Նախագահի մամլո ասուլիսըՙ այսօր
Ըստ դեռեւս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, դեկտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Մոսկվայում պրն Քոչարյանը բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Կասիանովի եւ Գազպրոմի ղեկավարության հետ: Երկու պետությունների առաջնորդները հիմնականում կկենտրոնանան երկկողմ տնտեսական համագործակցության հարցերի շուրջ, մասնավորապես նախագահ Պուտինի Հայաստան կատարած վերջին այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Ենթադրելի է, որ նախագահներ Պուտինն ու Քոչարյանը կքննարկեն նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը:
Դեկտեմբերի 19-22-ը ՀՀ նախագահը աշխատանքային այցով կլինի Ճապոնիայում: Ռոբերտ Քոչարյանին կընդունի կայսր Ակիհիտոն, նախատեսվում են ՀՀ նախագահի բանակցությունները Ճապոնիայի վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի հետ:
Դեկտեմբերի 25-27-ը նախագահ Քոչարյանը պաշտոնական այցով կժամանի Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախատեսվում է ՀՀ նախագահի հանդիպումը իրանցի իր պաշտոնակից Մոհամմադ Սեյեդ Խաթամիի հետ: Այս այցը պետք է տեղի ունենար նոյեմբերի 10-12-ը, սակայն հետաձգվել էր ոչ քաղաքական պատճառներով: Նոյեմբերի 10-ին Իրանի նախագահ Խաթամին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթ ունեցավ «Քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով:
Մինչ այդ, այսօր, Արմենպրեսի մամուլի սրահում տեղի կունենա նախագահ Քոչարյանի մամլո ասուլիսը, որը, ըստ մեր ունեցած տվյալների, կկենտրոնանա նոր աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման եւ հարակից հարցերի վրա:
Թ. Հ.