ԱՇԳԱԲԱԴ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովը դրական է գնահատում Իրան-Հայաստան գազատարի շինարարության նախագծի իրականացմանը իր երկրի միանալու հնարավորությունը: Այս մասին հաղորդվել է դեկտեմբերի 6-ին Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցերի գծով Իրանի հատուկ ներկայացուցիչ Մեհդի Սաֆարիի հետ Նիյազովի հանդիպման ժամանակ: Էներգետիկական ոլորտում իրանա-թուրքմենական համագործակցության համատեքստում զրուցակիցները քննարկել են թուրքմենական գազը Իրանով Հայաստան փոխադրելու հնարավորությունը: Ներկայումս Թուրքմենստանն ամեն տարի Իրանի հյուսիսային տարածաշրջաններ է մատակարարում մոտ 2 մլրդ. խմ գազ: Ծրագրվում է, որ 2002 թվականին այդ ծավալները կաճեն, որոնց մի մասը կհասնի նաեւ Հայաստան: