Կալիֆոռնիայում լույս տեսնող ամերիկյան թերթերը, գլխավորությամբ «Լոս Անջելես թայմսի», երեկ հաղորդեցին դաշնային դատարանում New York Life Insurance Co. ապահովագրական ընկերության նկատմամբ հայերի տարած հաղթանակի մասին: Ինչպես հայտնի է «Ազգ»-ի ընթերցողներին, Լոս Անջելեսից Վարդգես Եղիայանի իրավաբանական գրասենյակը դատական հայց էր ներկայացրել ամերիկյան դատարանին 1915 թ.-ի ցեղասպանության զոհերից ոմանց նյութական իրավունքները նրանց ժառանգներին փոխհատուցելու պահանջով: 1895-ից մինչեւ 1915 թ.-ը այդ հայերը Թուրքիայում կյանքի ապահովագրության մուծումներ էին արել ամերիկյան ու եվրոպական մի շարք ընկերությունների, այդ թվում վերոհիշյալ ապահովագրական ընկերության մոտ, ինչը մոռացության էր տրվել վերջինիս կողմից: Գործի հարուցումից հետո ընկերության փաստաբանները պահանջել էին դատը տեղափոխել Փարիզ կամ Լոնդոնՙ նկատի ունենալով, որ ապահովագրությունները կատարվել էին ֆրանսիական ֆրանկով կամ անգլիական ֆունտ ստեռլինգով: Ֆեդերալ դատավոր Քրիստինա Ա. Շնայդերը նախորդ օրը մերժել է այդ պահանջը եւ որոշել, որ դատը շարունակվելու է Մ. Նահանգներում, որտեղ զոհերի ժառանգորդներից շատերն են ապրում: Վարդգես Եղիայանը պահանջում է առնվազն 687 մլն դոլարի հատուցում կատարել զոհերի ժառանգորդներին: