Մեր պատմության մեծագույն հոբելյաններից մեկիՙ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության վերջին հնչյունները լսվեցին: Միջոցառումների ժամանակացույցը թվում է, թե հագեցած էր: Ցուցահանդեսներ, համերգներ, հյուրեր, գիտաժողովներ, ծիսակատարություններ, արարողություններ, արարողություններ. Եզակի իրադարձություն, որ առիթ էր ոչ միայն քրիստոնեական աշխարհին ներկայանալու ու ներկայացնելու մեր ժողովրդին իր հնագույն պատմությամբ ու մշակութային անսպառ ժառանգությամբ, այլեւ հաստատելու մեր դարավոր արմատներին արժանապատվորեն պահպանած հավատարմությունը:
Որքանո՞վ հայ ժողովուրդը մասնակցեց այս ամենին, տրվեց տոնական տրամադրությանը, որքանո՞վ անհաղորդ մնացՙ դժվար է ասել: Այսուհանդերձ համոզված ենք, որ ամենից առաջ այս պատմական իրադարձության նշումը պետք էր նախ եւ առաջ մեր ժողովրդին, որտեղ էլ որ նա գտնվեր: Ավելինՙ պիտի հավակնեինք, որ չունենար բազմաթիվ ու բազմատեսակ միջոցառումների բնույթ, այլ լուսավոր անցյալի վերարժեւորման ու նրա փառաբանման ձոն լիներ ու այդպիսին մնար մեր հիշողության մեջ, մեր արձանագրումներում: Բոլոր նախապայմանները, թվում է, ունեինք տոնն իրական ու տեւական դարձնելու համար: Դա իրական փաստն է մեր ժողովրդի կազմավորման ու ձեւավորման հնդեվրոպական ակունքների մասին, հայ մշակույթի ու հոգեւոր հարստության զգացումը մեր պատմական հիշողության մեջ: Փառավոր պատմության հերոսական ու պայծառ, դաժան ու ողբերգական շրջաններից հետո վերապրել, հասնել 21-րդ դար որպես ազատ, անկախ եւ պետականություն ունեցող մի ժողովուրդՙ հպարտության արժանի պատմական փաստ է: Թո՚ղ որ աշխարհասփյուռ, թո՚ղ որ ոչ բազմամիլիոն, թո՚ղ որ պանդուխտ, թո՚ղ որ այսօր հուսահատ ու ոչ երջանիկ: Ամենակարեւորն ունենքՙ երկիր: Մնացածը հուսանք, որ ժամանակի կարոտ խնդիրներ լինեն, ու կշտկենք մեր մեջքը:
Մեզ հույս է պետք ու հավատ: Եվ որպեսզի մի անգամ եւս անցնենք ճակատագրով պարտադրված մեր դժվարին ճանապարհը, հոգեպես կայուն մնանք ու չաղավաղվենքՙ մեզ նաեւ հայ հոգեւոր գործիչներ են պետք: Մեր անցյալի հոգեւոր գործիչների պայծառ օրինակները ստիպում են հուսալ, որ խորհրդային շրջանի մեզ պարտադրված անաստվածության շրջանն ավարտվելու է, եւ մենք հայ եկեղեցու, հոգեւորականության կողքին կունենանք հոգեւորական գործիչներ, որոնք որպես ազգային գործիչներ կծառայեն նաեւ: Եթե դարեր շարունակ մեր եկեղեցին նեցուկ է եղել ժողովրդին, մարտնչել թշնամիների դեմ, հավաքել ու արձանագրել, մեզ հասցրել մեր պատմության ու մշակույթի ժառանգությունը, պետականություն չունեցած երկարաձիգ շրջանում ստանձնել այդ անհնարին ու դժվարագույն պարտականությունը, իրավունք ունենք հուսալու, որ հոգեւորական գործիչների անառարկելիորեն կարեւոր առաքելությունը կշարունակվի մեր ժողովրդի ճակատագրում: Իսկ մենք մեծագույն սպասումներ ունենք այդ գործիչներից: Սփյուռքումՙ մեր հայրենակիցների ուծացման ձգձգումը եւ սիրո բորբոքումը Հայաստան երկրի նկատմամբ, մեր եւ արտերկրի մեր եղբայրների միջեւ օտարացման կանխումը, հյուրընկալ երկրներում մեր ժողովրդին վայել արժանապատվության ու բարի հարաբերությունների ապահովումը: Հայաստանում հոգեւոր գործիչներից ակնկալում ենք նախկին տասնամյակներին ստեղծված եկեղեցու եւ ժողովրդի միջեւ վիհի վերացումը, անողոք