Նոյեմբերը նշանավորվեց Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուի, Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվաշնեւսկու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիչիրո Մացուրայի Հայաստան այցելություններով: Նորից չկայացած ճանաչվեց բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման տենդերը: Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովը:
1. Շարունակվեց Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուի այցը ՀՀ:
Երեւանում մեկնարկեց ուշուի աշխարհի առաջնությունը:
Լեւոն Մկրտչյանը նշանակվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար:
2. Երեք օրով Հայաստան ժամանեց Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը:
3. Հայաստան այցելեց բրիտանական թագավորական ընտանիքի անդամ դուքս Ռիչարդ Գլոսթերը տիկնոջՙ դքսուհի Բրիջիթ Գլոսթերի հետ:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը դարձավ ռուս-հայկական համալսարանի ռեկտոր:
7-8. ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը Ստրասբուրգում մասնակցեց ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ԵԽ նախարարների կոմիտեի 109-րդ նիստին:
12-16. Մոսկվայում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր:
14-16. Պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվաշնեւսկին: Այցի ավարտին ստորագրվեցին մի շարք երկկողմ փաստաթղթեր:
Նախագահները մասնակցեցին գործարարների հայ-լեհական ժողովի բացման արարողությանը: Լեհաստանի նախագահը հանդիպումներ ունեցավ Ազգային ժողովի, մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբակցությունների եւ խմբերի ղեկավարների հետ: Այցելեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ Երեւանի պետական համալսարան: Ալեքսանդր Կվաշնեւսկին այցելեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպեց Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդի հետ:
14. Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
15. Ելույթ ունենալով Նյու Յորքումՙ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 56-րդ նստաշրջանի նիստում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի եղել անկախ Ադրբեջանի մասը:
15. Ըստ «Ուոլ սթրիթ ջոռնըլ»-ի գնահատականիՙ Հայաստանն ամբողջ ԱՊՀ-ում միակ պետությունն է, որն ունի «հիրավի ազատ տնտեսություն»:
15. Թուրքիան չընդգրկվեց Եվրոպական հանձնաժողովի այն տասը երկրների ցուցակում, որոնք համարվեցին առավել պատրաստված 2004 թվականին Եվրամիությանը անդամակցելու համար:
15. Աշխատանքը վերսկսեց հայկական ատոմակայանը:
16. Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Կարեն Բաբայանը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման:
16-17. ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:
19. Պաշտոնական այցով Երեւան ժամանեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիչիրո Մացուրան:
Վանո Սիրադեղյանը զրկվեց ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատիցՙ նիստերին անհարգելի բացակայությունների պատճառով:
20. Երեւանում կայացավ «Բրաբիոն. ծաղիկների տոն» փառատոնը:
20-22. Երեւանում կայացավ «Վերածնունդ մշակույթով» միջազգային կոնֆերանսը:
23. Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Օրդուեյը հանձնեց իր հավատարմագրերը:
27. Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:
28. Ավարտվեց ՀՀ ֆուտբոլի 10-րդ առաջնությունը: ՀՀ չեմպիոն հոչակվեց Երեւանի «Փյունիկը»:
29. Հայտերի բացակայության պատճառով բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման տենդերը ճանաչվեց չկայացած:
29-30. Մոսկվայում տեղի ունեցան ԱՊՀ 10-ամյակին նվիրված ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների, վարչապետների եւ արտգործնախարարների խորհուրդների նիստերը:
ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Քաղաքական եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն