Վրաստանը կփորձի կառուցողական միջնորդի դեր ստանձնել Ադրբեջանի, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններում
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 11-ին պաշտոնական այցով Երեւան ժամանեց Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ: Ինչպես հայտնեց Ն. Բուրջանաձեն կայարանում իրեն դիմավորող լրագրողներին, սա ոչ միայն իր առաջին պաշտոնական այցն է իբրեւ վրացական խորհրդարանի նախագահ, այլ նաեւ առհասարակ առաջին այցը Հայաստան. «Ցավոք սրտի, ես երբեք նախկինում չեմ եղել այս երկրում եւ շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց օգտվել հրավերից եւ գալ Հայաստան»:
Հայաստանի ընտրությունն իբրեւ այցելության առաջին երկիր վրացական խորհրդարանի նախագահը բացատրեց նրանով, որ Հայաստանը Վրաստանին հարեւան այն երկիրն է, որի հետ հաստատված են «ավանդաբար բարեկամական հարաբերություններ»: Հայտնելով, որ ցանկանում էր Հայաստան գալ դեռեւս այն ժամանակ, երբ միջազգային գործերի խորհրդարանական կոմիտեի նախագահն էր, Նինո Բուրջանաձեն նշեց. «Ձեր խորհրդարանի նախագահի հետ հաստատված են լավ հարաբերություններ եւ ուրախ եմ, որ նա արագ եւ մեծ բարեհաճությամբ արձագանքեց Հայաստան այցելելու իմ ցանկությանը»: Քաղաքական գործչի համար անսովորՙ ժամանումը գնացքով տիկին Բուրջանաձեն բացատրեց «զուտ տեխնիկական պատճառներով»:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի գլխավորած պատվիրակության առաջին հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի, փոխնախագահներ Տիգրան Թորոսյանի, Գագիկ Ասլանյանի, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ էր:
Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին համաձայնագիրը, բարձր մակարդակներով պարբերական հանդիպումները, ըստ ԱԺ նախագահի, իրական նախապայմաններ են հետագա քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության համար: Երկու երկրների համագործակցության մեջ Արմեն Խաչատրյանը մեծ տեղ է հատկացրել խորհրդարաններին, առանձնացնելով միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի դերը:
Նինո Բուրջանաձեն համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս երկու երկրների բարեկամությանը եւ համագործակցությանը ոչինչ չի սպառնում: Շնորհակալություն հայտնելով հայաստանյան կողմին միջազգային կազմակերպություններում Վրաստանին լուրջ աջակցության համար, նա հավաստիացրել է, որ վրացական կողմը իր հերթին ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ներգրավվի «ՏՐԱՍԵԿԱ», «ԻՆՈԳԵՅԹ» եւ այլ տարածաշրջանային ծրագրերում, ինչպես նաեւ կառուցողական միջնորդի դեր կփորձի ստանձնել Ադրբեջանի, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններում:
Վրաց-աբխազական հակամարտության վերաբերյալ տիկին Բուրջանաձեն նշել է, որ շուտով կվերսկսվի բանակցային գործընթացը, եւ հույս է հայտնել, որ կվերաբացվի երկաթուղային ճանապարհըՙ իր գնացքով գալը համարելով այս գործընթացում կատարվող առաջին եւ խորհրդանշական քայլ:
Շոշափվել են առեւտրատնտեսական համագործակցության, համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման, Ջավախքի հայերի սոցիալական, անվտանգության, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրական իրավունքին վերաբերող հարցեր:
Վրաստանի խորհրդարանի պատվիրակության եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը խնդրել է ներկայացնել վերջին քաղաքական իրադարձություններից հետո փոփոխությունները Վրաստանի խորհրդարանում եւ կառավարությունում, Ջավախքից ռուսական ռազմական բազաների դուրս բերման կապակցությամբ հայերի անվտանգության երաշխիքները, վրաց-աբխազական հակամարտության համատեքստում երկաթուղու բացման խնդիրը:
Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Վախթանգ Կոլբայան նշել է, որ Վրաստանում հաղթահարված է քաղաքական ճգնաժամը, շարունակվում է կառավարության ձեւավորման գործընթացը եւ լուրջ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: Նա անհիմն է համարում անհանգստությունը Ջավախքի հայերի անվտանգության շուրջՙ կապված ռուսական ռազմակայանների դուրս բերման հետ, իսկ վրաց-աբխազական երկաթուղու բացման առնչությամբ նույնպես լավատես է եւ գտնում է, որ բանակցային գործընթացի վերսկսման հետ այս խնդիրը իր լուծումը կգտնի: