«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2001-12-12 | #229, 2001-12-13 | #230, 2001-12-14


ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ԵՐԲԵՄՆ ՏՀԱՃ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ

Հուսանք, որ «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» դադարեցումը որպես այդպիսին հաճելի կլինի

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Հուլիսի 10-ին Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի հայտարարությամբ տեղեկացնում էր «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» ստեղծման մասին: Հաղորդագրությունը յուրատեսակ անակնկալ էր: Հանձնաժողովի անդամներն իրենց առաջին հանդիպումը հրավիրեցին Ժնեւում, դրան հետեւեց ստամբուլյանը: Ելնելով վերջիններիս հավաստիացումներից, թե Ստամբուլից հետո կհանդիպեն Երեւանում, այնուամենայնիվ 3-րդ հանդիպումը հրավիրվեց Նյու Յորքում: Անակնկալ էր նաեւ սա: Ինչ վերաբերում է համատեղ հայտարարության բացակայությանը, ինչը նախորդ հանդիպումների ավարտին պարտադիր հրապարակվում էր, ապա դա տեղիք էր տվել տարակուսանքի:

Քանի որ հանդիպումները դռնփակ էին անցկացվում, եւ այս պայմաններում հանձնաժողովի գործունեության մասին միակ աղբյուրը դառնում էր համատեղ հայտարարությունը, ուստի դրա բացակայությունը մեզ զրկում էր նյույորքյան հանդիպման մասին որեւէ տեղեկություն ստանալու ամեն մի հնարավորությունից:

«Ազգը» չունենալով նյույորքյան հանդիպման օրակարգում դրված հարցերի եւ դրանց քննարկման արդյունքների մասին տեղեկություններ, նոյեմբերի 24-ի համարում հանդիպմանն անդրադառնալիս բավարարվեց այնպիսի տեղեկություններով, ինչպիսիք «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր հանձնաժողովի անդամներից Անդրանիկ Միհրանյանը:

Նա հավաստիացնում էր, որ իրենք թուրք մասնակիցների հետ լրջորեն քննարկել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն առնչվող մի շարք հարցեր, ապա եւ ավելացնում. «Դրանք կարտացոլվեն համատեղ առաջարկության մեջ»: Հակառակ Միհրանյանի հավաստիացման, հայտարարության բացակայությունը հիմք էր տվել «Ազգին» նախ կասկածի տակ դնել նրա խոսքերի անկեղծությունը, ապա եւ եզրակացնել. «Ուրեմն որքան էլ նա լրջորեն Ցեղասպանության միջազգային ճանաչմանն առնչվող հարցեր քննարկի թուրքական կողմի հետ, ըստ երեւույթին հանձնաժողովի թուրք անդամներն իրենց հետեւողականությամբ ի չիք են դարձրել քննարկումները»:

Հարկ է, սակայն, նշել, որ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» ճակատագրի առումով կարեւորը ոչ այնքան «Ազգի» կասկածներն ու եզրակացությունն էին, որքան դրա հայ ներկայացուցիչների դեկտեմբերի 11-ի հայտարարությունը. «Երեկ մենք տեղեկացանք, որ հանձնաժողովի թուրք անդամները հրահանգել են «Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնին» ձեռնպահ մնալ Հայոց մեծ եղեռնի նկատմամբ 1948 թ. ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի կիրառելիության հարցի քննարկումից: Այս պայմաններում հայ անդամներս, ցավոք, տեղեկացնում ենք, որ «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովը» դադարեցնում է իր գործունեությունը»:

Ուրեմն Միհրանյանը թուրք մասնակիցների հետ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն առնչվող մի շարք հարցեր լրջորեն քննարկելու մասին արտահայտվելիս նկատի ուներ այս պայմանավորվածությունը, ինչը թուրքերը խախտել են: Նրանք դրանով ի չիք են դարձրել քննարկումները, այդ իսկ պատճառով էլ հանդիպման մասնակիցները համատեղ հայտարարություն չեն հրապարակել: Մասնակիցների փոխարեն այդ պարտականությունը ստանձնել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի ամերիկացի դասախոս Դեյվիդ Ֆիլիպսը: Բայցՙ ապարդյուն: Այդ մասին «Ակօսի» դեկտեմբերի 7-ի համարում տեղեկացնում է Թաներ Աքչամը: Նա զարմանքով նշում է, որ «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովը» պատմական խնդիրներ չարծարծելու, 1915 թ. շրջանցելու մասին բազմիցս մատնանշելով հանդերձՙ հանկարծ ճիշտ հակադարձ որոշում է կայացնում, ընդ որում որոշման մասին հայտարարությունը կատարում է հանդիպումները ղեկավարող Դեյվիդ Ֆիլիպսը:

Եթե նյույորքյան հանդիպման մասնակիցների ընդհանուր հայտարարության բացակայությունը մեզ հիմք էր տալիս կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության հարցը թուրք մասնակիցների հետ լրջորեն քննարկելու մասին Միհրանյանի խոսքերի անկեղծությունը, որոշման առնչությամբ Դեյվիդ Ֆիլիպսի հայտարարությունն էլ հիմք պետք է տա, որ մենք կասկածի տակ դնենք «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» գործունեության դադարեցման առնչությամբ հայ անդամների հայտարարության ճշմարտացիությունը:

Այս հանձնաժողովը ստեղծվել էր ԱՄՆ նախաձեռնությամբ, իսկ դրա միտումները թուրքական էին: Հետեւաբար հանձնաժողովի գործունեության դադարեցումն էլ ինքնաբերաբար պայմանավորվում է նախաձեռնողների եւ այդ նախաձեռնության մեջ իրենց միտումների զարգացումը հետապնդողների համատեղ ջանքերով: Այլապես ոչ հանձնաժողովի թուրք մասնակիցները կփորձեին խախտել նյույորքյան հանդիպման Մեծ եղեռնի նկատմամբ 1948 թ. ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի կիրառելիության հարցն ուսումնասիրելու համատեղ պայմանավորվածությունը, ոչ էլ հանդիպման առնչությամբ հայտարարություն կատարելու պարտականություն կստանձներ Ֆիլիպսը: Այլ կերպ, Ֆիլիպսը դրանով հանձնաժողովի թուրք անդամներին ազատել է պատասխանատվությունից: Իսկ վերջիններս պայմանավորվածությունը գիտակցաբար խախտել ենՙ ստիպելու համար հայ մասնակիցներին, որպեսզի նրանք, հրաժարվելով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, դրա գործունեության դադարեցման պատասխանատվությունը բարդեն հայկական կողմի վրա: Համենայն դեպս, հանձնաժողովի գործունեության դադարեցումն էլ էր անակնկալ: Երբեմն քաղաքականության մեջ հաճելի անակնկալները տհաճ հետեւանքներ են ունենում: Հուսանք, որ հանձնաժողովի հարցում այդ անակնկալը հաճելի կլինի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4