ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւան» կինոստուդիայի տնօրեն, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Պիեռլեկինո կամ օդից թեթեւ» ֆիլմը վերջին տասնօրյակում մասնակցել է միանգամից երկու միջազգային կինոփառատոների: 2000 թվականին «Երեւան» ստուդիայում նկարահանված այդ ֆիլմը Ստամբուլի «Կինոեմատոգրաֆիայի հիմնադրամի» կողմից կազմակերպված փառատոնում արժանացել է մրցատյանի հատուկ մրցանակի, իսկ դրանից մի քանի օր անց, Բելառուսի մայրաքաղաքում, «Լիստապադ-2001» կինոփառատոնում ստացել «Կինոյի մոգություն» մրցանակը:
Ինչպես նշեց Տ. Խզմալյանը, ֆիլմը Ստամբուլի ամենամյա փառատոնին մասնակցել է թուրքական կողմի հրավերով: Այստեղ ներկայացվել են 36 երկրների (հիմնականում եվրոպական) 120 կինոֆիլմեր: Իսկ Մինսկի ամենամյա (արդեն 8-րդ) փառատոնն անցկացվել է ԱՊՀ եւ Բալթյան երկրների մասնակցությամբ, ընդհանուր թվով ցուցադրվել են 8 երկրների 16 ֆիլմեր, որոնցից 9-ը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունը: Դրանց թվում է եղել նաեւ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի նկարահանած կինոնկարը: