ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 1-15-ը «Առաջին հարկ» պատկերասրահում կցուցադրվեն Հայաստանում Իտալիայի հյուպատոս Ջորջիո Մարկոնիի տիկնոջՙ Մառլեն Մարկոնիի չինական վրձնանկար աշխատանքները: Ինչպես նշեց Մառլեն Մարկոնին, ինքը սիրահարված է չինական արվեստին եւ մշակույթին, եւ այդ սերն ունի իր նախապատմությունը:
Մառլեն Մարկոնին ծնունդով Մալթայից է: Նա ի սկզբանե հետաքրքրվել է գրաֆիկական արվեստով: Ամուսնու հետ ամբողջ աշխարհով ճանապարհորդելով եւ տարիներ շարունակ տարբեր երկրներում աշխատելովՙ Մառլեն Մարկոնին ուսումնասիրել է տարբեր մշակույթներ: Հիմնական ազդեցությունը նրա վրա թողել են Պեկինում, Հոն-կոնգում, Հանոյում եւ Մալայզիայում ապրած տարիները: Հանոյում նա ավարտել է «Վիետնամական արվեստների եւ արհեստների» քոլեջը, որտեղ սովորել է նկարել մետաքսի վրա: Այստեղ էլ ձեւավորվել է լաքային գեղանկարչության հանդեպ նրա սերը:
Կուալա-Լամպուրում փնտրելով չինական վրձնի գեղանկարչության լավագույն ուսուցչին, նա աշակերտել է «Չինական վրձնի գեղանկարչության ընկերության» նախագահ, նշանավոր նկարիչ Չոնգ Չեն Չուանին: