Անի Աղբաշյանի «Լուռ վկաներ» գիրքը
«Ժողովուրդի մը գոյութիւնն ու հաւերժութիւնը կերաշխաորուին սեփական հողով ու հայրենիքով: Մենքՙ սփիւռքահայերս, շառաւիղը մեր նախնիներուն, ամէն գնով կառչած մնալու ենք մեր ինքնութեան, պահպանելով մեր լեզուն, մշակոյթը, եկեղեցին ու կրօնքը, որովհետեւ կորսնցուցած ենք մեր սեփական հողը, հայրենի օջախը: Ունինք միայն բուռ մը Հայաստան, որուն պահպանումին ի խնդիր, իւրաքանչիւրը գուրգուրալու էՙ սատարելով անոր գոյութեան եւ հզօրացումին»:
Անկեղծ զգացմունքայնությամբ իր տեսակի մեջ ինքնատիպ Անի Աղբաշյանիՙ վերջերս Բեյրութում լույս տեսած «Լուռ վկաներ» գիրքը հեղինակիՙ Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա կատարած տասնմեկօրյա ուղեւորության անմիջական արձագանքն է:
Հայոց մեծ եղեռնը վերապրողների սերունդների եւ ամեն մի հայի համար կորցրած հայրենիքի երազը կարոտից բացի հողի ու արյան կանչ է: Սա հիշողության թելադրանք չէ միայն, կամ հարգանքի տուրք, այն մի ողջ ժողովրդի ենթագիտակցության մեջ ամրակայված վիճակ է, իրողություն, գրանցված փաստ, որ սերնդեսերունդ փոխանցվում է ե՚ւ իբրեւ պահանջ, ե՚ւ հիշողություն, ե՚ւ իբրեւ վրեժ ու հատուցում, եւ գոյելի է այնքան, որքան հայն ինքը: Անի Աղբաշյանի գրքի հերոսները լուռ վկաներն են մեր պատմության եւ պահանջատերը Հայ դատի, դրանք հայոց հնամենի հողում (առայժմ պահպանված) մեր նախնիների ձեռքով ստեղծված տաճարները, եկեղեցիները, վանքերը, բերդերն ու պարիսպներն են: 1915-ի մահաբույր մթնոլորտի այս վկաներն իրենց մեջ ամբարում են շատ ու շատ եղելություններ, եւ այդ զգացողությունները փոխանցելի են ոչ միայն հայի վիրավոր հոգուն, նաեւՙ օտարին:
4.500 կմ ճանապարհ կտրելովՙ տասնամյակների կարոտի անհագուրդ աչքերով հայ ուղեւորները Արեւմտյան Հայաստանում վերապրում են իրենց հայրերի ու պապերի զգացածը, որքան հիանում հայրենի շքեղ բնությամբ, կանաչազարդ, աչք շոյող տեսարաններով, սոճիաշատ անտառներով, անհատնում լեռնաշղթաներով, Արածանիի արծաթափայլ ջրերով, նաեւ հուսահատություն են ապրումՙ տեսնելով հայաթափ նախկին շեն ավանները, պահեստների վերածված եկեղեցիները, թրքերեն կարգախոսները («երանի թուրք ըսողին», «դուք ստեղծեցիք, մենք կվայելենք»), ականատես եղել բացահայտ կեղծիքների:
Զգացմունքայնությամբ հանդերձ այս գիրքն այսօրվա պատմական Հայաստանի ամբողջական մի ինքնատիպ պատկերաշարն է, ուր բարեխղճորեն նկարագրվում են այցելած բոլոր վայրերը, ավանները, քաղաքները: Բացի դրանից հեղինակը հաճախ է պատմական ակնարկ կատարում, արժեքավոր տվյալներ հաղորդում նրանց հեռավոր եւ մոտ անցյալից, աշխարհագրական անցումներ կատարելով: Ահա Նոր Մալաթիան, նախքան Եղեռնը 40.000 բնակչությամբ, կեսը հայեր, որոնց մեծ մասն այժմ բնաջնջված է, մնացածնՙ աքսորյալ: Մարաշըՙ հայկական ոճով կառուցված հնամենի տներով, առանց հայկականության որեւէ հետքի, Մարաշի բերդըՙ զբոսավայրի վերածված: Զեյթունըՙ խարխուլ, կիսաքանդ հայի օջախներով, Խարբերդըՙ նախկինում հայ արհեստավորների ու առեւտրականների քաղաքն իր հռչակավոր Աստվածաբանական ճեմարանով, Ազգային կենտրոնական վարժարանով: Բայց «ափսո՜ս, հազար ափսոս, որ հայ ազգի անցեալի կրօնական, մշակութային սրբութիւններուն հետքն անգամ գտնել չկրցանք»: Թրքաբնակ Կարսըՙ 9-րդ դարի հայոց Աբաս Բագրատունու արքայանիստ քաղաքը, որ «տակաին պահած էր իր վեհութիւնը, Աբաս թագաւորի, սրբատաշ քարերով կառուցած Սբ. Առաքելոց եկեղեցին, մուտքըՙ փակ, կեղտոտ ու ողբալի»: Հրաշագեղ Անինՙ ազգային հպարտություն ներշնչող միջնադարյան հազար ու մեկ եկեղեցիների ոստանըՙ «ջրդեղուած քրիստոնէական հավատքի իր հրաշապատումով, զմայլելի իր անցեալի փառքովն ու երեւոյթովը»:
Հավերժահարսի նմանվող Սիփանը, արարչությամբ անզուգական Նաիրյան երկրի Ռշտունյաց ծովնՙ անպարագիծ մելամաղձոտ տխրությամբ: Անցյալի փառաշուք Տուշպանՙ Վանը, երբեմնի Երվանդունիների մայրաքաղաքը, մշակույթների կենտրոնը: Վասպուրականըՙ նախկին իշխանական նահանգը, հայ հերոսների հեղափոխական պայքարի դարբնոցն այսօր իսպառ հայազերծ, պանդխտացած վանքերով, ավերակ եկեղեցիներով (Սբ. Վարագա, Սբ. Խաչ, Սբ. Կարապետ, Սբ. Աստվածածին), որոնց փլատակների տակ ամայություն է, տեղ-տեղ սփռված այծերի ու ոչխարների հոտով, քրդաբնակ գյուղերի տների խայտաբղետ պատերի վրա հայերեն հստակ արձանագրություններով: Եվ այսպես... շարունակՙ Մուշ, Բիթլիս, Տիգրանակերտ, Սասուն, Տարոն, Ուրֆա, Մուսա լեռ, ուր պատմությունը որեւէ տեղ չի լռումՙ իր տրամաբանությամբ թելադրելով. «Ինչ որ մերն է, պէտք է վերադարձու մեզի», քանզի «հայօրէն շնչող, հայու սեփականութիւնը եղող մեր անգին հողերը որբացած են եւ օտարացած»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