Ինչպես արդեն հայտնել էինք, Երուսաղեմ էր մեկնել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության պատվիրակությունըՙ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ:
Դեկտեմբերի 5-ին ՀՌԱԿ ներկայացուցիչներն այցելեցին Սրբոց թարգմանչաց վարժարան, ուր հանդիպեցին ուսուցչական կազմի եւ աշակերտության հետ: Ապա կուսակցության ատենապետը հանդիպեց Երուսաղեմում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանի հետ, այցելեցին Մոմջյանի գործարան: Հանդիպմանը մասնակցում էին Ռամկավար Ազատական կուսակցության Երուսաղեմի կազմակերպության ղեկավար Հակոբ Շոհմելյանը, Հայ երիտասարդաց միության ատենապետ Հակոբ Անդրեասյանը, ՀՌԱԿ Երեւան քաղաքի «Այգեստան» ակումբի ատենապետ Արմեն Ստեփանյանը, ՌԱԿ Երուսաղեմի վարչականներ: Նույն օրը տեղի ունեցավ Ռուբեն Միրզախանյանի հանդիպումը Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Զրույցի ընթացքում արծարծվեցին ազգային, եկեղեցական խնդիրներ, հայրենիք-սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր:
Երեկոյան, ի պատիվ հյուրերի, տեղի ունեցավ ընդունելություն Հայ երիտասարդաց միության ակումբում: