ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ Բուխարեստում աշխատանքն է ավարտել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, որը դժգոհություն է հայտնել ղարաբաղյան հարցի լուծման ասպարեզում ձեռք բերված արդյունքներիցՙ չնայած Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող միջնորդությանը:
Ադրբեջանական «525-րդ» թերթը հաղորդում է, որ «Օլայլար» գործակալության հետ հեռախոսազրույցի ընթացքում խորհրդի աշխատանքներին մասնակցող Վիլայաթ Գուլիեւը հայտնել է, որ հանդիպումներ է ունեցել Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինայի, Շվեյցարիայի եւ Ավստրիայի իր գործընկերների, Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի տնօրեն Ժերար Շտուդմանի, ինչպես նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ: Հանդիպումների ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել է ղարաբաղյան հարցը, Ադրբեջանում մարդու իրավունքների եւ մամուլի ազատության վիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններ: Երեկ Վիլայաթ Գուլիեւը ելույթ է ունեցել սեպտեմբերի 11-ից հետո ահաբեկչության դեմ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի, հայ-ադրբեջանական հակամարտության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած աշխատանքի վերաբերյալ:
«Տրենդ» գործակալության հաղորդման համաձայն, նախարարների խորհրդին մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ղարաբաղյան հարցը պետք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծվի, միեւնույն ժամանակ արձանագրելով, որ այսօր հարցը դեռեւս շատ հեռու է վերջնական լուծումից:
Անդրադառնալով Վրաստանին, Իսմայիլ Ջեմը հայտնել է, որ Թուրքիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը եւ խիստ անհանգստացած է այդ երկրում ծավալվող իրադարձություններով: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրության օգնությամբ հնարավոր է լինելու լուծել այդ խնդիրները Վրաստանում:
Հունաստանի արտգործնախարար Գեորգիոս Սավվաիդեսը իր ելույթում նշել է, որ տարածաշրջանում կայունության կարելի է հասնել միայն կարգավորելով Հայաստանի եւ Թուրքիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ եղած խնդիրները:
Չնայած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը դժգոհ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռք բերված արդյունքներից, այսուհանդերձ, եզրափակիչ հայտարարության մեջ ողջունել է կողմերի միջեւ զինադադարի պահպանումը եւ կոչ է արել ակտիվացնել ջանքերը խնդրի լուծմանը շութափույթ հասնելու համար: