«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2001-12-06 | #225, 2001-12-07 | #226, 2001-12-08


ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԱՖԻԱ

Հորինվա՞ծք, թե՞ իրականություն

Բացահայտում առաջին

«Հայաստանի բնական ռեսուրսների թալանը համեմատելի է էներգետիկ մաֆիայի թալանի հետ», 2001 թ.-ի մայիսի 18-ին ասուլիսում հայտարարեց ՀՀ պետական գույքի կառավարման փոխնախարար Վանյա Մխիթարյանը: Իր ուսումնասիրությունների արդյունքում փոխնախարարը, որը զբաղված էր բնական ռեսուրսների կառավարման ոլորտով, պարզել էր, որ Հայաստանում 90-ական թթ.-ից ի վեր կատարված «էկոլոգիական թալանը» հասնում է տարեկան մոտ 50 մլն դոլարի, չկա բնական ռեսուրսների կառավարում, վտանգված է երկրի էկոլոգիական անվտանգությունը: Ոլորտում տիրող անարխիայից, թալանից, անօրինականությունից կառավարությունը ոչ միայն անտեղյակ է, այլ նույնիսկՙ մասնակից: «Բնական ռեսուրսների ոլորտում ավելի մեծ գումարներ են գրպանվում, քան էներգետիկ ոլորտում», հայտարարում էր Վ. Մխիթարյանը: Նա իբրեւ լուծում պահանջում էր կառավարության հրաժարականը (թեեւ շուտով ինքը հրաժարական տվեց), նաեւՙ ստեղծել բնական ռեսուրսների կառավարման կենտրոնացված համակարգ, վարչապետին կամ կառավարությանը կից բնական ռեսուրսների հիմնահարցերի հանձնաժողով ու ազգային ծրագիր:

Նախկին փոխնախարարի սենսացիոն հայտարարություններով, կարելի է ասել, սկսվեց էկոլոգիական ոլորտում բացահայտումների շղթան, որը շարունակվում է մինչ օրս:

Բացահայտում երկրորդ

Հունիսի 13-ին ՀՀ արդյունաբերության ու առեւտրի նախարարի խորհրդական, պրոֆեսոր Ստեփան Բաբայանը հրապարակեց փաստեր արդեն կոնկրետ մի ոլորտիՙ ոչ մետաղական հանքերի (քար, ավազ եւ այլն) շահագործման ու շինանյութերի արտադրության վերաբերյալ: Այստեղի ստվերային շրջանառությունը նա գնահատում էր տարեկան մինչեւ 28-48 մլն դոլար: Նա պարզել էրՙ ոչ մետաղական հանքերի «վայրենի շահագործման» հետեւանքով հանքավայրերի օգտակար հանածոների մոտ 90 տոկոսը դառնում է թափոն: Ինչ վերաբերում է շահագործողներին, ապա դրանց միայն 25-30 տոկոսն է աշխատում օրինական դաշտում: Իր ուսումնասիրությունների արդյունքում Ս. Բաբայանը հայտարարեց, որ քարհանքերի արդյունահանումն ու շինանյութերի ստացումը հանրապետության ամենակլանայնացված ոլորտներից է: Առաջարկվում էր բյուջեից համապատասխան գումարներ հատկացնել (մոտ 20 մլն դրամ) արդյունաբերության ու առեւտրի նախարարության երկրաբանական հետազոտությունների ու մարկշեյդերական չափումների վարչությանը, որպեսզի հանքերի մասնագիտական չափագրող այդ մարմինը տարեկան երկու անգամՙ տարեսզբին ու տարեվերջին, չափի օգտակար հանածոների շարժը:

Բացահայտում երրորդ

Հուլիսի 23-ին ՀՀ բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանով արեց ոչ պակաս սենսացիոն հայտատարություններ ու հաջորդ օրը գնաց «արձակուրդ», բայցՙ մշտական: Իր պաշտոնավարության 9 ամիսների ընթացքում լուռ մնացած նախարարը հանկարծ պաշտոնից ազատվելուց հետո սկսեց հրապարակավ հայտարարել, որ իր իսկ ղեկավարած համակարգում գոյություն ունի մաֆիա («Իմ ազատման պատվեր տվողը մաֆիան է», ասում է նա հարցազրույցում), եւ դա ապացուցելու համար ունի հիմքեր, այդ թվումՙ մի քանի խոշոր չարաշահումների մասին փաստեր: Նույնիսկ որոշ անուններ հրապարակեց, մասնավորապես, բնապահպանության ընդերքի գծով փոխնախարար Կորյուն Հակոբյանի անունը, որի ազատման վերաբերյալ դիմել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, սակայն բացասական պատասխան ստացել: Մի քանի օր անց նախկին նախարարը «Ազգին» տված հարցազրույցում հայտարարեց, որ պատրաստվում է հրավիրել մամուլի ասուլիս ու հրապարակել իր ձեռքի տակ եղած փաստերը, «անուն առ անուն այն 20-25 մարդկանց ցուցակը, որոնցից եթե էս երկիրը չազատվի, երկիր չի դառնա»: «Կգա ժամանակը ու ես կասեմ, թե ո՞վ է գլուխգործոցը դատախազությունում, ովՙ կառավարությունում», խոստանում էր Մուրադյանը, բայց այդպես էլ իր խոստումը չկատարեց, քանի որ շուտով լքեց Հայաստանը: Այդ ժամանակ հրապարակի վրա էր ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար Գագիկ Պողոսյանի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած սպանության «բնապահպանական վարկածը», ըստ որի սպանությունն անմիջականորեն կապվում էր վերահսկողական ծառայության կողմից բնապահպանության ոլորտում կատարված ստուգումների ու բացահայտած չարաշահումների հետ: Գործի նախաքննության ընթացքում ձերբակալվեցին բնապահպանության նախարարության երկրաբանության վարչության պետ Վարդան Ղարագյոզյանն ու նախարարության ձեռնարկություններից մեկիՙ «Կոլչեդան» ՊՓԲԸ-ի տնօրեն Սամվել Մկրտչյանը, որոնք նշանակվել էին Մուրադյանի օրոք: Բայց շուտով նրանք ազատ արձակվեցին:

Նախագահի վերահսկողական ծառայության բացահայտումները

«Ազգին» տված հարցազրույցում (27.07.01) Մուրադ Մուրադյանը ասում էր, որ «էկոլոգիական մաֆիայի» գոյության մասին ժամանակին տեղեկացրել է ՀՀ վարչապետին ու նախագահին: Առաջինը, նրա պնդմամբ, իմանալով այդ մասին, լռել է, իսկ երկրորդը հանձնարարել է իր վերահսկողական ծառայությանըՙ զբաղվել խնդրով, բայց, Մուրադյանի բնորոշմամբ, «վերահսկողական ծառայությունը նոկաուտի մեջ է»: Սակայն Մուրադյանը կարծես թե սխալվել էր «նոկաուտի» հարցում:

Հունիսի 13-ին ՀՀ նախագահի մամլո գրասենյակը տարածեց մի հաղորդագրություն, որում տեղեկացվում է ընդերքի օգտագործման ոլորտում տիրող վիճակի հարցով նախագահի մոտ հրավիրված աշխատանքային խորհրադակցության մասին: Այստեղ հրապարակվել են նախագահի վերահսկողական ծառայության (ՎԾ) կատարած ուսումնասիրությունների արդյունքներըՙ հանքավայրերի մեծ մասի ապօրինի շահագործում, մեծ տոկոս կազմող ստվերային շրջանառություն, պաշարների շարժի ու արդյունահանման մասին տեղեկատվության բացակայություն, շահագործման արտոնագրերի հետ կապված լուրջ խնդիրներ եւ վերջապեսՙ բյուջե չմուտքագրված հսկայական գումարներ: Նույն օրը նախագահը հանձնարարեց գլխավոր դատախազությանըՙ ստուգել ուսումնասիրության արդյունքում արձանագրված փաստերը եւ խստագույնս պատժել մեղավորներին: Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանին հանձնարարվեց ստեղծել աշխատանքային խումբ ու զբաղվել իրավիճակն ուսումնասիրելով ու շտկելով:

Վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները, փաստորեն, սկսվել էին շատ ավելի վաղՙ դեռեւս այս տարեսկզբին: «Ուսումնասիրելով ոլորտը այնպիսի տպավորություն ստացանք, որ այն բացարձակ անուշադրության է մատնված եղել», գնահատում է ՎԾ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը: Մոտ երկու ամսում կատարած ուսումնասիրություններից ՎԾ-ն կազմել է ընդարձակ զեկուցագիրՙ երկու հատորներով, որտեղ ընդհանուր գծերով ու կոնկրետ փաստերով նշված են հայտնաբերած հիմնական թերությունները: Մասնավորապես, պարզվել են մի քանի «պրոցեդուրային», օրենսդրական «տրյուկներ», որոնց արդյունքում էլ ստեղծվել է վերոհիշյալ վիճակը: Օրինակ, պարզվել է, որ 1998 թ.-ից հանք շահագործողները բնավճար են վճարում օգտակար հանածոների ոչ թե արդյունահանված, այլ իրացվող ծավալների դիմաց: Պարզ ասած, մի մարմարի հանքից, ասենք, գերեզմանաքար հանելու համար պայթեցվում է հանքը, փչանում է հանքի մի հսկա շերտ (արդյունահանման բնագավառում Հայաստանը դեռ գտնվում է «քարե դարում»), արդյունքում բնավճար է գանձվում գերեզմանաքարի ծավալի ինչ-որ տոկոսը: Բնավճարների գանձման կարգը, պարզվում է, 1992 թ.-ից մինչ օրս արդեն 5 անգամ փոխվել է, յուրաքանչյուր կառավարություն իր սրբագրումն է կատարել դրանում: Փոփոխությունների թվում ամենահատկանշականը թերեւս 98 թ.-ին ընդունած թիվ 864 որոշումն է (Արմեն Դարբինյանի վարչապետության օրոք), որի կիրառումից, փաստորեն, պետությունը հսկայական վնասներ է կրել: Այսպես, միայն մեկ կազմակերպությանՙ «Ադամանդ Կ»-ի օրինակով (որին պատկանում են «Ջերմուկի» հանքահորերը), մոտ երեք տարիների ընթացքում պետբյուջե է մուտքագրվել տարեկան 20-25 անգամ պակաս գումար: Թե ո՞ւմ «տրյուկն» է եղել այդ փոփոխությունը եւ կամ ո՞վ է շահել դրանից, վերահսկողական ծառայությունում չբացատրեցին:

ՎԾ մատնանշած բացերից մյուսը ընդհանրապես ընդերքի երկրաբանական շարժի մասին ճշգրիտ տեղեկատվության ստացման անհնարինությունն ու բացակայությունն է: Որպես պատճառ մատնանշվում են հաշվարկման սխալ մեխանիզմները: Հանքավայրերում արդյունահանված օգտակար հանածոների ծավալների վերահսկողության ֆունկցիան վերապահված է բնապահպանական պետական տեսչությանը: Այն պետք է հետեւի, թե ինչպե՞ս է կատարվում հանքերի շահագործումը, ստուգի ընկերությունների ներկայացրած հաշվետվությունները իր կողմից կատարված պարբերական մասնագիտական մարշեյդերական ստուգումների արդյունքների հետ, որոնք ներկայացվում են նաեւ պետեկամուտնեի նախարարություն: Սակայն ՎԾ ղեկավարի խորհրդական Քաջիկ Նուրիջանյանի խոսքերովՙ «տեսչությունն հաշվառման այնպիսի մեխանիզմ է ընտրել, որ ոչ մի դեպքում հնարավոր չէ մարկշեյդերական ստուգումների արդյունքները համեմատել շահագործողի ներկայացրած հաշվետվության հետ»: Մի հաշվետվությունն, ասենք, տրվում է հունվարից հունվար, իսկ մյուսըՙ մարտից հուլիս, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ համեմատել:

Վերոհիշյալ ընդհանուր խախտումներից զատ ՎԾ երկու հատորներում կան նաեւ բազմաթիվ կոնկրետ փաստեր: Օրինակ, արտոնագրերի օրինականությունը ստուգելիս հայտնաբերվել է, որ դրանցում բացակայում են հիմքերը, հաշվառումն ու գործավարությունը կատարվել է փնթի, ջնջումներով, կան պակաս փաստաթղթեր, չկա նույնիսկ դրանց ամբողջական ցանկը: Կան նաեւ զավեշտալի փաստեր. օրինակ, արտոնագրեր են տրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության բլանկի վրա, կնքված այդ նախարարության կնիքովՙ 1997 թ.-ի օգոստոսին, այն դեպքում, երբ 1997-ի հունիսին այդ նախարարությունն արդեն լուծարված է եղել:

ՎԾ-ն պարզել է նաեւ պատկերն ըստ հանքերիՙ որքանո՞վ է հանքն օրինական դաշտում աշխատում (ունի՞ լիցենզիա, պայմանագիր, հողհատկացման ու լեռնահատկացման մասին փաստաթղթեր): Օրինակ, Շիրակի մարզի 67 հանքերից միայն 9 են ունեցել վերը նշված բոլոր փաստաթղթերը:

Այսպիսով, 94 թ.-ից ի վեր ոլորտում ստեղծված վիճակը ՎԾ-ում բնորոշում են «փնթի վիճակ, փնթի գործեր»: Ըստ Ք. Նուրիջանյանի, կա երկու ենթադրությունՙ ստեղծված շիլաշփոթը կամ մասնագիտական թերացման արդյունք է, «շատերը տեղյակ չեն եղել ոլորտից, հետեւաբար այն ուշադրությունից դուրս է եղել, իսկ ովքեր որ տիրապետել են ոլորտին, ի չարս են օգտագործել իրենց գիտելիքները», եւ երկրորդ ենթադրությունըՙ շիլաշփոթը հատուկ է ստեղծվել, որպեսզի ով փորձի իմանալ, թե ի՞նչ է կատարվում ոլորտում, գլուխ չհանի: «Եթե ցանկություն լիներ համապատասխան մարմինների կողմից վիճակը շտկելու, ապաՙ կշտկվեր»:

Օրենսդրական շիլաշփոթ

Հուլիսի 20-ին ընդունված թիվ 657 որոշմամբ նախատեսված է վիճակի շտկում: Դրա իրագործումը, նախարար Զադոյանի գլխավորությամբ, դրվել է ոլորտին առնչվող տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների վրա (ՀՀ բնապահպանության, ֆինանսների եւ էկոնոմիկայի, արդարադատության, արդյունաբերության ու առեւտրի, պետական եկամուտների նախարարություններ, մարզպետարաններ, օգտակար հանածոների պետական հանձնաժողով, արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման եւ լեռնային հսկողության վարչություն):

Փաստորեն, կառավարությունն այդ որոշմամբ փորձում է 4 ամսում (հուլիսի 20-ից մինչեւ դեկտեմբերի 25-ըՙ վերջին ժամկետը) անել այն, ինչ չի արվել մոտ 10 տարում: Թիվ 657 որոշմամբ, կարծես թե զրոյից սկսվում է դաշտի կանոնակարգումը. մինչեւ դեկտեմբերի 25-ը պետք է ընդունված լինի «Ընդերքի մասին» նոր օրենսգիրքը, կոնցեսիաների, արդյունաբերական անվտանգության, քրեական, վարչական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքները եւ կառավարության մոտ 15 որոշումներ ու ենթաօրենսդրական ակտեր:

Նախատեսված են նաեւ բազմաթիվ միջոցառումներ, որոնք հիմնականում վերաբերում են ընդերքի մասին տվյալների հավաքագրմանը, ամփոփմանն ու վերլուծությանը: Մասնավորապես, նախատեսվում է ամբողջությամբ փոխել ընդերքի շահագործման իրավունքի տրման կարգը, որն ընդունվել է 94 թ.-ի օգոստոսի 15-ին: Ի դեպ, հենց այդ կարգն էր մատնանշում արդյունաբերության ու առեւտրի նախարարի խորհրդական Ս. Բաբայանըՙ ներկայացանելով ոչ մետաղական հանքերում տիրող վիճակը: Ըստ այդ կարգի, տնտեսվարող սուբյեկտը ընդերքի շահագործման լիցենզիա ստանալու համար պետք է անցնի բազմաթիվ կանգառներով մի երկար ճանապարհՙ ենթարկվելով տարբեր տրամաչափի չինովնիկների, Ս. Բաբայանի խոսքերով, «ռեկետին»: Ահա այդ շղթայի ամենահամառոտ նկարագրությունըՙ տնտեսվարող սուբյեկտը նախապես թույլտվություն է ստանում տեղական իշխանություններից, այնուհետեւՙ երկրաբանական հիմնադրամից տեղեկանք հանքավայրի մասին, այդ տեղեկանքի հիման վրա կազմվում է հանքի նախագիծը (ինչն, ի դեպ, բավական թանկ հաճույք է), հետո դիմում է արդյունաբերության ու առեւտրի նախարարությանըՙ հանքի շահագործման արտոնագիր (լիցենզիա) ստանալու համար, այնուհետեւՙ բնապահպանության նախարարությանըՙ շահագործման մասին պայմանագիր կնքելու, հետո ճանապարհը տանում է դեպի արդյունաբերության անվտանգ շահագործման ու լեռպետհսկողության վարչություն, որը հանքավայրերում տեխնիկայի օգտագործման իրավունքն է տալիս, եւ վերջապես վերջին «կանգառը»ՙ նորից տեղական իշխանություններումՙ հողհատկացում ստանալու: Միայն այս երկար ճանապարհն անցնելուց հետո է տնտեսվարողը դառնում օրինական շահագործող, իսկ քանի որ ոչ բոլորը ցանկություն ունեն այդքան «ներդրումներ» (միջին հաշվով մոտ 10 հազ դոլար) ու ժամանակ ծախսելով դառնալ հանքի մինչեւ 25 տարվա (այդքան է սահմանված կարգի վերջին ժամկետը) շահագործող, անխուսափելի պետք է լիներ այն պատկերը, որ կա: Այսպես, 1994-2000 թթ.-ին սկզբում ֆինանսների ու էկոնոմիկայի, ապա արդյունաբերության ու առեւտրի նախարարության կողմից հանքավայրերի շահագործման համար տրվել է 300 արտոնագիր, սակայն դրանցից միայն 161-ն է պայմանագիր կնքել, 91-ըՙ ստացել լեռպետհսկողության թույլտվություն, 70-80-ըՙ հողհատկացման: Դա նշանակում է, որ արտոնագիր ստացածների 25-30 տոկոսն է հանքերը շահագործում օրինական ձեւով: 657 որոշմամբ նախատեսված է ընդերքի տրամադրման նոր կարգի ընդունումը, ըստ որի ներդրվելու է «մեկ պատուհանի» գաղափարը, այսինքն բոլոր փաստաթղթերը մեկ տեղիցՙ բացառելու համար վերոհիշյալ քաշքշուքն ու կոռուպցիան:

Ըստ բնապահպանության նախարարության ընդերքի վարչության, ընթացքի մեջ են նաեւ մոտ մեկ տասնյակ որոշումներ: Առանց դրանց հնարավոր չէ կիրառել օրենքները: Մասնավորապես, ոլորտի «Մայր օրենքը»ՙ 1991 թ.-ին ընդունված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը, մասնագետների գնահատմամբ, մի կողմից ունի շատ թերություններ, մյուս կողմիցՙ տարիների ընթացքում իրականում չի կիրառվել, քանի որ դրա համար անհրաժեշտ են եղել մոտ երեսուն ենթօրենսդրական ակտեր ու փաստաթղթեր: Մինչդեռ անցած մոտ 10 տարիների ընթացքում ՀՀ իրար հաջորդող կառավարություններն ընդունել են ընդամենը 5 ենթաօրենսդրական ակտ:

Մաֆիայի մասին խոսակցություններըՙ բլե՞ֆ

Թիվ 657 որոշմամբ հուլիսի 20-ից ի վեր Դ. Զադոյանի գլխավորած խումբը իրականացնում է կոնկրետ միջոցառումներ, մասնավորապեսՙ ստուգայցեր մարզեր, հանքեր: Այդ աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտված կարելի է համարել: Ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է մոտ 150 հազ. խորանարդ մետր օգտակար հանածոների թաքցված ծավալ (ինչը մեծ թիվ է, եթե նկատի ունենանք, որ արդյունահանված ու փաստացի ֆիքսված ծավալները կազմում են շուրջ 540 հազ. խմ), դադարեցվել է 72 հանքի գործունեություն, (այսինքնՙ եղածի մոտ 30 տոկոսը, եթե համարենք, որ Հայաստանում կա 559 հաշվառված հանքավայր, որից 238-ն է գործող), հարուցվել է 28 քրեական գործ, որից երկուսը ուղարկվել է դատարան: Դ. Զադոյանի գնահատմամբ, հանքերի հետ կապված աղմուկն ու հրապարակված թվերն ուռճացված են, խոսքն իրականում ոչ թե 40-50 մլն դոլարի, այլ 5-6 մլն-ի մասին է: «Ինձ թվում է, բոլոր դեպքերում թվերն ուռճացված են լինում, սկզբում ոգեւորված ինչ-որ թվեր են ասում, հետո ուսումնասիրում ու պարզում են, որ դա այդպես չէ»: Օրինակ, պարզվել է, որ չկա մի կազմակերպություն, որ հարկայինում գրանցված չլինի, ուղղակի այս կամ այն կազմակերպությունում պակաս է եղել արտոնագիրը, պայմանագիրը եւ այլ փաստաթղթեր: Դրա հետ մեկտեղ, սակայն, պրն Զադոյանը չի ժխտում, որ «400-500 կազմակերպությունների մեծ մասն անօրինական է աշխատում»:

Վերջերս էլ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը մի քանի լրատվամիջոցներին հարցազրույց տալովՙ հայտարարեց, որ ընդերքի շահագործման ոլորտում եղած մաֆիայի մասին խոսակցությունները չափազանցված են:

Այսպիսով, վերոհիշյալ արդյունքներից ու գնահատականներից հետո մնում է հարցնելՙ ուրեմն ի՞նչ, բարձրացված աղմուկն ավելո՞րդ էր, էկոլոգիական թալանի կամ, ինչպես ասում են, մաֆիայի մասին խոսակցություններըՙ բլե՞ֆ: Երբ այդ հարցով դիմեցինք ՎԾ ղեկավարին, վերջինս ասաց. «Մենք թվեր չենք ասել հենց սկզբից, նկատել ենք թերությունները, բացերը, աղաղակող փաստերը, որոնք պարունակում են քրեական պատասխանատվության հատկանիշներ, դրանք ներկայացրել են ուր որ հարկն է: Այդ փաստերն ու օրինակներն արդեն խոսում են իրենց մասին: Իսկ ո՞վ է սահմանել, թե ի՞նչն է աղաղակող, ինչըՙ ոչ: Ես գիտեմ, որ օրենքի խախտումն արդեն աղաղակող թերություն է, իսկ թվերի մասին գնահատականներ չեմ կարող տալ: Դ. Զադոյանի հանձնաժողովի գնահատականները Ֆ. Ցոլակյանը գնահատում է «կոնյունկտուրային»:

Մի քանի խոսուն փաստեր

Վերոհիշյալ թվերով կարելի էր բավարարվել եւ հարցը փակված համարել, եթե չլինեին մի քանի անհամապատասխանություններ ու հարցականներ:

Առաջինՙ

Մարզեր կատարած ստուգայցերի արձանագրություններում հանքավայրերում հայտնաբերված թերությունները, անօրինականություններն ու դատախազություն ուղարկված գործերը շատ ավելի շատ են ու աղաղակող, քան վերջնարդյունքները: Այսպես, միայն Լոռու մարզում հունիսի 22-ին կատարած ստուգայցի ու խորհրդակցության արդյունքում (արձանագրություն թիվ 23-149) մարզի 26 հանքերում առանց բացառության հայտնաբերվել են անօրինականություններ ու թերություններ, գրեթե 25-ի դեպքում արձանագրվել է. «անհապաղ դադարեցնել օգտակար հանածոների ապօրինի արդյունահանումը, պարզել պետությանը հասցված վնասի չափը եւ ապահովել չմուծված գումարների մուտքագրումը պետբյուջե, ձեռնարկել միջոցներ օրինախախտումների համար մեղավոր անձանցՙ օրենքին համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: Ընդ որում, 26 հանքերից 12-ի գործերն ուղարկվել են մարզային դատախազություններ: Եթե այդ մեկ մարզը համարենք տիպային մյուսների համար, ապա ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում պետք է հարուցված լիներ ոչ թե 28 քրգործ, այլ մի քանի անգամ ավելի շատ: Այդ մտահոգությանն ի պատասխան Դ. Զադոյանը նշում է. «Գործն ուղարկել դատախազություն, չի նշանակում անպայման քրեական գործ հարուցել, դատախազությունը նախ ուսումնասիրում է, ապա նոր գործ է հարուցում կամ չի հարուցում»: Բացի այդ, ըստ Դ. Զադոյանի ներկայացրած արդյունքների, դատարան է ուղարկվել երկու քրգործ, մինչեռ ըստ ՀՀ գլխավոր դատախազության դեռեւս հոկտեմբերի 15-ի ներկայացրած տվյալների, խոսքը 3 հարուցված քրգործի մասին է: Ենթադրվում է, որ հարուցված գործերի թիվը պետք է մոտ մեկ ամսում ավելացած լիներ, մինչդեռ, կարծես թե հակառակն է ստացվում:

Երկրորդՙ

Ստուգումների հետեւանքով դադարեցվել է 72 հանքի շահագործում, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի վարչության տեղեկանքում կարդում ենք. «Նախարարության հանրապետական բնապահպանական պետական տեսչությունը 20.06.01 մարզերում կատարած վերահսկողական ստուգայցերի հետեւանքով դադարեցրել է 82 հանքավայրի ապօրինի շահագործումը: Սա էլ դեռ քիչ է, վերահսկողական ծառայությունում տեղեկանում ենք, որ Դ. Զադոյանի ստուգայցերի արդյունքների «վրայով անցնելով», մասնավորապես, Արմավիրի ու Կոտայքի մարզերում պարզվել են մի քանի թվային անհամապատասխանություններ: Մասնավորապես, ըստ ցուցակի այցելելով 72 չշահագործվող հանքեր, պարզվել է, որ նշված ոչ բոլոր հանքերն են դադարեցրել շահագործումը եւ շարունակում են աշխատել:

Երրորդՙ

Հուլիսի 20-ից շարունակվում է շահագործման նպատակով հանքավայրերի տրամադրման գործընթացը: Այդ ընթացքում տրվել է ընդերքի շահագործման եւս 31 արտոնագիր, կնքվել է 42 պայմանագիր, նույնքանՙ լեռնահատկացման ակտ: Հարց է առաջանում, եթե ոլորտն ուսումնասիրողների միանշանակ գնահատականներով առկա իրավական դաշտը խիստ թերի է, ինչո՞ւ են շարունակվել վերոհիշյալ գործընթացները: Հնարավոր չէ՞ր մի քանի ամսով դա կանգնեցնելՙ մինչեւ ոլորտի լիակատար կարգավորումը:

Օրինակները կարելի է շարունակել: Այսպես, ոչ մի տեղ չկա Հայաստանի հանքավայրերի ճշգրիտ թիվը, գույքագրման, օգտակար հանածոների ծավալների, բնավճարների մասին եւ այլ կարեւոր տեղեկություններ: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս պետք է ստուգվեր ու վերստուգվեր իրավիճակը, եթե չկա ոլորտի ճշգրիտ ու ամփոփ պատկերը: Ինչպե՞ս կարելի է ստուգել հայտարարված ստվերային շրջանառությունն ու բյուջե չմուտքագրվող գումարի չափը, եթե համապատասխան մարմինները չունեն (կամ էլ ուղղակի չեն հրապարակում): Այսպես, Հայաստանից արտահանվող ոչ մետաղական հանքավայրերի արտադրանք (մասնավորապեսՙ քար) արտահանող կազմակերպությունների, 1997 թ.-ից արտահանված ծավալների ու դրանց դիմաց վճարված տուրքի մասին տեղեկատվություն ստանալու համար մեր հարցմանն ի պատասխան ՀՀ մաքսային պետական կոմիտեն, մատնանշելով ՀՀ մաքսային օրենսգրքի հոդված 16-ի դրույթները, հրաժարվում է տեղեկատվություն տալուց: Նմանապես, պետեկամուտների նախարարությունը բյուջե մուտքագրված բնավճարների մասին մեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում է, որ ՊԵՆ-ը առանձին հանքերի գծովՙ մետաղական եւ ոչ մետաղական, բնավճարների հաշվառում չի իրականացնում, ինչպես նաեւՙ չի կարող հրապարակել այդ ոլորտի հարկատուների ցուցակը: Միայն երկար «հետապնդումներից» հետո փոխնախարար Ա. Ալավերդյանից հնարավոր եղավ տեղեկանալ, որ 2001 թ.-ի նոյեմբերի 1-ին բնական պաշարների օգտագործման դիմաց պետբյուջե վճարը կազմել է մոտ 1 մլրդ 59 մլն դրամՙ անցյալ տարվա 900 մլն-ի դիմաց, այսինքնՙ մոտ 159 մլն-ով ավել է: Դա, սակայն, շատ քիչ բան է ասում, եթե չկա 94 թ.-ից ի վեր մուտքագրված գումարների «դինամիկան» ըստ տարիների, ինչն, ըստ պրն Ալավերդյանի, շատ դժվար գործ է, ստիպված պետք է քրքրել անցյալ տարիների «դավթարները», որովհետեւ չկա համակարգված, ամփոփ տեղեկատվություն:

Ընդհանրապես, առնչվելով այլեւայլ գերատեսչությունների հետ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «Հայաստանի ընդերքում» կատարյալ քաոս է տիրում: Ոլորտին առնչվող մարմինների միջեւ չկա ինֆորմացիայի փոխանակում ու աշխատանքի համակարգում, մի ձեռքը չգիտի, թե ի՞նչ է անում մյուսը: Ոլորտին կատարելապես տիրապետողներին էլ մատների վրա կարելի է հաշվել, ու դա նրանց մենաշնորհն է: Ընդ որում, այդ կարծիքը կրկնվում է մի քանի հարցազրույցներում: Ս. Բաբայանը, օրինակ, համարում է, որ արտոնագրերի տրամադրման կարգը հատուկ է «խուճուճ» ընտրված, որպեսզի ավելի շատ հեշտ լինի «չինովնիկների ռեկետը»:

Որտե՞ղ է թաղված, ի վերջո, շան գլուխը

Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դ. Զադոյանը մատնանշում է նորմալ հսկողության բացակայությունը: «Շան գլուխը թաղված էր հետեւյալում. նույն ստուգողը նախապես, իբրեւ հանքի աշխատող, գնում չափում էր օգտագործված ծավալները, հետո պետությունն այդ նույն մարդուն ուղարկում էր ստուգելու իր իսկ չափածը»: Մոտավորապես նույնն է նաեւ Դ. Զադոյանի տեղակալիՙ Կորյուն Հակոբյանի պարագայում, որն էլ անցյալ տարիներին իր ղեկավարած ոլորտում կատարվածը գնահատում է այսպես... «Ասել, թե այդ ոլորտում գոյություն է ունեցել թալան, խախտումներ, միանշանակ ասեմ, որ այդ ծավալի խախտումներ չտեսա, ուղղակի կան ստվերային որոշ բաներ... Այն բլոկում, որը ես եմ ղեկավարել, աղաղակող բաներ չկան: Կար վերահսկողության բացակայության հարց»: Նա մատնանշում է նույնիսկ հասցեատիրոջըՙ բնապահպանական պետական տեսչությանը: Դեռեւս 1994 թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ երկրի օգտակար հանածոների շարժի ու երկրաբանահետախուզական աշխատանքների վերահսկողության համար ստեղծվում է առանձին իրավաբանական կարգավիճակով մի մարմինՙ երկրաբանամարկշեյդերական վերահսկողության ծառայությունը: 1998 թ.-ին անհայտ պատճառներով (նախարար Գեւորգ Վարդանյանի օրոք, երբ տեսչության պետ էր նշանակվել ներկայիս պետ Նազիկ Ամիրյանըՙ գեներալ Մանվել Գրիգորյանի կինը) այդ ծառայությունը լուծարվում է, ու 53 հոգանոց կազմակերպությունն իր 4 տեսչություններով տարրալուծվում է բնապահպանական պետական տեսչության մեջ: Քանի որ երկրաբանամարկշեյդերական ստուգումը պահանջում է խիստ մասնագիտական մոտեցում, տեսչությունը չէր կարող ստուգել ու վերահսկել շահագործողների պայմանագրային պարտավորությունների կատարումը: «Պատկերացրեք, վերահսկողությունն ապահովվում էր ընդամենը մեկ երկրաբանի եւ չորս մարկշեյդերի կողմից», ասում է Կ. Հակոբյանը: Հետեւաբար ստեղծվել է վերոհիշյալ վիճակը: ՀՀ կառավարությունը վերջերս ընդունել է թիվ 1037 որոշումը, ըստ որի վերականգնվելու է մոտ երեք տարի առաջ լուծարված երկրաբանամարկշեյդերական ծառայությունը: «Իսկ ինչու՞ չեն արվել այդ քայլերը մինչ այդ: Դուք, որպես փոխնախարար, տեղյակ չե՞ք եղել վիճակին» հարցին ի պատասխան նշվեց. «Տեղյակ եմ եղել ու չեմ լռել, պարզապես ընթացք չի տրվել: Շուրջ երեք տարի ու ավելի անընդհատ այդ խնդիրներիՙ անկառավարելիության ու հսկողության բացակայության մասին, 4 վարչապետի եւ 3 նախարարի գրել եմ»: Կ. Հակոբյանի վկայությամբ, իր գրածներին ընթացք չի տրվել, եւ նա ստիպված է եղել մոտ 30 էջանոց զեկուցագիր գրել նախագահի վերահսկողական ծառայությանը, «բավական լուրջ փաստաթղթային փաթեթ», որը երբ խնդրեցինք ցույց տալ, չկարողացավ ցույց տալՙ պատճառաբանելով, թե դա թողել է նախկին աշխատավայրում: Իսկ երբ դիմեցինք ՎԾՙ այդ փաթեթին ծանոթանալու համար, պատասխանեցին, որ Կ. Հակոբյանն իրենց դիմել է այն ժամանակ, երբ ուսումնասիրություններն արդեն ավարտվում էին: Ներկայացրել է ոչ թե «լուրջ փաստաթղթային փաթեթ», այլՙ «ինչ-որ թղթեր»:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պահպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը ստեղծված վիճակը բացատրում է դաշտը կանոնակարգող օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի անհամապատասխանությամբ. «Պետք է վերանայվեն ենթաօրենսդրական ակտերը, որպեսզի պետությունը որպես բացառիկ սեփականատեր կարողանա գործել ոչ թե օրենքների, այլ ենթաօրենսդրական ակտերի մակարդակով»:

Պետեկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանն էլ խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ընդերքի շահագործման պայմանագրերին, հաշվառմանը. «Անհրաժեշտ է ամենից առաջ հաշվառել ռեսուրսը ու նոր, դրա հիման վրաՙ հաշվառվեն ակնկալվող ու ստացվող հարկերը»:

«Շան գլուխը թաղված է շվեյցարական բանկերում», ասում է նախկին փոխնախարար Վանյա Մխիթարյանը, իսկ պրոֆեսոր Բաբայանը մատնանշում է ՀՀ կառավարության 1993 թվականին ընդունած այն որոշումը, ըստ որի սկսվեց պետական սեփականություն հանդիսացող հանքավայրերի շահագործումը մինչեւ 25 տարի ժամկետով մասնավոր տնտեսվարող սուբյեկտներին բաշխելու գործընթացը:

Որտե՞ղ է թաղված, ի վերջո, շան գլուխը: Ամենակարճն ու համարձակը, թերեւս, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի (որի անունը չենք հրապարակում իր խնդրանքով) պատասխանն էր. «Իսկ դուք իմացա՞ք, թե ում են պատկանում հանքերը...»:

Հետեւաբար մեր հետաքննությունը շարունակվելու է:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ, «Հետաքննող լրագրողների ընկերակցություն», home.media.amhetq


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4