«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2001-12-06 | #225, 2001-12-07 | #226, 2001-12-08


ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ԱՄԵՆԱՄԵԾ ԽՈՉԸՆԴՈՏԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԵՎԵՌՈՒՄՆ Է ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՎՐԱ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությունըՙ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ: Հանդիպման հիմնական թեման Եվրոատլանտյան տարածաշրջանում առկա անվտանգության խնդիրներն էին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, հանդիպման ընթացքում իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը հիմնականում անդրադարձել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը եւ դրա հետեւանքներին մեր տարածաշրջանի համար, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին:

Խոսելով սեպտեմբերի 11-ի իրադարձությունների մասին, նախարար Օսկանյանը նշել է, որ դրանց հաջորդած ամենակարեւոր փոփոխություններից մեկը սառը-պատերազմյան մտածողության վերացումն էր, որն իր արտացոլումն է գտել նաեւ ռուս-ամերիկյան հարաբերություններում: Հայաստանը ողջունում է այդ զարգացումը, քանի որ այն մեր տարածաշրջանում նվազեցնում է լարվածությունը եւ հնարավոր բեւեռացումը: Այդ իրադարձությունների հետեւանքով նորովի է արժեւորվում Հայաստանի վարած փոխլրացման քաղաքականությունը, որը, թեեւ նախկինում կասկածանքի էր ենթարկվում, այսօր առավել քան արդարացվում է:

Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ նախարար Օսկանյանը նշել է, որ Ադրբեջանի սեւեռումը ինքնավարության գաղափարի վրա ամենամեծ խոչընդոտն է ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այդ գաղափարը ծնունդն է Ստալինի վարած «բաժանիր եւ տիրիր» քաղաքականության, որի հետեւանքով ստեղծված կարգավիճակը ԼՂ-ի համար չուներ որեւէ պատմական նախադեպ: Նախարար Օսկանյանը նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:

ԵԱԳԽ նախարարական հանդիպմանն ընդունվել է 2002-04 թթ. ԵԱԳԽ գործողությունների ծրագիր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4