«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2001-11-30 | #221, 2001-12-01 | #222, 2001-12-04


ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Ռիշար Կալինոսկու «Գազանը լուսնի վրա» պիեսը կբեմադրվի Երեւանի «Մետրո» թատրոնում

Ամերիկացի թատերագիր Ռիշար Կալինոսկու բազմաթիվ մրցանակների արժանացած «Գազանը լուսնի վրա» պիեսիՙ ռեժիսոր Իրեն Բրուքի բեմադրությունն այս տարի Փարիզի «Մարինյի» թատրոնում միանգամից արժանացավ Մոլիերի հինգ մրցանակների, որին «Ազգը» անդրադարձել է ժամանակին: Պիեսի նյութը, որ 1915 թ. Հայոց մեծ ողբերգությունից մազապուրծ վերապրողների հետագա ճակատագիրն էՙ արդեն անհայրենիք, օտարական, ուծացման վտանգի մեջ, ինքնության պահպանման տագնապներով, ազգապահպանման բնազդներով, պետք է հետաքրքրեր նաեւ հայ բեմադրիչներին, հատկապես որ պիեսը բեմադրվել է շատ երկրներումՙ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ ունեցել է հաջողություններ: Տեղեկացնենք, որ դեկտեմբերի սկզբներին հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու լեհ թատերագրի պիեսի բեմադրմանը Երեւանի «Մետրո» թատրոնում: Բեմադրիչը Նիկոլայ Ծատուրյանն է, նկարչական եւ երաժշտական ձեւավորումները կատարել են Գարեգին Եվանգուլյանը եւ Ավետիս Բերբերյանը, Սեդայի, Արամի, երեխայի եւ հեղինակի դերակատարներն են Կարինե Եսայանը, Լեւոն Հարությունյանը, Պարոն Պարոնյանը, Կարեն Ջանիբեկյանը:

Դեռեւս երեք տարի առաջ Հալեպում Նիկոլայ Ծատուրյանին առաջարկվել է բեմադրել այս պիեսը, սակայն Հայաստանում մշակութային որեւէ նոր հղացում իրագործելու այսօրվա դժվարությունները հայտնի են, եւ հնարավորություն չի եղել պիեսը բեմականացնելու: Միայն վերջերսՙ մշակույթի նախարարի բարեհաճ վերաբերմունքի (ֆինանսական որոշակի օգնության) շնորհիվ բեմադրիչը կարողացել է կազմակերպել ներկայացման աշխատանքները, որ սկսվել են մեկ ամիս առաջ:

Մեր զրույցի ընթացքում պրն Ծատուրյանը խոսեց այն փոփոխությունների մասին, որ պիեսում կատարվել են իր միջամտությամբՙ որոշակի նպատակով եւ ասելիքով: Փոփոխությունները կատարվել ենՙ հաշվի առնելով հանդիսատեսի մենթալիտետը, այսօրվա հայաստանցու հոգեբանությունը, սրանով նաեւ արդիականացնելով պիեսը սոցիալական սուր հնչեղությամբ: Պիեսը թեեւ շահել է բազմաթիվ մրցանակներ, բայց, ըստ հայ բեմադրիչի, ունի թույլ կառուցվածք. «Ֆրանսիայում, նաեւ Ռուսաստանում կարող են երկար լսել պիեսը, բայց մեզ մոտ դժվար է հանդիսատեսին լսել տալը, ուստի եւ որոշ տեսարաններ միացվել են: Նա պիտի տեսնի: Սա ներքին հոգեբանական ներկայացում է: Ես աշխատում եմ հասնել այնպիսի ճշմարտության, որ հանդիսատեսը մոռանա, թե թատրոնում է, եւ դա հիմնականումՙ դերասանների շատ հավաստի խաղով:

Ներկայացման մեջ երեւում են այնպիսի հոսանքներ, որոնք պիեսում կան, բայց ենթատեքստային են, թաքնված: Աշխատում եմ դրանք այնպես բացել, որ չդառնան ճակատային, բայց բավականին ընթեռնելի լինեն: Ինձ համար շատ կարեւոր է միզանսցենը: Խոսքերը, թեկուզ շատ գեղեցիկ, չեն կարող լինել այնքան ազդեցիկ, որքան գործողությունները, արարքները: Պիեսում սենտիմենտալություն կա: Եվրոպայում, ԱՄՆ-ում սիրում են սենտիմենտալություն: Ես քաղցրություն չեմ սիրում: Դաժանացրել եմ, որը կա պիեսում, եւ մեր իրականությունն ավելի դաժան է, քան ֆրանսիականը: Ես իրավունք ունեմ ներսում ավելի խիստ լեզվով խոսելու, հայը հայի մասին իրավունք ունի մի քիչ դաժան գտնվելու: Նույն ողբերգության միջով անցած երկու մարդիկ տարբեր ճանապարհներ են ընտրում: Կինը ուզում է երեխա որդեգրել եւ կյանքը շարունակել, իսկ տղամարդը չարացել է: Ընտանեկան լուսանկարում եղածների գլուխներն է կտրել: Այս ընտանիքում սեր չկա, կա միայն ազգը շարունակելու միտում: Եվ նրանք չեն կարող երջանիկ նկարվել, իտալացի երեխային որդեգրելովՙ ազգն ինչպե՞ս է շարունակվելու: Ես ֆինալը միշտ ուշ եմ հավաքում եւ դեռ չգիտեմ էլՙ ուր է տանելու ինձ ներկայացման տրամաբանությունը:

Որոշ տեքստային փոփոխություններ եմ կատարել: Կալինոսկու երեխան խոսում է շատ գեղեցիկ լեզվով, այնինչ աղբարկղներն էր քչփորում: Ես բերել եմ փողոցի տղա, գավրոշ, որ խոսում է կենդանի լեզվով եւ շատ ավելի անմիջական է: Ընդհանուր կարծրատիպերը քանդել եմ, բայց ոչ միտումնավոր: Արարքի մոտիվիզացիան շատ հստակ պիտի լինի, որ համոզի ինձ»:

- Գթասրտություն դաժանության մեջ էլ կարելի է գտնել...

- Մեր այսօրվա հետ հաստատ ընդհանուր բան կգտնի հանդիսատեսը: Պիեսն ասելիք ունի այսօրվա հայ մարդուն: Ներկայացման ավարտն ուղղակիորեն առնչվում է արտագաղթի հետ, որ միշտ եղել է: Գաղթելը դառնում է հայի ազգային տրադիցիա, եւ պատճառը Եղեռնն է,- այս կարծիքին են դերասաններըՙ Լեւոն Հարությունյանը եւ Կարինե Եսայանը:

- Իմ ֆինալում ամեն ինչ քանդվում է, ինչպես իրականության մեջ հայն իր գաղթականությանը վերջ չի տալիս, այնպես էլ ներկայացման մեջ: Ամերիկայում էլ տեղ չի գտնում հայ մարդը, ամեն ինչ հավաքում ու հեռանում է: Այդպես, օտար վայրերում ստեղծում, կառուցում, շենացնում է ու ... հեռանում,- ասում է Նիկոլայ Ծատուրյանը:

Ո՞ւր է գնում հայը, ի՞նչ է որոնում: Մնացյալը, հանդիսատեսինՙ ներկայացումից առաջ եւ հետո...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4