պայքարը բոլոր տեսակի աղանդների դեմ, որոնք, առանց բացառության, օտար հետախուզական գործակալությունների ազդեցության արտահայտություններից ենՙ կրոնական ու «բարերարությունների» քողի տակ: Երբ հայ իրականությունում 17-18-րդ դարերում սկսվեց կաթոլիկ եւ ապա ավետարանական եկեղեցիների ներխուժումըՙ շատ որոշակի, հոգեւոր իրականությունից չափազանց հեռու քաղաքական նպատակներ էին հետապնդվում: Օսմանյան կայսրությունում այն ծառայելու էր հայերի միջոցով Եվրոպայի կաթոլիկ տերությունների ազդեցության տարածմանը, Ռուսաստանի մեկուսացմանը: Հիմնվեցին հայ կաթոլիկ եկեղեցիներՙ առիթ տալով հայ ժողովրդի մասնատմանը, թշնամության ու պայքարի երկարաձիգ մթնոլորտ սերմանելով հայ իրականության: մեջ: Հռոմի մի քանի հայ գործակալներ, խաղալով հայ ժողովրդի ի բնե հանդուրժող էության վրա, հաջողեցին կրոնափոխ անել մի լայն հատվածի, անգամ ողջ գաղութի, ինչպիսին էր լեհահայ հարուստ հայ գաղութը: Նույն նպատակը հետապնդելով անգլիական եւ ամերիկյան ավետարանական կենտրոններից ուղարկված միսիոներները սուլթանական կառավարության թույլտվությամբ «բարերարություններով» (նյութական օգնություններ, հիվանդանոցների, դպրոցների, ծերանոցների, որբանոցների, տպարանների հիմնում), հայ երիտասարդներին ամերիկյան եւ եվրոպական ուսումնական հաստատություններում կրթելով եւ նրանց հայաբնակ գավառներում որպես քարոզիչներ օգտագործելով հաջողեցին հայ ժողովրդի մի ստվար հատվածին դեպի բողոքականությանը ձգել, հիմնել եկեղեցիներ եւ ամրապնդել ամերիկյան ազդեցությունը: Սուլթանական կառավարության թողտվությունն ու համագործակցությունը պայմանավորված էր հպատակ քրիստոնյա ժողովուրդներին մասնատված, միմյանց դեմ թշնամացած ու կառավարության դեմ միաձույլ դուրս գալն անհնարին դարձնելու ձգտումներով: Նույն այսօրվա Թուրքիայի մեծապես ամերիկահաճո վիճակի արմատները կապված են վերոհիշյալ դարերում այդ եկեղեցիների ու կրոնական տարբեր ուխտերի բուռն գործունեության հետ: Ցավոք, պիտի խոստովանել, որ միսիոներական այս ներխուժումն առավելապես հաջողություն ունեցավ հայերի շրջանումՙ հաղթելով հոգեւոր գործիչների ու հայ մտավորականության պայքարում: Այլ ժողովուրդների մոտ այն նվազ հաջողությամբ պսակվեց, իսկ հրեաների մոտՙ ինչպես տարբեր ժամանակների միսիոներական գրականությունն է արձանագրումՙ լիակատար ձախողման մատնվեց (ի պատիվ հրեաների):
Այսօր, երբ Հայաստանն անկախ պետականություն ունի, որը հովանավորում է Հայ առաքելական եկեղեցու դրույթները եւ ջերմ հարաբերությունների մեջ է ազգապահպանության իր դարավոր առաքելությունը պատվով կատարած Ս. Էջմիածնի հետՙ անհարիր է հանդուրժողականություն ցուցաբերել մեր ազգը քայքայող կրոնական քողի տակ գործող տարբեր աղանդներին ու եկեղեցիներին: Հեռուստատեսային էկրանները, նույնիսկ հատուկ հեռուստակայանները թաքնված քաղցկեղի նման անտարբեր են մեզ դարձրել հավատուրացության քարոզչության նկատմամբ: Իսկ հավատուրացությունը հայի համար իր ավանդական կրոնից հեռանալն է եւ նույնիսկ Ավետարանն «այլ եկեղեցիների լեզուներով» կարդալը: Հավատուրացությունը հայի համար ազգուրացություն է, քանզի մնացած բոլորի արմատները կապ չունեն հայ ժողովրդի հետ: Եվ հանդուրժողականությունը պետության եւ եկեղեցու կողմից չպիտի վերաճի նրանց հետ քաղաքավարական սիրաբանության, քանզի այս դեպքում կործանարար է, եթե նույնիսկ դժվար նկատելի է: Դեռեւս Կ. Պոլսի հայ պատրիարքներից Հովհաննես Կոլոտ Բաղիշեցին (1678-1741) նոր ձեւավորվող, դեռեւս իր եկեղեցին չունեցող կաթոլիկ հայ համայնքին թույլ էր տալիս իր եկեղեցում արարողություններ կատարելՙ դիվանագիտորեն նրանց չթշնամացնելու եւ հայ ազգային եկեղեցուց չհեռացնելու միտումով: Հանդուրժողականության այս բացառիկ երեւույթի հետ հայ պատրիարքները կարողացել են սուլթանի, անգամ շեյխ ուլ իսլամների միջոցով որոշ չափով կասեցնել հայերի հեռացումը մայր եկեղեցուց: Իսկ այսօ՞ր, երբ մենք ենք մեր երկրի տերը: Հավատուրացության եւ ազգը մասնատող այս դժբախտության դեմ բազմաթիվ կրոնադավանաբանական (հայ եւ օտար, թարգմանական) հրատարակությունների կողքին հաջողության լավագույն գրավական է համարվել հայ հոգեւորականների հայրենասեր, կրթյալ ու ազգային գործիչ լինելու հանգամանքը, որն ակնկալում ենք նաեւ այսօր: Այս պայքարը բարդ է, քանզի բազմաշերտ է եւ կարիքն ունի մեր յուրաքանչյուրիս: Օրհասական դարձած թողտվության դեմ սպասում են, որ բուռն պայքարի դուրս գա մեր եկեղեցին իր հոգեւոր գործիչներով: Փաստվեց, ցավոք, որ նոր կառուցվող եկեղեցիները (երբ այնքան վերականգնման կարոտ եկեղեցական հրաշակերտներ կան փրկելու համար), մասսայական կնունքները, առօրյա ու նույնիսկ տոնական արարողությունները եւ ծիսակատարությունները չեն կանխում հավատուրացությունը: Գիտաժողովներն ու կինոփառատոները դեռ բավականաչափ համոզիչ չեն: Մենք կարիք ունենք ոչ միայն աշխարհիկ, այլեւ հոգեւոր պետական գործիչների: Լավ է այն եկեղեցու հոգեւոր առաջնորդը, որի ժամանակ իր հոգեւորականները ոչ միայն սահմանափակվում են եկեղեցու պատերի մեջ, այլեւ ժողովրդին պիտանի գիտական, կրոնադավանաբանական աշխատություններ են հեղինակում, առանց երկմտելու ժողովրդի հետ երկխոսությունների գնում, ազգային գործիչների վերածվում: Մենք կարիք ունենք հոգեւորական պետական գործիչների, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից եւ դիրքից, ամենապարզ հովվից մինչեւ մեր հոգեւոր բարձրագույն առաջնորդները, որոնք չեն բավականանա ժողովրդին սպասելով միայն եկեղեցիներումՙ Աստծո խոսքը մեզ հասցնելու համար, այլեւ դեպի ժողովուրդը կգնան, կմտնեն մեր ընտանիքները, ի չիք կդարձնեն մեզ այլասերող օտարածին խեղաթյուրումները եւ այնպես կանեն, որ կսպասենք իրենցՙ ակնկալելով նրանց օրհնությունը, հաղորդությունը, կհարգենք նրանց, կսիրենք, կպատկառենք նրանցից, զգոն ու անհանդուրժող կդառնանք ազգուրացության յուրաքանչյուր դեպքի նկատմամբ, հոգեպես նաեւ կվերադառնանք մեր հարազատ եկեղեցու գիրկը, կվերագտնենք մեր իսկական հավատը, որը մեզ հայ է պահում: Այնժամ մենք ուրախ կլինենք բարեկամ լինելու մնացած եկեղեցիների, տարբեր ուխտերի հետ, հարգանքի ու համագործակցության փոխադարձ այցելություններ ու արարողություններ կատարելու, արժանապատվորեն մասնակցելու էկումենիկ (դեռ այսօր էլ մեզ համար աղոտ է հայ եկեղեցու դիրքորոշումն այս առթիվ) իրադարձություններինՙ հանուն բոլոր տեսակի հավատքների ու կրոնների դավանող մարդկանց միջեւ բարեկամության ու խաղաղության:
Այսօր մենք հույժ անհամբեր ենք սպասում մեր 1700-ամյա եկեղեցու գործիչներին:
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու