«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2001-12-01 | #222, 2001-12-04 | #224, 2001-12-06


ՁԿՆԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Բնապահպանության նախարարի հրամանով նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 25-ը Սեւանա լճում արգելված է սիգի եւ իշխանի որսըՙ կապված ձվադրման շրջանի հետ: Սակայն փողոցներում, շուկայամերձ տարածքներում սիգ եւ իշխան ձկների վաճառքը շարունակվում է: Պարզելու համար, թե ձկնագողերին հայտնաբերելու ինչ միջոցներ են կիրառվում, դիմեցի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին, որն էլ ասաց հետեւյալը. «Մեր ստուգումներն ընթանում են հետեւողական: Հնարավոր չէ իսպառ բացառել ձկնագողության դեպքերը, սակայն այն միջոցառումները, որ իրագործում ենք, հստակ արդյունքներ են տվել: Վերջին երկու օրերի ընթացքում մոտ 80-90 հազար ձուկ է բռնագրավվել եւ հատկացվել մանկատներին, ծերանոցներին»: Բացահայտված խախտումների եւ ձկնագողության կապակցությամբ հարուցվել են յոթ քրեական գործեր: Վերահսկողությունը մշտապես իրականացնում են բնապահպանության նախարարությունը, մարզային վերահսկիչները ոստիկանության հետ: Վերջին շաբաթվա ընթացքում արդեն բռնագրավվել է մոտ 100 հազար ձուկ:

Պրն Այվազյանը փողոցներում վաճառվող սիգ եւ իշխան ձկների առկայությունը բացատրեց նրանով, որ արհեստական ջրամբարներում եւ լճերում բուծվող ձկնատեսակների համար կա հատուկ թույլտվություն, եւ վաճառվող ձկները հենց այդ տարածքներից են: Հուսանք, որ նախարարի պարզաբանումն իրական է:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4