«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2001-12-06 | #225, 2001-12-07 | #226, 2001-12-08


ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ

Ցավի ու տառապանքի օր է՞ր երեկ: Ոչ: Վերապրելու օր: Հայ մարդն արդեն սովորել է ապրելու գիտությունը: Մարդկության պատմությունը հաստատել է հայի ապրելու մշտնջենական կեցվածքը:

- Երբ 1988-ի դեկտեմբերի 8-ին, ահեղ արհավիրքի հաջորդ օրը ես, հազարավոր հայերի պես, աշխատում էի Լենինականում (Գյումրիում), դպրոցի ավերակներում, ինձ համար անչափ դաժան մի տեսարանի ականատես եղա: Կար մի դպրոց քաղաքի կենտրոնում, որոշ պատեր կային: Բայց սարսափելի տեսարան բացվեց իմ առջեւ. դասասենյակի պատը կար, դպրոցի աշակերտների դիակները կային (որոնք մեկ առ մեկ հանում էինք փլատակներից), բայց կանգուն մնացած միակ պատի վրա մնացել էր կախիչը, ուր շարված էին փոքրի՜կ, փոքրիկ վերարկուներ: Երեխաների վերարկուներ: Դա չեմ մոռանա երբեք.

- Իսկ ո՞ր դասարանն էր դա:

Չշարունակեց: Չկարողացավ շարունակել:

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության փոխատենապետ Հարություն Առաքելյանն է պատմողը, մարդ, որը, անկախ ամեն ինչից, անկախ կուսակցության պատկանելությունից, հայ մարդ էր, որ 1988-ի դեկտեմբերի 7-ի հենց հաջորդ օրը Լենինական-Գյումրիում էր, թեեւ ծանոթ-ազգական չուներ այստեղ: Հայ էր, հայի էր փրկում: Ինքն իրեն էր փրկում:

Եվ երեկ, երբ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության անունից պսակ էր դնում 1988-ի զոհերի հիշատակին, իր հետ էր վերցրել նաեւ 10 տարեկան որդուն, որպեսզի իր Վաղարշ որդին ոչինչ չմոռանա, որպեսզի հիշի ապրելու օրերը (հայության ապրած մնացած մյուս օրերը):

ՀՌԱԿ ատենադպիր Գառնիկ Հովակիմյանը Գյումրիում ասաց. «Մենք չենք եկել սգալու, մենք եկել են ոգեկոչելու»: Այսպես, այս կերպ են ապրում հայերը: Եթե չեք հավատում, կարդացեք Սարոյանին, որն ասում է, եթե ավերեք ամեն ինչ, եթե ավերեք նրանց (այսինքնՙ մերՙ հայերիս ամեն ինչը), ապա գոնե հիշողությունն ավերել չեք կարող:

Այս ենք, այսպես ենք ապրելու:

Ապրելու ենք:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4