«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2001-12-01 | #222, 2001-12-04 | #224, 2001-12-06


ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԱՆԳԼԵՐԵՆ ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայ գրականության օտար լեզուներով թարգմանությունների շարքը համալրվեց մի նոր աշխատությամբ: Երեւանի «Վեմ» հրատարակչությունը վերջերս լույս ընծայեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանն» պոեմը անգլերենՙ Թոմաս Սամուելյանի թարգմանությամբ, առաջաբանով եւ ծանոթագրություններով:

Անշուշտ, Հայաստանի քրիստոնեության ընդունման 1700-ամյա հոբելյանով կարելի է բացատրել այն իրողությունը, որ վերջին տարիներին Նարեկը կրկին գրավեց տարբեր լեզուներով թարգմանիչների ուշադրությունը: Նարեկացու գլուխգործոցը վերջին երկու տարում հնչեց իտալերենՙ հայր Լեւոն Զեքիյանի, ֆրանսերենՙ Ժան Պիեռ եւ Աննի Մահեների թարգմանությամբ: Այս տարի Երեւանում լույս տեսավ Խաչատուր Խաչատրյանի անգլերեն թարգմանությունըՙ «Տխրության գիրք» խորագրով. թարգմանական ընթացքի մեջ են Ողբերգության մատյանն իսպաներենով (թարգմանիչՙ Հակոբ Կյուլլուճյան) եւ մի երրորդՙ անգլերեն թարգմանություն, որ կատարում է Ջեյմս Ռասելը:

Ներկայացվող գիրքը կրում է «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո» վերնագիրը եւ «Սուրբ Գրիգոր Նարեկացու հայերեն աղոթագիրքը» ենթավերնագիրը: Դժվար է գերագնահատել հայ միջնադարյան գլուխգործոցի անգլերեն թարգմանության նշանակությունը, որի առկայությամբ համաշխարհային ընթերցողը կարող է ամբողջությամբ հաղորդակցվել հազարամյա այդ մատյանի երբեք չթուլացող զորությանը: Դժվար է գերագնահատել թարգմանչիՙ Թոմաս Սամուելյանի աշխատասիրությունը, որ մի քանի տարի շարունակ տքնել է Նարեկի հարստագույն լեզուն անգլերենի վերածելու բարդ եւ շնորհակալ գործի վրա: Նշենք, որ թարգմանությունը կատարվել է «Մատյան ողբերգության» 1985-ին հրատարակված քննական բնագրից եւ ոչ բանաստեղծական ընտրանիներից, այնպես որ սույն թարգմանությունը գեղարվեստականի հետ մեկտեղ նաեւ գիտական արժեք է ստանում: Ի դեպ, թարգմանության գեղարվեստական խմբագիրն է ամերիկահայ անգլիագիր ճանաչված բանաստեղծուհի Դայանա Տեր-Հովհաննիսյանը, որի հայ պոեզիայից կատարած թարգմանությունները հանրածանոթ են:

Գիրքը շահեկան է նաեւ նրանով, որ երկլեզու հրատարակություն է, գրաբար եւ անգլերեն շարադրանքները տրված են կողք կողքի եւ ընթերցողը կարող է համեմատելով կարդալ: Թարգմանիչըՙ Թոմաս Սամուելյանը, գրքի առաջաբանում համակողմանիորեն ներկայացրել է հայ միջնադարյան քերթության սրբացված հանճար Գրիգոր Նարեկացուն, Նարեկի տեղը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա բացառիկ գրական եւ հասարակական արժեքը որպես մարմնի եւ հոգու դարման, որպես մարդու զարմանքի, վախի, երախտիքի, ափսոսանքի եւ կարոտի թարգման, որպես Աստծուն մերձենալու անհասանելի տենչ եւ քրիստոնեական աշխարհայացք:

Թոմաս Սամուելյանը լեզվաբանություն է ուսանել Փենսիլվանիայի համալսարանում եւ իրավաբանությունՙ Հարվարդի իրավունքի դպրոցում: Նա հին եւ նոր հայերեն է ուսուցանել Փենսիլվանիայի, Կոլումբիա համալսարաններում եւ Սուրբ Ներսես ճեմարանում: Սամուելյանը հեղինակ է անգլերեն լեզվով մի շարք գրքերի, հոդվածների եւ թարգմանությունների, ինչպես «Ժամանակակից արեւմտահայերենի դասընթաց», Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցի» վերապատմումը, Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» վիպերգի թարգմանությունը, ինչպես նաեւ «Հայոց ծագումը. ակնարկ ժամանակակից եւ հին տեսությունների եւ աղբյուրների»: Թոմաս Սամուելյանը 1998-ին տեղափոխվել է Հայաստան, որտեղ ղեկավարում է իրավաբանական մի հաստատություն, շարունակում գիտական գործունեությունը եւ մնում ակտիվ հայ հասարակական եւ եկեղեցական կյանքում:

Արծվի Բախչինյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4