Գալուստյանի պաշտոնից ազատվելը բացատրվեց հետագա բարեփոխումներում կաշկանդվածությունը թուլացնելով
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Էներգետիկ ոլորտում կատարված կադրային փոփոխությունները, բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման ձախողման եւ «Հայմամուլում» նախատեսվող կարգավիճակային փոփոխության խնդիրները որոշակի պարզաբանումների կարիք էին զգում, որոնց երեկ փորձեց անդրադառնալ հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խորհրդարանում: Թե որքանով պարզություն մտցվեց այդ խնդիրներում, կարելի է դատել լրագրողների հարցերին նրա պատասխանների մակերեսայնությունից:
- Պրն վարչապետ, կադրային փոփոխությունները շարունակություն ունենալո՞ւ են:
- Կադրային փոփոխություններ, միշտ էլ ասել եմ, հնարավոր է լինեն, բայց ե՞րբ եւ ովքե՞ր, կիմանաք միայն փոփոխություններից հետո:
- Մոտ ժամանակներս, ասենք, առաջիկա մեկ ամսվա ընթացքում նոր փոփոխություններ սպասվո՞ւմ են:
- Մոտ ժամանակներս ասվածը շատ հարաբերական է, իսկ մեկ ամսվա կտրվածքովՙ դեռեւս պարզ չէ:
- Բաշխիչ էլցանցերի սեփականաշնորհման տապալումից հետո դրանց հանդեպ նոր քաղաքականությո՞ւն է տարվելու եւ ի՞նչ եք պատրաստվում անել դրանց հետ:
- Մենք, ըստ ամենայնի, կգնանք հավատարմագրային կառավարման ճանապարհով: Մինչեւ ամսվա վերջ որոշում կկայացվի, եւ համակարգում բարեփոխումների գործընթացը կշարունակվի:
- Ինչո՞վ եք բացատրում Կարեն Գալուստյանին էներգետիկայի նախարարի պաշտոնից ազատելը:
- Ես նախորդ օրն իր հետ խոսել եմ: Նոր փուլ ենք մտել, ոլորտում պետք է բարեփոխումներ կատարվեն, որոնք վերաբերում են եւ բաշխիչ ցանցերին, եւ մնացած կառույցներինՙ ապարատի կենտրոնական եւ ենթակա կառույցներում: Բնական է, որ պետք էր նոր մարդՙ նոր հայացքներով այդ գործի մեջ մտնելու համար: Իհարկե, Գալուստյանը նախապատրաստել էր այդ ծրագրերը, ակտիվ մասնակցություն էր ունեցել, բայց նախորդ տարիների սեփականաշնորհման ոլորտում կատարվածը որոշակի կաշկանդվածություն կարող էր ստեղծել բարեփոխումների ընթացքում:
- Պրն վարչապետ, կառավարությանը մեղադրում են տպագիր լրատվամիջոցների կրճատման մեջ:
- Թերթերի միջոցները չեն կրճատվել: Սուբսիդիաները, որոնք նախատեսված էին, դրված են բյուջեում, ուղղակի առաջարկություն եղավ նախարարությունից ավելացած արժեքի հարկի արտոնությունից զրկելու կապակցությամբ: Ամեն դեպքում արտոնությունը պահպանվում է: Ինչ վերաբերում է մամուլի շենքի հետ կապված մամուլում բարձրացված աղմուկին, այն հիմքեր չունի: Մենք խստացումների չենք գնալու, ընդհակառակը, միշտ քննարկել ենք, թե ինչո՞վ կարող ենք լրատվամիջոցներին օգնել: Ուղղակի որոշ լրատվամիջոցներ, տեսնելով, որ կառավարությունը գնում է դրական քայլերի, մեր մերժած ինչ-որ տարբերակներ սկսում են քննարկել, որը իրականությանը չի համապատասխանում:
- Սակայն մտահոգություններ կան նաեւ «Հայմամուլի» սեփականաշնորհման հետ կապված:
- Հարկավոր է նախկին դրվածքից հրաժարվել: Ազատ մամուլը կա եւ հարմարվել է շուկայական հարաբերություններին: Անհրաժեշտ է մամուլի արտադրանքի իրացումն էլ բերել շուկայական հարաբերությունների մակարդակ, եւ ազատ մրցակցության դաշտում կայացած մամուլը փորձի աշխատել: Դա կօգնի ոչ թե ինչ-որ սոցիոլոգիական հարցումներով պարզել, թե որ թերթն ինչպիսի շուկա ունի, այլ շուկան ինքը ներկայացնի այդ հարաբերակցությունը: Եթե որոշակի դժվարություններ լինեն, կառավարությունը կանդրադառնա մամուլի տարածման խնդիրներին:
- Գալուստյանին նոր աշխատանք առաջարկվե՞լ է:
- Գալուստյանի հետ ինքս եմ զրուցել: Սխալ տեղեկատվություն գնաց, թե նա նախ նախագահական է գնացել, նոր իմացել ազատվելու մասին: Կեսօրին նրան խորհրդակցության ընդմիջմանը հրավիրեցի ինձ մոտ եւ տեղյակ պահեցի, որ հրամանը լինելու է եւ երեկոյան ներկայացվելու է: Նրան ասել ենք, որ կառավարությունը եւ ես ինքս պատրաստ ենք քննարկելու իր հետ իր հետագա աշխատանքի ոլորտը: Նա որոշ ժամանակ է խնդրել հանգստանալու, նոր այդ հարցը կքննարկվի: