիսների հետեւում կարող է լուծել նման կարեւորագույն հարցերը: ՀՀԿ-ն, սակայն, այսպես թե այնպես ԺԴԿ-ի հետաքրքրությունները եւ պահանջները բավարարել չի կարող գոնե առաջիկա 1 տարվա ընթացքում: Խնդիրն այն է, որ մեկ ամսվա ընթացքում ՀՀԿ-ին անհրաժեշտ է ամեն կերպ անցկացնել հերթական տարվա բյուջեն, որի հանդեպ խորհրդարանական քաղաքական ուժերի վերաբերմուքին ՀՀԿ-ն վստահել չի կարող: Փաստորեն, նման պայմաններում ԺԴԿ-ի օժանդակությունը հանրապետականներին պետք է օդ ու ջրի պես:

Իսկ նորաստեղծ ԺԴԿ-ն մի քանի սկզբունքներ է առաջ քաշում իր համար, որոնք, մեղմ ասած, հակասական են: Օրինակ, նրանց գնահատմամբՙ բազմաթիվ կուսակցություններ Հայաստանում ձեւավորվել եւ ձեւավորվում են անձերի շուրջ, որն իրենց համար անընդունելի է: Այստեղ պարզապես չես կարող չհիշել, որ հենց «Միասնություն» դաշինքն էլ, որի անդամներից էին նաեւ ԺԴԿ-ի հիմնադիրներըՙ ՀԺԿ-ից սերված պատգամավորները եւ ներկայիս ԺԴԿ-ի 1250 անդամից 800-ը (ՀԺԿ-ից փոխադրվածների մոտավոր քանակը), ձեւավորվեց հենց անձերիՙ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի շուրջ: Մյուս դեպքում ԺԴԿ-ն իրեն համարում է պետականամետ, կենտրոնամետ կուսակցություն, որը «առողջ պահպանողական» ուժ է: Թե ինչ է նշանակում վերջին բառակապակցությունը, դժվար է բացատրել: Իրենքՙ ԺԴԿ-ականները, շատ կարճ փորձեցին բացատրել, որ դա նշանակում է. ավանդապաշտություն: Սակայն կոնկրետ ինչ ավանդույթներ եւ արդյոք դրանք ազգային արժեքների պահպանո՞ւմ են ենթադրում, անհասկանալի է:

Սակայն ամենախոցելին թերեւս այն բացատրությունն է, ըստ որի իրենք պատրաստ են համագործակցելու բոլոր ուժերի հետ, որոնք ընդունում են իրենց սկզբունքները, այդ թվում եւ ՀԺԿ-ի: Եվ այդ մասին ԺԴԿ-ականները հայտարարում են այն դեպքում, երբ իրենք են նշում, որ ՀԺԿ-ում իրենց խանգարում էին: Իսկ Գագիկ Ասլանյանը զարմանում է, թե ինչպե՞ս կարող է արմատական ընդդիմության մեջ մտած ՀԺԿ-ն «Միասնություն» դաշինքի ծրագրեր իրագործել, եթե ընդհանրապես անտրամաբանական է պատկերացնել արմատական ընդդիմության դիրքերից կառուցողական որեւէ ծրագրի իրագործումը:

Այս տեսակետից ԺԴԿ-ն իրեն համարում է «Միասնություն» դաշինքի ժառանգորդըՙ նրա ծրագրային դրույթները սեփականացնելու առումով: Այսինքնՙ ԺԴԿ-ն թվով չորրորդ քաղաքական ուժն է, որ «Միասնության» ծրագրերն է իրագործելու գոնե առաջիկա երկու տարվա ընթացքում: Խնդիրն այն է, որ ԺԴԿ-ն այնքան էլ կառչած չի ուզում մնալ շաբլոն դարձած եւ ըստ էության գոյություն չունեցող այդ ծրագրին ու առաջին համագումարում առաջ կքաշի իր ծրագրային հիմնադրույթները: Հուսանք, որ դրանք նույնքան «իրական» չեն լինի, որքան հենց «Միասնության» այսպես կոչված ծրագիրը:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4